Thursday, January 27, 2011

«Ենի Մուսավաթ». Ադրբեջանում ԵԱՀԿ զեկույցը չարամիտ են համարում

Panorama.am. 27-1-2011- ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակն (ԺՀՄԻԳ) Ադրբեջանում անցյալ տարվա նոյեմբերի 7-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքները պաշտոնապես չի ճանաչել: Կազմակերպության` երեկ հրապարակած ամփոփիչ փաստաթղթում արձանագրվել է, որ գործընթացը չի համապատասխանել միջազգային չափանիշներին, և որ այդ բնագավառում իրավիճակն ավելի է վատացել: Այս մասին հայտնում է «Ենի Մուսավաթը»:
Փաստաթղթում ասվում է, որ ընտրությունները հիմնականում չեն համապատասխանել ԵԱՀԿ չափանիշներին և Ադրբեջանի օրենսդրությանը: ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ը հայտարարել է, որ Ադրբեջանում բոլոր թեկնածուների համար հավասար պայմաններ ապահովելու, մրցակցության մթնոլորտում չկեղծված ընտրություններ անցկացնելու համար լուրջ ջանքեր պետք է գործադրվեն: Գրասենյակը հանդես է եկել նաև այդ ուղղությամբ Ադրբեջանի իշխանությանն ուղղված խորհրդատվությամբ:
Թերթը գրում է, որ Ադրբեջանի իշխանությունը նյարդային արձագանք է տվել ԵԱՀԿ այդ կոշտ զեկույցին: Ադրբեջանի կառավարող «Ենի Ազերբայջան» կուսակցության գործադիր քարտուղարի տեղակալ, պատգամավոր Սիյավուշ Նովրուզովն ասել է, որ «զեկույցը չարամիտ է, ԵԱՀԿ-ից այլ զեկույց չէինք էլ սպասում»:
«Ս.Նովրուզովն ասել է, որ Ադրբեջանում բոլոր տարածքային ընտրատեղամասերի համար նոր շենքեր են կառուցվել, աշխատակիցներն էլ մշտական աշխատանքի են ընդունվել, և որ աշխարհում նման բան ոչ մի տեղ չկա: Ինչպես ասում են, մեկնաբանություններն ավելորդ են...»,- գրում է «Ենի Մուսավաթը»:

No comments: