Thursday, January 26, 2012

20 քայլ, որով Թուրքիան կարող է վատթարացնել հարաբերությունները Ֆրանսիայի հետ

Tert.am. 25-1-2012- «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի խմբագիր Հարութ Սասունյանը հերթական հոդվածում անդրադառնում է Ֆրանսիայի Սենատում Հայոց ցեղասպանությունը քրեականացնող օրինագծի ընդունմանը և նշում քսան քայլ, որոնք կատարելով, Թուրքիան էլ ավելի կվատացնի իր հարաբերությունները Ֆրանսիայի հետ: «Եկել է ճշմարտության ժամը։ Հետաքրքիր է, թե արդյո՞ք Թուրքիայի ղեկավարները կունենան խիզախություն իրականացնելու իրենց ամպագորգոռ հայտարարությունները: Կցանկանայինք նրանց ուղղել երկու հարց. 1) դուք միայն խոսացողնե՞ր եք և ոչ թե գործ անողնե՞ր, կամ ինչպես ժողովուրդն է ասում, հաչան շունը կծան չի լինում. 2) արդյո՞ք կձեռնարկեք կարճաժամկետ միջոցներ պարզապես ձեր դեմքը փրկելու համար, թե՞ ավելի վճռական քայլերի կդիմեք։ Ի տարբերություն մեկ ամիս առաջվա, Թուրքիայի հասարակությունը այլևս չի բավարարվի դեսպանի հետկանչով, ով ընդամենը երկու շաբաթ հետո նորից հետ է ուղարկվում։ Թուրքերը կարող են նաև շատ տպավորված չլինել վարչապետ Էրդողանի հայտարարությամբ, որ երբեք ոտք չի դնի Փարիզ»,- գրում է Սասունյանը։ Այնուհետև նա նշում է մի քանի հուշում, թե ինչպես թուրքերը կարող են առանց այն էլ վատ իրավիճակն էլ ավելի վատթարացնել։ Ըստ նրա` զայրույթից Թուրքիայի կառավարությունը կարող է ձեռնարկել հակադարձ քայլեր ոչ միայն Ֆրանսիայի, այլև` բոլոր այն երկրների դեմ, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանությունը։ Նման ծայրահեղ, անտրամաբանական և ինքնավնաս գորողությունները միայն կարող են նպաստել Թուրքիայի մեկուսացմանը և կվնասեն նրա սեփական շահերին։ Ըստ Սասունյանի` Թուրքիան կարող է անել հետևյալը. 1) հետ կանչել Ֆրանսիայից Թուրքիայի դեսպանին և նրան հետ չուղարկել մինչև Ֆրանսիան չեղյալ հայտարարի Հայոց ցեղասպանության ճանաչումն ու նոր ընդունված օրինագիծը, 2) վտարել Ֆրանսիայի դեսպանին Թուրքիայից և փակել ֆրանսիական դեսպանատունը, 3) խզել բոլոր տնտեսական, ռազմական, մշակութային և քաղաքական հարաբերությունները Ֆրանսիայի հետ, 4) հավաքել բոլոր ֆրանսիական ապրանքները՝ շոկոլադները և գինիները, Թուրքիայի բոլոր խանութներից և նետել աղբը, ինչպես նաև արգելել կարտոֆիլ ֆրին և ֆրանսիական համբույրը, 5) չեղյալ հայտարարել թուրքական ավիաուղիների չվերթը ֆրանսիական քաղաքներ և թույլ չտալ Էյր Ֆրանսի ինքնաթիռների մուտքը Թուրքիա։ Կիրառել նմանատիպ սահմանափակումներ ֆրանսիական նավերի դեպքում, 6) արգելել թուրքական դպրոցներում ֆրանսերեն լեզվի դասավանդումը և փակել Թուրքայում գործող մասնավոր ֆրանսիական դպրոցները, 7) արգելել բոլոր ֆրանսիական ինտերնետային էջերի օգտագործումը, 8) դադարեցնել Եվրոպական Միություն անդամակցելու Թուրքիայի ջանքերը, քանի որ ԵՄ 26 անդամ պետությունները կարող են նմանատիպ օրինագծեր ընդունել ցեղասպանությունը ժխտելու մասին, 9) դուրս գալ Եվրոպայի խորհրդի կազմից, քանի որ Եվրոպական պառլամենտը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը 1987թ., 10) դուրս գալ Միավորված Ազգերի Կազմակերպությունից, քանի որ ՄԱԿ–ի մարդու իրավունքների հանձնաժողովն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին զեկույց 1985թ., 11) արգելել Թուրքիայի պաշտոնատարների այցելությունը Ֆրանսիա, 12) վտարել Ֆրանսիայի բոլոր քաղաքացիներին Թուրքիայից և պահանջել, որպեսզի թուրքերն անմիջապես հեռանան Ֆրանսիայի տարածքից, 13) թույլ չտալ ֆրանսիացի զբոսաշրջիկների և գործարարների մուտքը Թուրքիա, 14) փակել ֆրանսիական ավտոմեքենաների գործարանները Թուրքիայում, որի հետևանքով հազարավոր թուրք աշխատողներ կդառնան գործազուրկ, 15) վերանվանել Թուրքիայում բոլոր ֆրանսիական փողոցները ալժիրական և հյուսիսային կորեական անուններով, 16) Թուրքիայի խորհրդարանի կողմից որոշում ընդունել` Ֆրանսիային մեղադրելով Ալժիրի «ցեղասպանության» համար, 17) վտարել Թուրքիայում աշխատող բոլոր անօրինական հայաստանցիներին։ Զրկել նրանց սննդից և ջրից Ստամբուլից մինչև Հայաստան կամ, էլ ավելի վատ, դեպի Սիրիական անապատները նրանց տեղահանության ընթացքում, 18) հանել Թուրքիայի բոլոր մասնավոր և պետական ֆինանսական միջոցները ֆրանսիական բանկերից, 19) սև ցուցակ գցել Թուրքիայում բոլոր ֆրանսիական գրքերը, ֆիլմերը, թերթերը և հեռուստածրագրերը, 20) ձերբակալել Ֆրանսիայի քաղաքացիներին Թուրքիայում՝ ի պատասխան Հայոց ցեղասպանության ժխտման համար Ֆրանսիայում ձերբակալված թուրքերի։ «Ֆրանսիայի Սենատի որոշումը այն բարձր գնի մի մասն է, որը Թուրքիայի կառավարությունը վճարում է անցած 100 տարիների ընթացքում Հայոց ցեղասպանության հետևողական ժխտման և Օսմանյան նախնիների կողմից իրականացված դաժան հանցագործությունների համար։ Քանի դեռ Թուրքիան չի ճանաչել իր մեղքը և վերադարձրել հայկական հողերն ու կալվածքները ցեղասպանության զոհերի ժառանգներին, նա կշարունակի առճակատվել այլ երկրների լուրջ մարտահրավերներին և կզրկվի քաղաքակիրթ ազգերի ընտանիքում դասվելուց»,- գրում է Հարութ Սասունյանը:

No comments: