Wednesday, July 13, 2011

Երկխոսությունը վաղը, կամ մյուս օրը

«Լրագիր» 13-7-2011- “Հանձնաժողովը ստեղծել ենք ընդամենը մեկ հարց քննարկելու համար` արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններ: Բոլորի հարցերի լուծումը կապված օրինական իշխանությունների ձևավորման հետ”, հուլիսի 13-ին պատգամավոր Վարդան Բոստանջյանի հետ բանավեճի ընթացքում ասել է հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ, ՀԺԿ անդամ Ֆելիքս Խաչատրյանը, հակադարձելով ԲՀԿ և կոալիցիոն պատվիրակության անդամ Վարդան Բոստանջյանին, ով նշել է, որ տարբեր հարցեր են քննարկելու: Խոսքը բնականաբար ընդդիմության եւ իշխանության պատվիրակությունների երկխոսության մասին է: Թե Ֆելիքս Խաչատրյանը, թե Վարդան Բոստանջյանն այդ պատվիրակությունների անդամ են:
“Մեր և ընդդիմության խմբերը ստեղծվել են ոչ թե որոշումներ կայացնելու, այլ երկրի գլխավոր խնդիրները քննարկելու համար”, ասում է Բոստանջյանը: Ըստ նրա, կարող են քննարկել արտագաղթի խնդիրը, որը սուր բնույթ ունի, երկրի զարգացման խնդիրներ:
Խաչատրյանը նշել է, թե համաձայն է, որ պատվիրակությունները որոշումներ ընդունելու իրավասություն չունեն, սակայն օպերատիվ լուծումներ պետք է տրվեն երկու կողմերի ղեկավարությունների կողմից:
“Քննարկվելու են ընտրությունների անցկացման ժամկետներ, օրենսգրքի փոփոխություն և այլ հարցեր, որոնց պետք է օպերատիվ լուծում տրվի”, ասել է Խաչատրյանը: Նա կրկնել է Տեր-Պետրոսյանի այն միտքը, որ Կոնգրեսի նպատակն իշխանության գալը չէ, այլ երկրում արդար ընտրության անցկացում ապահովելը:

Բոստանջյանն ասում է Խաչատրյանին, որ եթե միակ հարցը արտահերթ ընտրություններ են, ապա դա պետք է որոշվի իշխանական մարմիններում, ընդհուպ մինչև Սերժ Սարգսյան: “Պետք է որոշվի, թե իշխանության որ թևին դիմեն` գործադիր, օրենսդիր, նախագահի աշխատակազմ, ինչ ձևով դիմեն”, ասում է Վարդան Բոստանջյանը:

Ինչ վերաբերում է երկխոսության ժամկետին, Բոստանջյանը ասում է, որ դեռևս հայտնի չէ, սակայն կարող է սկսվել վաղը կամ մյուս օրը: Խաչատրյանն էլ ասել է, որ դեռևս հանդիպում չի եղել կամ պայմանավորվածություն, սակայն մոտակա տասը օրվա մեջ կլինի հանդիպումը:

Հարցին, թե ինչու կոալիցիոն բազմաթիվ պատգամավորներ հայտարարում էին, որ պատվիրակությունն անընդունելի է իրենց համար, իսկ այնուհետև Սերժ Սարգսյանը հայտարարում է պատվիրակության կազմման մասին, Վարդան Բոստանջյանը նշել է, որ ինքը միշտ էլ կողմ է եղել երկխոսությանը և դեռևս մեկ ամիս առաջ էլ գիտեր, որ պատվիրակություններ լինելու են: Բոստանջյանը կոչ է անում այդ հարցը ուղղել նրանց, ովքեր նման բան ասել են:

No comments: