Saturday, February 11, 2012

PKK-ի վերաբերյալ տվյալները` թուրքերի մատուցմամբ

HayNews.am. 10-2-2012- Թուրքիայում հաշվել են, թե «Քրդստանի աշխատավորական կուսակցությանն» (PKK) ամենաշատը որ նահանգներից են անդամ դառնում: «Սաբահի» տեղեկությամբ` թուրք մասնագետ Նիհաթ Ալի Օզջանը Թուրքիայի Ազգային մեծ ժողովի պատգամավորներին զեկույց է ներկայացրել, որում խոսվում է քրդական ռազմական կազմակերպության կադրային աշխարհագրությունից, մարդկային ռեսուրսներից և այլ տվյալներից: Այսպես, Թուրքիայի 81 նահանգների շարքում PKK-ի համար անդամներ մատակարարողների թվով աչքի են ընկնում Դիարբեքիրը, Վանը, Հաքարին, Մարդինը և Ստամբուլը: PKK-ականներն ամենամեծ թվով կենտրոնացած են Դիարբեքիրում, իսկ Ստամբուլի համար նշվում է, որ այն հանդիսանում է «սարերը բարձրացողների զինկոմիսարիատը»: Խոսելով Թուրքիայում գործող PKK-ականների թվի մասին` թուրք մասնագետը նշել է, որ կազմակերպության անդամների թիվը 1995 թվականին եղել է 30 հազար, իսկ 2000-ականների վերջում այդ թիվը կազմել է մոտ 6500, ինչը կարելի է ասել նաև ներկայի համար: PKK-ի անդամների 88 տոկոսը տղամարդիկ են, 12 տոկոսը` կանայք, իսկ նրա անդամների մոտ կեսը կազմակերպությանը միանում են մինչև 18 տարեկան հասակը: Վերջին 10 տարում թուրքական ուժերի կողմից սպանվել է շուրջ 1400 PKK-ական: Հիշեցնենք, որ «Քրդստանի աշխատավորական կուսակցությունը» (Partiya Karkerên Kurdistan կամ PKK) քրդական մարքսիստական-լենինիստական ուղղվածության կազմակերպություն է, որի նպատակն է զինված պայքարի միջոցով Թուրքիայի հարավ-արևելյան, Իրաքի հյուսիսային, Իրանի հյուսիս-արևմտյան և Սիրիայի հյուսիս-արևելյան տարածքների վրա Քրդստան անկախ պետության հիմնումը: Կազմակերպությունը հիմնադրվել է 1978 թվականին, Դիարբեքիրում (Աղձնիք նահանգ)՝ Աբդուլլահ Օջալանի (Ափո) կողմից, ով ներկայումս ցմահ ազատազրկում է կրում թուրքական Իմրալը կղզու բանտում: Կազմակերպությունն ակտիվ ռազմական գործողություններն սկսել է 1984 թ.-ին: Թուրքական իշխանությունների դեմ մղվող շուրջ 30 տարվա պայքարի ընթացքում զոհվել է մոտ 45 հազար մարդ: PKK-ն ահաբեկչական կազմակերպությունների շարքին են դասում ԱՄՆ-ն, ԵՄ-ն, մի շարք այլ երկրներ:

No comments: