Monday, March 1, 2010

Ղարաբաղի հարցում մեծանում են ճնշումները Հայաստանի վրա. Ստեփան Դեմիրճյան

Tert.am. 1-3-2010- Մարտի մեկի էջը չի կարող փակվել, քանի դեռ պատասխանատվության չեն ենթարկվել մեղավորները։ Այս մասին Մատենադարանի մոտ ընթացող ՀԱԿ հանրահավաքում այսօր ասաց Հայաստանի ժողովրդական կուսակցության ղեկավար Ստեփան Դեմիրճյանը։ Նա հիշեցրեց, որ «այս իշխանությունների օրոք եղել են երեք կեղծված նախագահական ընտրություններ, խորհրդարանական ընտրություններ, կեղծված սահմանադրական հանրաքվե և ևս մեկ հանցագործություն՝ 2004թ. ապրիլի 13–ի բռնությունները»։ «Վարչախումբը ցույց տվեց, որ ունակ չէ լուծել երկրի խնդիրները, սոցիալ–տնտեսական ճգնաժամը և այլն։ Այս իրավիճակում չեմ տեսնում իշխանության կողմից համապատասխան քայլեր»,– ասաց նա։ Ղարաբաղի հակամարտության կարգավորման առումով զարգացումները, ըստ նրա, նպաստավոր չեն, և մեծանում են ճնշումները Հայաստանի վրա։ «Սխալ էր Ղարաբաղը բանակցային գործընթացից դուրս բերելը։ Ինչ վերաբերում է հայ–թուրքական հարաբերությունների կարգավորմանը, այն մտել է փակուղի։ Հասկանալի չէ, թե ինչ շահեց Հայաստանը՝ Արձանագրությունները ստորագրելով, և ստեղծված իրավիճակից ելքը նոր, արդար, համապետական ընտրությունների անցկացումն է»,– նշեց Դեմիրճյանը։

No comments: