Tuesday, March 2, 2010

ԵՄ. Հայ-թուրքական արձանագրությունների վավերացումը պետք է տեղի ունենա առանց նախապայմանների եւ խելամիտ ժամկետներում

/PanARMENIAN.Net/ 02.03.2010 - Իսպանիայի նախագահության ընթացքում ԵՄ-ն կարագացնի մանդատի տրամադրումը` ԵՄ-ի հետ ասոցիատիվ համաձայնություն կնքելու համար, ասել է Միգել Անխել Մորատինոսը: Այդ մասին Երեւանում Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ մամլո ասուլիսում հայտարարել է ԵՄ-ում նախագահող Իսպանիայի ԱԳՆ ղեկավար Միգել Անխել Մորատինոսը: «Մենք հուսով ենք, որ մարտին կկարողանանք արդեն հայտարարել այդ մասին»,-ասել է իսպանացի նախարարը: Նա նաեւ հայտարարել է, որ Եվրամիությունը կխորացնի համագործակցությունն այն երկրների հետ, որոնք շահագրգռված են ազատ առեւտրի գոտու մասին համաձայնություն կնքելու, մուտքի արտոնագրերի ռեժիմի պարզեցման հարցերում: Միգել Անխել Մորատինոսը հայտնել է, որ այդ նպատակով կստեղծվի իրավաբանական հարցերով զբաղվող ենթահանձնաժողով: «Հայաստանն ու ԵՄ-ն խորացնում են իրենց հարաբերությունները նաեւ «Արեւելյան գործընկերություն» նախաձեռնության շրջանակներում եւ մենք ուրախ էինք իմանալ, որ Հայաստանի նախագահը մտադիր է առաջիկայում այցելել Բրյուսել»,-ասել է Իսպանիայի ԱԳՆ ղեկավարը: Անդրադառնալով տարածաշրջանային հարցերն` Միգել Անխել Մորատինոսը նշել է, որ ԵՄ-ն բոլոր ջանքերը կգործադրի ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման համար եւ սատարում է Երեւանին ու Անկարային հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում: «Մենք գտնում ենք, որ Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին արձանագրությունները պետք է վավերացվեն առանց նախապայմանների եւ խելամիտ ժամկետներում»,-ասել է ԵՄ-ում նախագահող Իսպանիայի ԱԳՆ ղեկավարը: Իր հերթին ՀՀ ԱԳ նախարարն իր հերթին հայտարարել է, որ Թուրքիան, նախապայմանների լեզվով խոսելով Հայաստանի հետ, խոչընդոտում է հայ-թուրքական հաշտեցման գործընթացին: Անդրադառնալով ղարաբաղյան կարգավորման շուրջ բանակցություններին` էդվարդ Նալբանդյանը հայտարարել է, որ Ադրբեջանը, որը հրաժարվեց ետ տանել դիպուկահարներին հակամարտության գոտու առաջաին գծից, գրեթե ամեն օր ռազմաշունչ հայտարարություններով է հանդես գալիս: Նա հաղորդել է, որ Երեւանն ու Բաքուն իրենց աշխատանքային առաջարկներն են ներկայացնում ղարաբաղյան հակամարտության կարգավորման գծով միջնորդներին: Անդրադառնալով Սումգայիթի ու Բաքվի հայկական ջարդերին` ՀՀ ԱԳՆ ղեկավարը հայտարարել է, որ վաղ թե ուշ կբացահայտվի այդ իրադարձությունների իրական պատկերը եւ Հայաստանը բոլոր ջանքերը կգործադրի, որպեսզի այն մարդիկ, որոնք իրագործեցին Ադրբեջանի հայ բնակչության վայրագ սպանդը, պատասխանատվության կանչվեն: Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրությունները ստորագրվել են 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում: Արձանագրությունները ստորագրել են Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Ահմեդ Դավութօղլուն` Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավարների ներկայությամբ: Շվեյցարիան որպես միջնորդ է հանդես գալիս հայ-թուրքական բանակցություններում 2007թ. ի վեր: Ըստ փաստաթղթերի, երկրների միջեւ պետք է հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ եւ պետք է բացվի 1993թ. ի վեր փակ հայ-թուրքական սահմանը: Հունվարի 12-ին Հայաստանի Սահմանադրական դատարանն Արձանագրությունները Հայաստանի Սահմանադրությանը համապատասխան ճանաչեց: ՍԴ որոշման մեջ Արձանագրությունների վերաբերյալ ոչ մի նախապայմաններ չկան, քանի որ դա հակասում է վճռի կայացման սահմանված կանոնին: ՍԴ որոշման համաձայն Հայ-թուրքական արձանագրությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանն ու Հայաստանի Անկախության մասին հռչակագրին: Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը բռնություն իրականացրեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994 թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ-ում կազմավորվեց պաշտպանության բանակը, ստեղծվեց ԼՂՀ անվտանգության գոտի, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշքեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

No comments: