Thursday, October 28, 2010

Բայդենը չէր կարող սխալվել. Իգոր Մուրադյան

Tert.am. 28-10-2010- «Կա փաստ, ես Սպիտակ տանն այլ աղբյուրներ չունեմ՝ հերքելու կամ հաստատելու համար։ Կա փաստ»,– երեկ տարածված ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենի մասնակցությամբ տեսագրության մասին Tert.am-ի հարցին այսօրվա ասուլիսին այսպես արձագանքեց քաղաքագետ Իգոր Մուրադյանը։
Ինչ վերաբերում է նախագահի մամուլի խոսնակ Արմեն Արզումանյանի կողմից այդ տեղեկատվության հերքմանը, ապա դա, ըստ քաղաքագետի, ոչ թե հերքում էր, այլ՝ կատարվածի վարկածներից մեկը։
«Այդ տեքստից երևում է, որ, ընդհանուր առմամբ, խոսակցություն եղել է։ Այն, ինչ ասվում է քաղաքական շրջանակներում, պետք է ընդունել փոքր-ինչ այլ կերպ։ Ես ամերիկացիների փոխարեն այդ տեքստից հասկացա նույն բանը, ինչ ասում է փոխնախագահը։ ԱՄՆ փոխնախագահը օգտվում է շատ տեղեկատվական աղբյուրներից, շատ խորհրդակցություններից։ Նրա կողմից այստեղ սխալ լինել չի կարող»,- ասաց նա։
Քաղաքագետը հավելեց, որ այս ամենը շատ նման է հայկական քաղաքական ոճին։
«Մեզ մոտ այն, ինչ ասվում է տղերքի միջև, կարելի է ասել և այլ երկրի նախագահի կամ փոխնախագահի։ Ոչ ոք չի մտածում այն մասին, որ մի օր դա ջրի երես դուրս կգա։ Կարելի է չկասկածել, որ դա հայտնի կդառնա։ Իսկ ջրի երես շատ բան է դուրս գալիս։ Օրինակ, մեր դեսպանությունների գործունեության մասին տեղեկությունը, նախևառաջ՝ ԱՄՆ-ում մեր դեսպանատան մասին»,- նշեց Իգոր Մուրադյանը։

No comments: