Saturday, February 11, 2012

Քաղաքական եւ մանկական խաղեր

«Լրագիր» 10-2-2012- “Հանրահավաքին եկել էին նաեւ երեխաներ, որոնք Միքայելյանի նկարներով պաստառները վեր պահած, երկու ժամից ավելի ձմռան ցրտին կանգնած` վանկարկում էին հաղթանակի կոչեր”, տեղեկացնում է Ազատություն ռադիոկայանը, պատմելով Հրազդանի քաղաքապետի թեկնածու Սասուն Միքայելյանի նախընտրական արշավի մասին, որի այսօրվա ծրագրով Հրազդան են մեկնել Հայ ազգային կոնգրեսի մի շարք լիդերներ եւ աջակցել Սասուն Միքայելյանին: Երեխաներն իհարկե կարող են սիրել Միքայելյանին, եւ կարող են գուցե սիրով պարզել նրա լուսանկարով պաստառներն ու կանգնել ոչ միայն երկու, այլ չորս, հինգ ժամ: Բայց, լավ կլիներ իհարկե, որ մեծահասակներն էլ մի քիչ երեխաներին սիրեին, ու նրանց լուսանկարներով կանգնեցնելու փոխարեն, ուղարկեին ասենք ձնագնդի խաղալու: Որքան էլ որ լավ է, երբ երեխան մեծանում է քաղաքականապես հասուն եւ քաղաքացիականապես գրագետ, այդուհանդերձ երեւի թե ավելի լավ է, երբ նա մեծանում է որպես երեխա: Իսկ դրա համար կարեւոր է, որ մեծահասակները նրանց զերծ պահեն քաղաքական ակցիաներով տարվելուց եւ ոչ թե քաղաքական ակցիաներով դաստիարակեն երեխաների մեջ քաղաքական հասունություն եւ քաղաքացիական գիտակցություն, այլ երեխաների խաղերի միջոցով դա փոխանցեն նրանց: Այդպես, փոխանցածը թերեւս ավելի հաստատուն կերպով տեղ կհասնի, որովհետեւ հակառակ պարագայում մեծ է հավանականությունը, որ մանկական խաղերի փոխարեն մանկուց քաղաքականությամբ զբաղվող երեխաները, մեծահասակ դառնալով, քաղաքականությունն են վերածում խաղի, փորձելով դրանով լրացնել մանկության բացթողածը: Ի վերջո, մարդը պետք է կյանքի ինչ որ փուլում անցնի մանկությունը, երեխայություն անի, եւ գերադասելի է, որ երեխաները մանկությունն ապրեն մանուկ հասակում, որ մեծ տարիքում երեխայություն չանեն եւ ինչով որ զբաղվում են, չվերածեն մանկապարտեզի: Ընդ որում, Հայաստանի հասարակական եւ նաեւ քաղաքական հարթությունների համախտանիշներից մեկն էլ այն է, որ շատերը պարզապես կամ մանկություն չեն ունեցել, կամ ունեցել են ծանր մանկություն, ինչի հետեւանքով բավական բարդույթավորված են մեծ կյանքում: Այդ բարդույթների հետեւանքն էլ այն է, որ մարդիկ ֆիզիկապես մեծ են, սակայն քաղաքականապես, քաղաքացիականապես, իրավապես, եւ այլ պեսերով՝ մնում են չհասունացած: Հետեւանքը այն իրավիճակն է, որ առկա է Հայաստանում՝ քսանամյա, բայց դեռեւս չհասունացած պետություն: Ինչ կաներ ընդդիմությունը, եթե երեխաները նկատվեին իշխանության նախընտրական հավաքներին: Երեւի թե արդարացիորեն կքննադատեր, որ քաղաքական նպատակների համար շահագործում են երեխաներին: Ինքը ընդդիմությունը, գուցե չի շահագործում, այլ երեխաներն իրենց կամքով են ճարել սիրելի թեկնածուի լուսանկարները, իմացել հանրահավաքի տեղի ու վայրի մասին, եւ եկել նրան քաջալարելու: Բայց, այդ դեպքում ընդդիմությանը գուցե հարկ է երեխաներին պարզապես տուն ուղարկել, բացատրելով, որ մեծահասակները նրանց ապագան մի կերպ կկերտեն առանց նրանց, իսկ այ իրենք ապագայի համար բավական կարեւոր քայլ արած կլինեն քաղաքականությունից հնարավորինս հեռու եւ մանկությանը առավելագույնս մոտ կանգնելով: ՋԵՅՄՍ ՀԱԿՈԲՅԱՆ

No comments: