Saturday, September 18, 2010

Վազգեն Մանուկյան. Ճիշտ չէ կարծիքը, որ օտարալեզու դպրոցների հիմնումն է կրթական բնագավառի խնդիրների լուծման ճանապարհը

News.am. 17-9-2010- Հայաստանի Հանրային խորհրդի կարծիքով, օտարալեզու դպրոցները, որպիսիք հիմնելու առաջարկությամբ հանդես եկավ ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը, ներկա պայմաններում ոչ միայն չեն լուծի մեր հասարակության մեջ եւ կրթական համակարգում եղած խնդիրները, այլեւ էլ ավելի կխորացնեն դրանք: Այս մասին ասված է Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի «Դիլիջան միջազգային դպրոց» նախագծի հեղինակ, գործարար Ռուբեն Վարդանյանին ուղղված պատասխան նամակում: Նամակում մասնավորապես ասվում է.
«Ճիշտ չէ այն կարծիքը, որ առաջարկվող օտարալեզու դպրոցների հիմնումն է կրթական բնագավառի խնդիրների լուծման ճանապարհը: Անհրաժեշտ է կրթական համակարգի բոլոր օղակներում ապահովել որակի շեշտակի բարձրացում: Մեր երկրի ապագան, նրա ինքնության աստիճանը, ժամանակակից աշխարհի հետ համաչափ քայլելու ունակությունը կախված են այն բանից, թե կհաջողվի՞ արդյոք մեզ կարճ ժամանակահատվածում կտրուկ բարձրացնել կրթության որակը` հիմնվելով «Լեզվի մասին» գործող ՀՀ օրենքի վրա:
Ցանկանում եմ հիշեցնել, որ նույնիսկ ստեղծված պայմաններում հարյուրավոր երեխաներ, ավարտելով մեր հայկական դպրոցները, իրենց ուսումը շարունակում են օտար երկրների բուհերում` ստանալով միջազգային չափանիշներով բարձր որակավորում: Սակայն նրանց մի մասը չի կարողանում աշխատանք գտնել Հայաստանում եւ ստիպված է մեկնել արտերկիր` աշխատանք որոնելու:
Պատահական չէ, որ «Լեզվի մասին» ՀՀ օրենքի մեջ առաջարկվելիք փոփոխությունները, հասարակական դժգոհության մեծ ալիք բարձրացրեց մեր երկրում: Դրանց դեմ է արտահայտվում նաեւ ազգային մտավորականության մի ստվար հատված, որոնցից շատերը ստացել են միջազգային չափանիշներին համապատասխան կրթություն եւ վաղուց ինտեգրվել են համաշխարհային գործընթացներում: Նման դիմադրությունը օրենքի փոփոխման հանդեպ զգացմունքային եւ արհեստական չէ, այն ունի խոր արմատներ:
ՀՀ Հանրային խորհուրդը այս մասին արդեն արտահայտել է իր տեսակետը: Հարցի վերջնական լուծումը գտնվում է ՀՀ Ազգային Ժողովի տիրույթում:
«Դիլիջան միջազգային դպրոց» նախագծի մասին տեղեկացանք Ձեր կողմից ՀՀ Հանրային խորհրդին ուղղված նամակից: «Լեզվի մասին» գործող ՀՀ օրենքի համաձայն` ծրագիրը կարող է իրականացվել օտարերկրացիների` այդ թվում նաեւ սփյուռքահայերի համար: Ծրագրի լիարժեք տեղայնացումից ու հայկականացումից հետո, այդ ուսումնական հաստատությունում կարող են առանց սահմանափակումների ուսանել Հայաստանի բոլոր քաղաքացիները: Կարծում ենք, որ Ձեր ծրագրի իրականացման համար ուշադրության են արժանի նաեւ այն առաջարկները, որոնք ներկայացվել են «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնող խմբի կողմից (http://www.publiccouncil.am/news.php?id=43&l=2):
Ծանոթ լինելով Ձեր կողմից մշակված եւ իրականացված ծրագրերին` հարգանքով ենք վերաբերվում կրթական համակարգի բարելավման մեջ ներդրում ունենալու Ձեր ցանկությանը: Կարեւորելով Ձեր նախաձեռնությունը նպատակահարմար ենք գտնում, որպեսզի կրթական ոլորտին վերաբերող ինչպես Ձեր, այնպես էլ մյուս կազմակերպությունների ծրագրերը հանգամանալից քննարկվեն հասարակության լայն շերտերի հետ: ՀՀ Հանրային խորհուրդը իր կողմից պատրաստակամություն է հայտնում մասնակցել եւ աջակցել այդպիսի քննարկումներին»:

No comments: