Wednesday, January 25, 2012

Սոչիի հանդիպմանը ԼՂ հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց չարձանագրվեց. ՄՃԽ

Tert.am. 24-1-2012- «Նախագահների ցանկացած հանդիպում ինքնին դրական արդյունք է, հայտարարության տեքստը, սակայն, այն մասին է վկայում, որ հանդիպմանը համապարփակ խաղաղ համաձայնագրի ձեռքբերման հարցում էական փոփոխություն չի արձանագրվել»,– ադրբեջանական «ԱՊԱ» գործակալության հետ զրույցում ասել է Միջազգային ճգնաժամային խմբի հարավկովկասյան ծրագրերի տնօրեն Լորենս Շիթսը՝ մեկնաբանելով Ռուսաստանի Սոչի քաղաքում Ադրբեջանի, Հայաստանի, Ռուսաստանի նախագահների միջև երեկ տեղի ունեցած հանդիպումը։ «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախագահները հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների մասին խոսում են 2005 թվականից ի վեր և մի քանի անգամ մոտ են եղել համաձայնագրի կնքմանը, ապա սա շատ չնչին արդյունք է,– ասել է Շիթսը և հավելել, թե երևում է, որ այլ առաջարկների (ինչպես օրինակ, շփման գծից դիպուկահարների հեռացումը, շփման գծում հրադադարի ռեժիմի խախտման հետ կապված միջադեպերի կանխմանն ուղղված մեխանիզմի ստեղծումը) առնչությամբ ևս համաձայնություն ձեռք չի բերվել։ Շիթսը նշել է, որ ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում առաջընթացը, հնարավոր է, որ Հայաստանում, Ադրբեջանում, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներում (ԱՄՆ, Ֆրանսիա, Ռուսաստան) սպասվող ընտրությունների պատճառով հետաձգվի. «Այդպիսով, այդ ժամանակահատվածը պետք է օգտագործվի վստահության ամրապնդման և երկխոսության հաստատման առնչությամբ նախաձեռնությունների մշակման համար»։ Շիթսն ընդգծել է, որ ԼՂ հակամարտության շուրջ լարվածությունն անհանգստություն է առաջացնում։ «Ինչպես անցած տարվա իր զեկույցում նշել էր ՄՃԽ–ը, առաջիկա մի քանի տարիներին մենք լայնածավալ պատերազմի վերսկսման իրական հավանականության հետ գործ ունենք՝ որպես բանակցությունների ձգձգման հետ կապված հուսախաբության դրսևորում։ Կողմերը գնալով ավելի ու ավելի շատ զենք են գնում....։ Նման պատերազմը դժվար է լինելու երկու կողմերի համար էլ և անկանխատեսելի, կործանիչ հետևանքներ է ունենալու տարածաշրջանի համար»,– ասել է նա։ Երեկ Սոչիում տեղի ունեցավ Սարգսյան–Ալիև–Մեդվեդև հանդիպումը, որի օրակարգում ԼՂ հակամարտության կարգավորումն էր։ Հանդիպման ավարտին կողմերը համատեղ հայտարարություն ընդունեցին։

No comments: