Wednesday, January 25, 2012

ՍԱՆԱ. Թուրքիան կազմակերպել է գրոհայինների նախապատրաստման հատուկ ճամբարներ`Սիրիա ուղարկելու համար

Panorama.am.24-1-2012- Թուրքիայի խորհրդարանի մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի մի խումբ անդամներ հայտարարել են, որ թուրքական կառավարության կողմից ստեղծվել են զինյալների նախապատրաստման հատուկ նշանակության ջոկատներ` Սիրիա ուղարկելու համար, գրում է «Սանա» լրատվականը: Հանձնաժողովի անդամ, Թուրքիայի ժողովրդահանրապետական կուսակցության ներկայացուցիչ Ռաֆիկ Էրիելմազը հայտնել է, որ իրենց տրամադրության տակ եղած տվյալների համաձայն`ճամբարներից մեկում գտնվում են 131 գրոհային, ինչպես նաև նրանց ընտանիքի անդամները` կանայք և երեխաներ: Թուրքական կառավարությունը նրանց համար ավելի լավ պայմաններ է ստեղծել, քան վերջերս երկրաշարժից տուժածների` տրամադրելով նրանց ֆինանսական աջակցություն, համացանցի, բջջային կապի միջոցների հնարավորություն: Բացի դրանից, պարբերաբար ճամբարներ են այցելում ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի դեսպանատների պատասխանատու անձինք: Թուրք խորհրդարանականը նաև ընդգծել է, որ ԱՄՆ-ը և Արևմուտքը օգտագործում է այդ մարդկանց` որպես իրենց հայրենիքի դեմ պայքարի միջոց: Հիշեցնենք, որ սիրիական իշխանությունները երկրում ստեղծված ներքաղաքական ճգնաժամում մեղադրում են Արևմուտքի և որոշ հարևան երկրների, այդ թվում նաև Թուրքիայի կողմից հովանավորվող «զինված ահաբեկչական խմբավորումներին»: Թուրք-սիրիական հարաբերությունները լարվածության գագաթնակետին են հասել այն բանից հետո, երբ Անկարան հայտարարել է ԱՊԼ-ի կողմից Դամասկոսի նկատմամբ հայտարարված պատժամիջոցներին միանալու մասին:

No comments: