Thursday, January 26, 2012

Միայն հարկադրում, Շուրա

«Լրագիր» 26-1-2012- Ինչպես հայտնում է «Առավոտը», ՀՅԴ-ն մտադիր է խորհրդարանական լսում նախաձեռնել 100 տոկոս համամասնական ընտրակարգի վերաբերյալ: Հայտնի է, որ այդ թեմայի գեներացման նախաձեռնությամբ հանդես եկած Ժառանգությունն ու ՀՅԴ-ն օրերս համաժողով էին կազմակերպել, որին մասնակցել էին նաեւ մնացյալ քաղաքական ուժերը՝ թե ընդդիմության, թե իշխանության, թե նաեւ մարգինալ դաշտից: Այդ համաժողովի ընթացքում գրեթե բոլոր հիմնական քաղաքական ուժերը՝ կազմակերպիչները, նաեւ Հայ ազգային կոնգրեսը, նույնիսկ ԲՀԿ ներկայացուցիչները, հանդես էին եկել 100 տոկոս համամասնական ընտրակարգի օգտին: Միայն ՀՀԿ ներկայացուցիչներն էին, որ դեմ էին եղել դրան: ՀՀԿ-ն մեկ անգամ չէ, որ հարցի թեժացումից հետո հայտարարում է, որ իր համար այդպիսի խնդիր չկա եւ ներկայիս համամասնությունը 2012 թվականի մայիսից առաջ չի փոխվի՝ 90 տեղ համամասնական եւ 41 տեղ մեծամասնական: Այդ իրավիճակում հարց է առաջանում, թե ինչի՞ համար է խորհրդարանական լսումը, ո՞րն է դրա իմաստը: Հավատու՞մ է արդյոք ՀՅԴ-ն, որ դրանով հնարավոր է հարցն ինչ-որ կերպ տեղից շարժել դեպի արդյունավետ լուծում: Եթե այո, ապա պետք է թերեւս նկատել, որ նախաձեռնությունն իսկապես դատապարտված է, Հայաստանի պայմաններում այդօրինակ դյուրահավատ հեղինակներ ունենալու պատճառով: Մի՞թե ՀՅԴ համար հայտնի չէ կամ պարզ չէ, որ Հայաստանում իշխանությունը որեւէ հարցում ոչ թե համոզելով, բացատրելով կամ քննարկելով է զիջում անում, այլ հարկադրված: Հետեւաբար, եթե ՀՅԴ-ն, կամ Ժառանգությունը, կամ որեւէ այլ քաղաքական ուժ ցանկանում է հասնել 100 տոկոս համամասնական ընտրակարգի, ապա պետք է գտնի իշխանությանը դա հարկադրելու տարբերակ: Կարո՞ղ են արդյոք այդ ուժերն իշխանությանը հարկադրել անցում 100 տոկոս համամասնական ընտրակարգի: Եթե կարողանային, ապա թերեւս ձեռնամուխ չէին լինի խորհրդարանական լսում հրավիրելուն, որովհետեւ Հայաստանի քաղաքական պրակտիկային անծանոթն անգամ կհավաստի, որ խորհրդարանի լսումը եւ անգամ քննարկումը լիագումար նիստում, հարկադրելու կամ պարտադրելու, իշխանության վրա ճնշում բանեցնելու տարբերակ համարվել չի կարող նույնիսկ տեսականում: Իհարկե, ամեն քաղաքական ուժ ինքն է ընտրում իր մոտեցումներն ու մարտավարությունը, եւ այդ տեսակետից ՀՅԴ-ն էլ իրավասու է կիրառել հարցի հետապնդման ցանկացած տարբերակ: Դաշնակցությունն իր վերջին տարիների կենսագրությամբ ապացուցել է, որ Հայաստանի կայունությամբ մտահոգ ուժերից մեկն է, թեեւ օրինակ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանն էր, ով հանդես էր գալիս «գերեզմանային կայունության» դեմ: Ի վերջո, միգուցե 100 տոկոս համամասնական ընտրակարգի անցումը ամենեւին էլ գերխնդիր չէ պահանջատեր ուժերի համար, այլ դրանով ընդամենը հետապնդվում են նախընտրական մարտավարական նպատակներ: Բացարձակապես պետք չէ նկատի ունենալ գործարքը իշխանության հետ, կամ այդօրինակ մութ կամ ստվերային բաներ: Հայաստանի քաղաքական դաշտը դրա կարիքը թերեւս չունի, որովհետեւ այդ դաշտում արդեն տարիներ շարունակ նույն կաթսայի մեջ եփվելով, բոլորը միմյանց հասկանում են նույնիսկ կես խոսքից, եթե նույնիսկ ձեւացնում են, թե չեն հասկանում: ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments: