Wednesday, January 21, 2009

«Ջհանգիրյանը ոստիկաններին չի դիմադրել»

«Ազատություն». 20-1-2009- Հայաստանի գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանի գործով այսօրվա դատական նիստի ընթացքում Ոստիկանության 6-րդ վարչության պետի տեղակալ, վկա Կարեն Բաբակեխյանը հայտարարեց, թե Ջհանգիրյանը Արգավանդի խաչմերուկում ոստիկաններին չի դիմադրել: Այդպիսով, Բաբակեխյանը, ում հրահանջով օպերատիվ խումբը բերման է ենթարկել Ջհանգիրյան եղբայրներին, ուղղակիորեն ժխտեց Ջհանգիրյանին ներկայացված մեղադրանքը՝ «իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը»: Հարցին, թե ո՞ր օրենքի ո՞ր դրույթի համաձայն է 6-րդ վարչության պետի տեղակալը հրահանգել բերման ենթարկել Ջհանգիրյաներին, Բաբակեխյանը հակասական պատասխան տվեց` նախ հղում կատարելով ոստիկանության օպերատիվ հետախուզության մասին օրենքներին, ապա մատնանշելով մեղադրյալի՝ ապօրինի զենք ունենալու հանգամանքը: Այնուհետեւ ուղղակի հարցին, թե Գագիկ Ջհանգիրյանը Արգավանդի խճուղում դիմադրե՞լ է ոստիկաններին, պատասխանեց` ոչ: «Ես տվյալ միջադեպի ժամանակ այնտեղ ներկա չեմ եղել, բայց, ըստ ստացածս տեղեկությունների, պարոն Ջհանգիրյանը չի դիմադրել», - հավելեց Բաբակեխյանը: Այնուհետեւ վկան պարզաբանեց. - «Պարոն [Գագիկ] Ջհանգիրյանին բերման են ենթարկել այն դեպքից հետո, երբ որ [Ջհանգիրյանի] եղբայրը դիմադրություն է ցույց տվել եւ ինքը, գոռացել է աշխատակիցների վրա, որ եղբայրը մեջքի պրոբլեմ ունի, եւ այդտեղ քաշքշուկ է սկսվել»: Վկայի հարցաքննությունից հետո Ջհանգիրյանը հայտարարեց, որ 6-րդ վարչության պետի տեղակալը իրեն բերման ենթարկելու որեւէ հիմք չի ունեցել եւ մի շարք օրենքներ է խախտել: «Ոստիկանության գործողությունները ի սկզբանե ապօրինի են եղել, եւ եթե վարույթը սկսվել է ապօրինի գործողություններով, այդ վարույթի ընթացքում թեկուզ օրինական որեւէ ապացույց կոպեկի արժեք չունի», - ասաց Ջհանգիրյանը: Գագիկ Ջհանգիրյանը ձերբակալվել է փետրվարի 23-ին` հետընտրական իրադարձությունների կապակցությամբ: Նա մեղադրվում է Քրեական օրենսգրքի 316 հոդվածով` «իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը»: Կարինե Քալանթարյան

No comments: