Monday, February 20, 2012

Գերմանիայի Բունդեսթագի հայտարարությունը ներկայիս տեսքով երբեք իրականություն չի դառնա. Ա. Մելիքյան

1in.am. 19-2-2012- ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը թերահավատորեն է վերաբերվում Գերմանիայի Բունդեսթագի արտաքին քաղաքականության աշխատանքային խմբի` «Ղարաբաղյան հակամարտության 20 տարին. նոր ազդակ հակամարտության խաղաղ կարգավորմանը» խորագրով հայտարարությանը` այն համարելով թուրքական կողմի երազած փաստաթուղթ: «Սա պաշտոնական փաստաթուղթ չէ, և հատկանշական է, որ տարածվել է հենց ադրբեջանական ԶԼՄ-ների կողմից: Այդ է պատճառը, որ տեղեկատվությունն ինձ արժանահավատ չի թվում: Միանշանակ է, որ սա հավաստի տեղեկատվություն չէ: Եթե հայտարարությունը գոնե մի փոքր համապատասխաներ իրականությանը, ապա դրա մասին առաջինը ադրբեջանական մամուլը չէ, որ կհայտարարեր: Սա թուրքական լոբբիստական աշխատանքի արդյունք է, և կարծում եմ, որ հայտարարությունը ներկայիս տեսքով երբեք իրականություն չի դառնա: Հայտարարությունը շատ մերկապարանոց է` իր վրա ուշադրություն սևեռելու համար: Միաժամանակ չեմ զարմանում, որ լուրը, բացի ադրբեջանական լրատվամիջոցներից, տարածում են նաև ռուսական ԶԼՄ-ները` սրանով ցույց տալով թուրքական կողմի ջանքերի հանդեպ իրենց վերաբերմունքը»,- ասաց Արման Մելիքյանը: Ադրբեջանական Salam News գործակալության փոխանցմամբ` Գերմանիայի Բունդեսթագի արտաքին քաղաքականության աշխատանքային խումբը հրապարակել է «Ղարաբաղյան հակամարտության 20 տարին. նոր ազդակ հակամարտության խաղաղ կարգավորմանը» խորագրով փաստաթուղթ: 7 կետից բաղկացած այդ փաստաթղթում աշխատանքային խումբը Գերմանիայի դաշնային կառավարության ուշադրությունն է հրավիրում այստեղ նշված կետերի վրա:

No comments: