Monday, February 20, 2012

Երեկ Հովհաննես Թումանյանի ծննդյանն օրն էր. չմոռանաք միմյանց գիրք նվիրել

Արդեն մի քանի տարի է փետրվարի 19-ը Հայաստանում հռչակված է որպես «Գիրք նվիրելու օր»՝ ի հիշատակ 1869թ. այս օրը Լոռվա Դսեղ գյուղում ծնված մեծ գրող, բանաստեղծ, հասարակական գործիչ Հովհաննես Թումանյանի: Թումանյանը ծնվել է Լոռվա Դսեղ գյուղում՝ հոգևորականի ընտանիքում։ Նախնական կրթությունը ստացել է հայրենի գյուղում` Սահակ վարժապետի դպրոցում, այնուհետև Ջալալօղլու (այժմյան՝ Ստեփանավան) դպրոցում։ 1883 թվականից շարունակել է ուսումը Թիֆլիսի Ներսիսյան Ճեմարանում, սակայն նյութական ծանր վիճակի պատճառով 1887 թ. ստիպված եղավ թողնել դպրոցը և աշխատել Թիֆլիսի հայ եկեղեցական դատարանում, այնուհետև Հայ հրատարակչական միության գրասենյակում (մինչև 1893 թ.)։ Թումանյանը սկսել է ստեղծագործել 1880-ականների կեսից, համագործակցել է հայկական տարբեր թերթերի ու ամսագրերի հետ։ Գրողը լայն ճանաչում է ձեռք բերել «Բանաստեղծություններ» հավաքածուի լույս տեսնելուց հետո: Նրա գրական գործունեության ամենահայտնի շրջանն է համարվում 19-րդ դարի վերջին տասնամյակը – 20-րդ դարի սկիզբը։ Այդ ժամանակաշրջանում է, որ Թումանյանը հանդես է գալիս որպես ժողովրդի ստեղծագործական ավանդույթների վրա հիմնվող բանաստեղծ։ Այդ ժամանակաշրջանում է, որ Թումանյանը հանդես է գալիս որպես ժողովրդի ստեղծագործական ավանդույթների վրա հիմնվող բանաստեղծ։ Իր ստեղծագործություններից շատերում, նա նկարագրում է նահապետական օրենքներով ապրող գյուղացիների կյանքը, որը լի է ներքին ու հաճախ ողբերգական հակասություններով։ Այդ թեմային են նվիրված Թումանյանի այնպիսի պոեմները, ինչպիսիք են «Մարոն» (1887, հրատարակվել է 1892 թ.), «Լոռեցի Սաքոն» (1889, հրատարակվել է 1890 թ.), «Անուշ» ողբերգությունը (1890թ., հրատարակվել է 1892 թ.)։ 1899թ. Հովհաննես Թումանյանը կազմակերպում է «Վերնատուն» գրական խմբակը, որի անդամ են դառնում բազմաթիվ հայ նշանավոր գրողներ ու բանաստեղծներ։ 20-րդ դարի սկզբին Թումանյանը հայտնի է դառնում նաև որպես հասարակական գործիչ։ 1905-1907 թթ. մասնակցում է Բաքվի հայ-թաթարական ընդհարումների հաշտեցմանը։ Ցարական կառավարությունը նրան երկու անգամ ձերբակալում է (1908թ. և 1911թ.) ու բանտ նետում։ 1912–1921 թթ. Թումանյանը Հայ գրողների կովկասյան միության նախագահն է դառնում։ Արդեն Հայաստանի խորհրդայնացումից հետո դառնում է Հայաստանի օգնության կոմիտեի նախագահը (1921-22)։ Հովհաննես Թումանյանը վախճանվել է 1923 թ. մարտի 23-ին, 54 տարեկան հասակում, Մոսկվայում։

No comments: