Tuesday, March 2, 2010

ՀԵՐԹԱԿԱՆ ՑԻԿԼԻ ՄԵՋ

Այս օրերին գրեթե բոլորի ուշադրությունն ավելի ու ավելի է կենտրոնանում ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի վրա, որը մարտի 4-ին պետք է քվեարկության դնի հայերի ցեղասպանության վերաբերյալ բանաձեւը: Զարմանալի է, որ հայաստանյան որեւէ բուքմեյքերական գրասենյակ դեռ խաղադրույք չի սահմանել այդ քվեարկության կապակցությամբ: Թեեւ գուցե պատճառն այն է, որ գործ ունենք ազգային մեծ խնդրի հետ, եւ ինչպես հայտնի ֆիլմում է ասվում` “երբ խոսքը գնում է ընտանիքի պատվի մասին, ապա փողի մասի զրույցներն անտեղի են”: Ի դեպ, ֆիմը կոչվում է “Դե ժավյու”: Իրավիճակն էլ հենց դե ժավյու է հիշեցնում: Այսինքն, այն ամենը, ինչ կատարվում է հիմա, կարծես թե էլի է կատարվել: Ու ոչ թե կարծես թե, այլ հենց կատարվել է իսկապես, եւ հայերի ցեղասպանության հարցն էլի է հայտնվել ԱՄՆ Կոնգրեսում, էլի է քվեարկվել, հետ ու առաջ է արվել, լռվել է, հետաձգվել է, քնել ու արթնացել է: Մի խոսքով, երեւի հայերի ցեղասպանության հարցը ԱՄՆ Կոնգրեսում ինչ ասես եղել է, բացի ընդունվելուց: Ու հայերն էլ այդ կապակցությամբ ինչ ասես ակնկալել են, բացի հասկանալուց, որ Կոնգրեսում քննարկվողը կոչվում է հայերի ցեղասպանության մասին բանաձեւ, բայց դա իրականում հայերի ցեղասպանության մասին չէ, այլ թուրք-ամերիկյան հարաբերության: Եվ այն խորաթափանց դիտարկումները, թե այս անգամ հրեական լոբբին հայերին չի աջակցի, բայց չի էլ խանգարի, կամ հայերին չի աջակցի, բայց չի էլ աջակցի թուրքերին, կամ Վաշինգտոնում եղանակը լավ կլինի, օվկիանոսից մեղմ քամի կփչի կամ չի փչի, իրականում կապ չունեն բուն գործընթացի հետ: Ի վերջո, արդյոք մենք մեզ երբեւէ հարց տվել ենք ու ստացել ենք այդ հարցի պատասխանը, թե ինչ է լինելու այն բանից հետո, երբ ԱՄՆ ճանաչի հայերի ցեղասպանությունը: Գաղտնիք չէ, որ դրա համար հայերը միլիոններ են ծախսել, ծախսում, եւ ծախսելու են: Լավ, ենթադրենք այդ ամենը ծախսվում է հանուն ազգի, հայրենիքի: Բայց արդյոք մենք մեզ հարց տվել ենք, թե ինչ է կոնկրետ շահելու ազգն ու հայրենիքը, եթե ԱՄՆ ճանաչի ցեղասպանությունը: Ինչ է լինելու դրանից հետո: Կարող է արդյոք որեւէ մեկը, որեւէ մի փորձագետ, կամ ինչպես երբեմն ասում են` որեւէ մի ցեղասպանագետ, ասել, բացատրել, թե ինչ է լինելու դրանից հետո, բացի իհարկե ԱՄՆ դեսպանատան առաջ խոզ մորթելուց (որովհետեւ գառներն ու տավարը թանկ գնով վաճառվում են պարսիկներին), բացի կողմ քվեարկած կոնգրեսականների անուններով Երեւանում փողոցներ եւ նրբանցքներ, հրապարակներ եւ դպրոցներ անվանակոչելուց, բացի Հայաստանի “նախաձեռնողական” դիվանագիտության մասին ներբողներ գրելուց, եւ բացի այդ օրը ազգային տոն հռչակելուց: Հայերն իհարկե հոգեկան մեծ բավարարություն կապրեն, եթե ԱՄՆ ճանաչի: Նույնիսկ կարելի է ասել, որ դա կլինի ամենաիրական ամենաբարոյական հաղթանակը հայ ժողովրդի պատմության մեջ: Բայց հետո, հետո ինչ: Ինչ է շահելու դրանից Հայաստանը, որպես պետություն, որպես համաշխարհային քաղաքականության գործոն, որպես ներքին ու արտաքին հարթություններում տնտեսա-քաղաքական լրջագույն խնդիրների ու մարտահրավերների առաջ կանգնած պետություն: Դրանով Հայաստանի առաջ կանգնած որ խնդիրն է լուծվելու, կամ որ խնդրի լուծման գործընթացն է մեկնարկելու: Դա անշուշտ չի նշանակում, որ ԱՄՆ կամ որեւէ այլ պետություն չպիտի ճանաչի ցեղասպանությունը: Իհարկե պետք է ճանաչել ու դատապարտել, այն պարզ պատճառով, որ ցեղասպանությունը, ում հանդեպ էլ կատարվի, դատապարտելի է: Բայց անհասկանալի է այն հրճվանքը, որ հայերն ապրում են թուրք-ամերիկյան հարաբերությունների պարզաբանման գործընթացից, եւ այն հրճվանքը, որով փորձում են դառնալ այդ գործընթացի գործիք: Գուցե ԱՄՆ ճանաչի ցեղասպանությունը, գուցե մարտին, գուցե ապրիլին, գուցե մի քանի ամիս կամ տարի անց: Գուցե դրանից Հայաստանն էլ ինչ որ բան շահի, կամ Թուրքիան տուժի եւ Հայաստանը համարի, որ շահել է: Բայց պետք չէ ֆուտբոլասերի խանդավառությամբ կամ մոլությամբ երկրպագել Կոնգրեսում ցեղասպանության բանաձեւի հետ տեղի ունեցող խաղին, առավել եւս, որ այդ խաղի կանոններին բացարձակապես չենք տիրապետում, ինչի վկայությունը հենց հրճվանքն ու երկրպագությունն է, որ կրկնվում է ցիկլի նման: ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments: