Tuesday, February 9, 2010

Փորձագետ. Թուրք գործընկերոջն ուղղված` նախագահի ուղերձը հավասարակշռված է

Panorama.am.9-2-2010- Աբդուլահ Գյուլին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հղած ուղերձը հավասարակշռված էր և լոյալ: Panorama.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Հրաչ Գալստյանը:
«Նախագահի ուղերձը բավականին հավասարակշռված էր, լոյալ: Ուղերձում շեշտերը դրված էին ճիշտ` էլիտաների քաղաքական պատասխանատվություն, իսկ ուղերձը լոյալ էր` առանց դեմարշների: Ընդգծվում էր նաև միջազգային հանրության դերակատարությունը»,- նշեց Հ. Գալստյանը:
Ի պատասխան այն հարցին, թե որքանով է ճիշտ ընտրված ուղերձը հղելու տեղն ու ժամանակը, Հ. Գալստյանն ասաց. «Դա միջազգային հարաբերություններում ընդունված պրակտիկա է: Նախագհն իր ուղևորության ընթացքում անցնում է Թուրքիայի օդային տարածքով, իսկ հայ-թուրքական հարաբերությունների թեման այսօր առավել, քան ակտուալ է: Այս պայմաններում տարօրինակ կլիներ, եթե նախագահը հանդես չգար նման ուղերձով»:
Հիշեցնենք, որ այսօր Լոնդոն այցելելու ճանապարհին նախագահ Սերժ Սարգսյանն ուղերձ էր հղել Աբդուլա Գյուլին, որտեղ ողջունել էր թուրք պաշտոնակցին ու վերստին հիշեցրել երկու երկրների իշխանությունների` սերունդների առջև ունեցած պարտավորությունների մասին:
Սերժ Սարգսյանը մասնավորապես նշել է. «Կարծում եմ կհամաձայնեք, որ հայ և թուրք ժողովուրդների` միմյանց հանդեպ ունեցած կարծրատիպը կոտրելու, փոխվստահության մթնոլորտ ձևավորելու խնդրում հիմնական դերը վերապահված է իշխանություններին: Միայն մեր գործի հանդեպ ունեցած հավատի, վճռականության և սկզբունքայնության շնորհիվ մենք կարող ենք հասնել արդյունքի: Այլապես, երբ հակասում են գործն ու խոսքը, դա ծնում է անվստահություն և թերահավատություն` գործունեության լայն դաշտ բացելով գործընթացին դեմ ուժերի համար: Մենք պետք է գիտակցենք, որ ժամանակն այս դեպքում ոչ թե նպաստում է գործընթացին, այլ` իմաստազրկում այն: Եթե մինչ այս պահը մեզ հաջողվել է երկկողմ շփումները բերել այնպիսի մակարդակի, որտեղից շատ ավելի տեսանելի ու շոշափելի է դառնում մեր երկրների միջև բնականոն հարաբերությունների կառուցման ապագան, ապա այսօր պահն է հանդես բերելու վճռականություն, կատարելու մեծ քայլ առաջ` ապագա սերունդներին ժառանգելով կայուն ու անվտանգ տարածաշրջան»:

Դինքի սպանության գործի «գաղտնի վկան» թուրք չէ՞

Tert.am.9-2-2010- Երեկ Ստամբուլի դատարանում տեղի էր ունեցել «Ակօս» շաբաթաթերթի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության գործի հերթական՝ 12-րդ դատական նիստը: Նիստին դատարանը պետք է լսեր Դինքի սպանության գործով անցնող «գաղտնի վկային», սակայն ինչ-ինչ պատճառներով այդ վկային չեն բերել դատարանի դահլիճ:
Թուրքական Milliyet օրաթերթի փոխանցմամբ՝ գաղտնի վկայի բացակայության առնչությամբ հայտարարություն է արել նախագահող դատավոր Էրքան Ջանաքը, ով ասել է, թե վկան, որի ինքնությունը չի հրապարակվում, դատարանի դահլիճից բացակայել է թուրքերենին լավ չտիրապետելու պատճառով։
«Գաղտնի վկան լավ չգիտի թուրքերեն։ Թարգմանիչ չգտնելու պատճառով՝ ես նրան չեմ կանչել»,- տեղեկացրել է դատավոր Ջանաքը։
Միևնույն ժամանակ նշվում է, որ գաղտնի վկան Հրանտ Դինքի սպանության գործի առնչությամբ դատախազությանը տեղեկություններ է հաղորդել թարգմանչի օգնությամբ։ Վկայի ազգային պատկանելության մասին ոչինչ չի նշվում։

Թուրքիայի արտգործնախարարը դրական է գնահատել Սերժ Սարգսյանի ուղերձը

Tert.am.9-2-2010- Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն դրական է գնահատել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի՝ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլին հղած ուղերձը։
Anadolu գործակալության փոխանցմամբ՝ Անկարայում կայացած Թուրքիա-Բոսնիա Հերցեգովինա-Սերբիա եռակողմ խորհրդակցության ժամանակ Դավութօղլուն, մեկնաբանելով Սարգսյանի ուղերձը Գյուլին, հայտարարել է. «Դա դրական ուղերձ է»։
Նշենք նաև, որ այսօր Trend News-ի հետ հարցազրույցում Դավութօղլուն հայտարարել է, որ Երևանը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում «բարի նպատակներ չի ցուցաբերում»։

Այսքանից հետո Թուրքիայից ու նրա իշխանություններից է կախված լինելու հետագա գործընթացի ողջ պատասխանատվությունը. Ն. Զոհրաբյան

Panorama.am.9-2-2010- «Նախագահի ուղերձով վերահաստատվեց այն, որ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է հանուն կայացող տարածաշրջանի բնականոն հարաբերություններ հաստատել հարևան Թուրքիայի հետ»,- մեկնաբանելով նախագահ Սարգսյանի` Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլին ուղղված ուղերձը` Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը:
Նրա հաստատ համոզմամբ` նախագահ Սարգսյանի այս քայլը ևս մեկ անգամ հաստատեց, որ Հայաստանը պատրաստ է չխախտել խաղի որևէ կանոն, շարունակել հարաբերությունների կարգավորման գործընթացը` առանց նախապայմանների բնականոն հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ:
«Ես կարծում եմ, որ այս ուղերձը մեսիջ կլինի` ուղղված միջազգգային հանրությանն այն մասին, որ Հայաստանի իշխանությունները շարունակում են հավատարիմ մնալ նախնական պայմանավորվածություններին` բնականոն հարաբերություններ հաստատելու Թուրքիայի հետ առանց որևէ նախապայմանի: Այսքանից հետո իսկապես գնդակը Թուրքիայի դաշտում է և Թուրքիայից ու նրա իշխանություններից է կախված լինելու հետագա գործընթացի ողջ պատասխանատվությունը»,- տեսակետ հայտնեց պատգամավորը:
Ըստ իշխանության ներկայացուցչի, եթե անգամ ընդունենք, որ հայ-թուրքական կարգավորման գործընթացը փակուղային վիճակում է գտնվում, ապա դրա ողջ պատասխանատվությունը ոչ թե հայկական կողմինն է, այլ Թուրքիայինը:
«Նախագահի այս քայլը հերթական քաղաքական քայլն էր Թուրքիային հասկացնելու, որ եթե վերջնականապես գործընթացը մտավ փակուղի, ապա դրա պատասխանատվությունը ողջ միջազգային հանրության առաջ, Հայաստանի և Թուրքիայի հանրության առաջ պատկանելու է բացառապես Թուրքիային»,- եզրափակեց Զոհրաբյանը:

Դավութօղլու. Բարձրացնելով Ցեղասպանության հարցը՝ Երեւանը ցանկանում է վիժեցնել հայ-թուրքական գործընթացը

News.am. 9-2-2010- Երեւանը բարի կամք չի դրսեւորում հայ-թուրքական մերձեցման գործընթացում, որ նախատեսված է երկրների միջեւ ստորագրված արձանագրություններով: Այդ մասին փետրվարի 9-ին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն՝ ադրբեջանական Trend News-ին տված հարցազրույցում:
«Արձանագրությունների կապակցությամբ Հայաստանի Սահմանադրական դատարանի ընդունած որոշումն ապակառուցողական է, եւ արված փոփոխություններից հետո երկու երկրների հարաբերությունները կրկին վերադարձել են նախկին մակարդակին»,- հայտարարել է Դավութօղլուն:
Թուրքական արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի խոսքով, եթե Հայաստանը ետ չկանգնի իր ապակառուցական դիրքորոշումից, հարաբերությունների կարգավորման գործընթացի շարունակումն անհնար կդառնա:
Խոսելով ԱՄՆ Կոնգրեսի արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ Հովարդ Բերմանի որոշմամբ մարտի 4-ին Հայոց ցեղասպանության բանաձեւի քննարկման մասին, Դավութօղլուն նկատել է, թե բարձրացնելով այդ հարցը, հայկական կողմը փորձում է խոչընդոտել հարաբերությունների կարգավորման գործընթացին:

Եթե հայ-թուրքական հարաբերությունները սառեցվեն ...

Aysor.am. 9-2-2010- «Հայ-թուրքական հարաբերությունների մասով Հայաստանը նախաձեռնեց մի գործընթաց, որի ձախողման պարագայում մենք կունենանք շատ ակտիվ ու հզոր ախոյան տարածաշրջանում»,-նման կարծիք հայտնեց Լեռնային Ղարաբաղի նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը:
Ա. Մելիքյանը գտնում է, որ գործընթացը չպետք է տարվեր այնպես, ինչպես ընթացավ, և տարբեր կողմերից, այդ թվում և Թուրքիայից եկող «այս հախուռն գրոհը միտված է` անգամ մոտ ապագայում հարաբերությունների հնարավորության տապալմանը»:
«Եթե Միացյալ նահանգները շարունակեն ճնշումը Թուրքիայի վրա, և եթե Թուրքիան որոշի խզել իր հարաբերություններն ԱՄՆ-ի հետ կամ ինքնուրույն քաղաքականություն վարել, ապա այն կարող է հանգեցնել ռուս-թուրքական դաշինքի կայացմանը, ինչը կարող է հետևանք դառնալ նրան, որ մենք կարող ենք կորցնել և´ ազատագրված տարածքները, և´ Արցախն ընդհանրապես, և´ ... ո՞վ գիտի, թե հետագայում ի՞նչ կլինի»,- ասաց Ա. Մելիքյանը:
Նախկին արտգործնախարարը հիշեցրեց նաև, որ վերջին շրջանում «Թուրքիան իր գործողություններում, թեև բարյացկամություն չի դրսևորել Հայաստանի հանդեպ, համենայն դեպս, շատ կտրուկ քայլերից էլ զերծ է մնացել»: Միևնույն ժամանակ նա նշեց, որ եթե այս գործընթացը ձախողվի, «Թուրքիան կակտիվացնի իր հակահայկական գործողությունները տարածաշրջանում»:
«Ընդամենը 100 տարի առաջ ստվար հայություն էր ապրում Կոստանդնուպոլսից մինչև Բաքու, իսկ այսօր մի սեպ է մնացել` Ջավախքից մինչև Մեղրի»,- ամփոփելով իր խոսքը` ընդգծեց Ա. Մելիքյանը:

Թուրք ընդդիմադիրը իշխանություննրին մեղադրել է Հայաստանի հետ գործընթացի վատ հետեւանքների համար

News.am. 9-2-2010- Թուրքական խորհրդարանի ամենամեծ ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության առաջնորդ Դենիզ Բայկալը ելույթ է ունեցել իր կուսակցության խորհրդարանական խմբակցության առաջ։ Ընդդիմադիր կուսակցության առաջնորդը անդրադարձել է նաեւ թուրքական իշխանությունների կողմից նախաձեռնած Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին։
Թուրքական Haber7-ի փոխանցմամբ՝ Բայկալը նշել է հետեւյալը. «Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման նախաձեռնության մեջ մեկ այլ խնդիր էլ կա։ Իրադարձության մանրամասների մեջ չենք մտնում։ Հայաստանը մեր հարեւանն է։ Անկախ Հայաստանի ստեղծվելուն պես՝ մենք առաջիններից ճանաչեցինք անկախությունը։ Նայեք պատմությանը։ Հայաստանը ադրբեջանական հողերն է „բռնազավթել“։ Թուրքիան այդ իրադարձությանը դեմ լինելով՝ փակել է սահմանը։ Դրանից Հայաստանը մեծ նեղություններ քաշեց եւ 60 հազար հայաստանցիներ եկան Թուրքիա՝ հացի խնդիր լուծելու համար, իսկ Թուրքիան աչք փակեց այդ ամենի վրա, որովհետեւ Թուրքիան ունի բարի կամք։ Թուրքիան չի փակել սահմաններ այն պատճառով, որ թշնամաբար է տրամադրված Հայաստանի դեմ՝ այլ չի ընդունել Ադրբեջանի դեմ իրականացվածը։
Մենք չենք տեսնում, որ Հայաստանը ցանկանում է բարելավել հարաբերությունները։ Մենք թուրքական իշխանություններին ասացինք, որ քայլ մի արեք։ Հիմա ինչի՞ դեմ ենք կանգնած», -նկատում է Դենիզ Բայկալը, ով ուշադրության է հրավիրել նաեւ Հայաստանի Սահմանադրական դատարանի որոշման վրա, որտեղ նշվում է, որ Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը չի կարող կասեցվել։
Բայկալը նշել է, որ մոտենում է ապրիլի 24-ը եւ օրակարգը կրկին թեժանալու է եւ ընդամենը դա էր իշխանությունների հայտարարած «զրո խնդիր» քաղաքականության արդյունքը։ «Շատ պարզ մի անհաջողություն։ Ոչ մի բան չկարողացան ձեռք բերել իշխանությունները։ Սակայն շատ բան կորցրեցին։ Կորցրեցին ադրբեջանցիների բարեկամությունը։ Ինչպես նաեւ տեսանք բնական գազի գնի բարձրացումը։ Այս ամենի եւ բնական գազի բարձր արժեքը, իհարկե, ժողովուրդն է վճարելու»,-նշել է Դենիզ Բայկալը։

Դավութօղլուն կոչ է անում Հայաստանին հրաժարվել «ապակառուցողական դիրքորոշումից»

Report.am. 9-2-2010- Երևանը բարի կամք չի ցուցաբերում, Հայաստանի և Թուրքիայի միջև ստորագրված արձանագորւթյուններով նախատեսված, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում` հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն: Թուրք դիվանագետի խոսքով, լոնդոնյան համաժողովի շրջանակում Հայաստանի իր պաշտոնակցի հետ հանդիպման ընթացքում նա հայտնել է իր անհանգստությունը ՀՀ Սահմանադրական դատարանի կողմից արձանագրություններում կատարված փոփոխությունների վերաբերյալ: «Հայաստանի Սահմանադրական դատարանի ընդունած որոշումը ապակառուցողական է և փոփոխություներից հետո, երկու երկրների փոխհարաբերությունները վերադարձել են նույն մակարդակի: Եթե Հայաստանը չհրաժարվի ապակառուցողական դիրքորոշումից, փոխհարաբերություների կարգավորման գործընթացի շարունակումը անհնար կլինի»,- ասել է Դավութօղլուն:

Ամենագեղեցիկ կին քաղաքական գործիչների ցանկում 6-րդը հայուհի է

Tert.am.9-2-2010- 20 Minutos իսպանալեզու կայքը կազմել է աշխարհի ամենագեղեցիկ կին քաղաքական գործիչների վարկանշային աղյուսակը: Վեցերորդ հորիզոնականում է ազգությամբ հայ էստոնացի քաղաքագետ. 26-ամյա Աննա-Մարիա Գալոյանը:
Չնայած վարկանշային աղյուսակը կոչվում է Top-50, այնուամենայնիվ, ցուցակում ներառված է 54 կին քաղաքական գործիչ:
Աղյուսակի առաջատարն է Պերուի խորհրդարանի պատգամավոր 30-ամյա Լուչիանա Լեոնը: Նրան հաջորդում է Պերուի առևտրի և զբոսաշրջության նախարար Մերսեդես Արաոսը (47): Երրորդ հորիզոնականում է Մեքսիկայի Հեղափոխական կուսակցության անդամ Սառա Լատիֆ Լուիս Չավեսը:
Ուկրաինայի վարչապետ, նախագահական ընտրություններին առաջադրված թեկնածու 48-ամյա Յուլյա Տիմոշենկոն նույնպես լավագույն տասնյակում է. նա զբաղեցնում է 8-րդ հորիզոնականը:
ԱՄՆ պետքարտուղար 61-ամյա Հիլարի Քլինթոնը հայտնվել է 34-րդ հորիզոնականում: Միացյալ Նահանգների նախագահական ընտրություններին Քլինթոնի մրցակից` փոխնախագահի պաշտոնում առաջադրված թեկնածու Սառա Փելինը զբաղեցրել է 24-րդ հորիզոնականը:

Թուրքերը կրկին սպառնում են Վաշինգտոնին

Tert.am. 9-2-2010- Միացյալ Նահանգների Կոնգրեսի հանձնաժողովում Հայոց ցեղասպանությունը ճանաչող թարմացված բանաձևի շուրջ քվեարկությունը հաջորդ ամսվա սկզբին կարող է կրկին վտանգել թուրք–ամերիկյան հարաբերությունները: Այդ մասին գրում է թուրքական Hurriyet-ը:
Հիշեցնենք, որ ԱՄՆ Ներկայացուցչական պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, Դեմոկրատական կուսակցության անդամ Հովարդ Բերմանը փետրվարի 5-ին հայտարարել էր, որ մարտի 4-ին պատրաստվում է հանձնաժողովում քվեարկության դնել Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը:
Բանաձևն այս տարի ևս կոչ է անելու Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամային ճանաչել Հայոց ցեղասպանությունը և օգտագործել Ցեղասպանություն եզրը (անգլ.` genocide) ապրիլի 24-ի ամենամյա ուղերձում։
Հանձնաժողովի կողմից բանաձևի հաստատվելուց հետո այն կներկայացվի Ներկայացուցիչների պալատի քվեարկությանը։ Պարբերականը հիշեցնում է, որ նույն այդ հանձնաժողովը ընդունել է նմանատիպ բանաձևեր 2000-ին, 2005-ին և 2007-ին, սակայն հերթը երբեք չի հասել Կոնգրեսի քվեարկությանը՝ Բիլ Քլինթոնի և Ջորջ Բուշի վարչակազմերի իրականացրած լոբբինգի հետևանքով։
Ըստ Hurriyet-ի` չնայած նման բանաձևերը պարտադիր ուժ չունեն, այնուամենայնիվ, Թուրքիան շարունակ նախազգուշացնում է, որ Հայոց ցեղասպանության որևէ պաշտոնական ճանաչումը Միացյալ Նահանգների՝ կամ Կոնգրեսի, կամ վարչակազմի կողմից, երկար ժամանակով կխարխլի Թուրքիայի և ԱՄՆ–ի հարաբերությունները։ Այժմ էլ թուրք դիվանագետները շեշտում են, որ այդ քաղաքականությունը դեռ ուժի մեջ է:

Թեհրանն ակտիվացնում է ջանքերը ղարաբաղյան խնդրի կարգավորման ուղղությամբ

/PanARMENIAN.Net/ 09.02.2010 - Հայաստանի ու Իրանի քաղաքական եւ տնտեսական հարաբերությունները բարձր մակարդակի վրա են, ինչը չես ասի մշակույթի եւ գիտության ոլորտում երկկողմ հարաբերությունների մասին: Այդ մասին մամլո ասուլիսում հայտարարել է ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Գառնիկ Ասատրյանը:
Անդրադառնալով Հայաստանի ու Իրանի ռազմավարական նախագծերին` իրանիստն ընդգծել է, որ երկաթուղու եւ ավտոմայրուղու կառուցումը կարեւոր ռազմավարական ծրագրեր են եւ մեծ նվաճում են Հայաստանի համար: Նա նշել է, որ հայ-իրանական հարաբերությունների խորացման համար մեծ ներուժ կա, որը պետք է կիրառվի:
Անդրադառնալով Իրանի դերակատարությանը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում` Գ.Ասատրյանը նշել է, որ առաջին փուլում պաշտոնական Թեհրանն ակտիվ դերակատարություն ուներ այդ խնդրի կարգավորման գործում: «Ինձ թվում է, որ Իրանը, որպես տարածաշրջանի կարեւորագույն խաղացողներից մեկը, կարող է կրկին ակտիվ դեր ստանձնել ղարաբաղյան կարգավորման գործում»,-ասել է պրոֆեսորը:
Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման նպատակով Հայաստանի, Իրանի եւ Ռուսաստանի տրանսպորտի փոխնախարարների մակարդակով ստեղծվեց աշխատանքային խումբ, որը զբաղվելու է երկու երկրների միջեւ ուղղակի երկաթուղային հաղորդակցության ստեղծման նախագծի մշակման վրա: Նախագիծը պահանջում է շուրջ 2 մլրդ դոլարի ներդրումներ:
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

Թեհրանը եռակողմ՝ Իրան-Հայաստան-Թուրքիա համագործակցության կոչ է անում

News.am. 9-2-2010- Իրանը դրական է գնահատում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը: Այդ մասին հայտարարել է Թուրքիայում Իրանի արտակարգ եւ լիազոր դեսպան Բահման Հոսեյնփուրը՝ պատասխանելով Միջին Արեւելքի հետազոտությունների կենտրոնի հարցերին։
Թուրքական Gercekgundem կայքէջի փոխանցմամբ՝ իրանցի դեսպանը նշել է, որ Իրանը աջակցում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին։ «Մենք սա ընդունում ենք որպես կարեւոր քայլ տարածաշրջանում խաղաղություն ու անվտանգություն եւ երկրների միջեւ բարեկամություն հաստատելու տեսանկյունից։ Իրանը եւ Հայաստանը վաղուց ունեն լավ համագործակցություն։ Այն կարող է Թուրքիայի հետ դառնալ եռակողմ համագործակցություն»,- նշել է Անկարայում Իրանի դեսպանը։

«Los Angeles Times»-ը զայրացրել է Ադրբեջանին

Ադրբեջանական ԶԼՄ-ների «բարեկամությունն» արևմտյան հրատարակությունների հետ շարունակում է «ամրապնդվել»: Ադրբեջանի տեղեկատվական դաշտում արևմտյան լրատվամիջոցների տարբեր հրապարակումների և նախագծերի առթիվ ելույթներն ու զանգվածային հիսթերիան ավանդույթ են դարձել: Նմանատիպ` Ադրբեջանի համար ոչ ցանկալի, հրապարակումների հայտնաբերմանը սովորաբար հաջորդում է նամակային ժանրով զանգվածային տարվածությունը` «անօրինականությունը կանխարգելելու» պահանջով:
Այս անգամ Ադրբեջանի դժգոհության պատճառ է դարձել «Los Angeles Times» ամերիկյան թերթը: ԱՊԱ-ի հաղորդմամբ, թերթը պլանավորում է ճանապարհորդությունների և արկածների ցուցահանդեսի անցկացում, ուր Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը ներկայացված են լինելու համատեղ: Հայաստանյան և ԼՂՀ տուրիստական ընկերությունները դեկտեմբերի 13-ին ցուցասրահում կբացեն «Բարի գալուստ Հայաստան» անկյունը:
«ԱՄՆ ադրբեջանական համայնքը իր խորին անհանգստությունն է հայտնել թերթի այդօրինակ գործողությունների կապակցությամբ: Նրանք «Los Angeles Times»-ին նամակ են հղել, որում ցուցադրության կազմակերպիչներին և թերթին կոչ են արել գրագետ կիրառել միջազգային իրավունքը և որոշ տերմիններ: Ամերիկյան ադրբեջանցիները հայտարարել են, որ ցանկացած մասնակցի կողմից իրեն չպատկանող տարածքի, մշակույթի և ժառանգության քարոզչությունն անթույլատրելի է: Ադրբեջանական համայնքի ներկայացուցիչները նաև հայտարարել են, որ հայերը պետք է զբոսաշրջիկություն զարգացնեն ոչ թե բռնազավթված ադրբեջանական հողերում, այլ` Հայաստանում. «ԱՄՆ կառավարությունը բազմիցս պաշտոնապես հայտարարել է Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման մասին: Մենք գտնում ենք, որ բոլոր իրավաբանական անձինք պետք է հավատարիմ լինեն կառավարության պաշտոնական դիրքորոշմանը: Այս անօրինականությունը կանխարգելելու համար դեռ կա ժամանակ»», - հայտնում է ԱՊԱ-ն:

Դինքի սպանությունը պաշտոնական, քաղաքական և կոլեկտիվ հանցագործություն է. ֆրանսիացի իրավաբան

Tert.am. 9-2-2010- «Ակօս» շաբաթաթերթի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանությունը պաշտոնական, քաղաքական և կոլեկտիվ հանցագործություն է։ Այս մասին, թուրքական Milliyet օրաթերթի փոխանցմամբ, Դինքի սպանության գործի հերթական դատական նիստից հետո հայտարարել է Փարիզի իրավաբանների ասոցիացիայի ներկայացուցիչ Վինսենտ Նիորը։
«Մենք պահանջում ենք, որպեսզի դատարանն անի առավելագույնը։ Հրանտի սպանությունն անպատիժ չի մնալու»,- հայտարարել է ֆրասիացի փաստաբանը։
Երեկ Ստամբուլի դատարանում տեղի է ունեցել Հրանտ Դինքի սպանության գործի հերթական՝ 12-րդ դատական նիստը: Նիստին դատարանը պետք է լսեր Դինքի սպանության գործով անցնող գաղտնի վկային, սակայն ինչ-ինչ պատճառներով այդ վկան չի բերվել դատարանի դահլիճ։
Cihan գործակալության փոխանցմամբ՝ Դինքի սպանությունից 11 օր անց գաղտնի վկան հարցաքննության ժամանակ հայտարարել էր, թե «Ակօս»-ի խմբագրապետի վրա կրակել են Օգյուն Սամասթը և Յասին Հայալը։ Սակայն մինչ օրս շրջանառվում է այն տեսակետը, թե Դինքի վրա կրակել է Օգյուն Սամասթը, իսկ Յասին Հայալն ու սպանության գործի գլխավոր մեղադրյալներից Էրհան Թունջելը նրան ուղղորդել են այդ գործողության ժամանակ։

Թուրք–իրանական հարաբերությունների ջերմացումը քրդական խնդրո՞վ է պյամանավորված

7Or.am. 9-2-2010- Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ Գառնիկ Ասատրյանն ասել է, որ յուրքանչյուր պետություն ուզում է գերտերություն դառնալ, և Թուրքյաի այդ ձգտումները հասկանալի են։ Նա նաև հավելել է, որ անակախ Թուրքիայի այդ ձգտումներից` Իրանի և Թուրքիայի միջև միշտ էլ մրցակցություն է եղել։
-Բայց Թուրքիան և Իրանն ունեն մի միացնող հանգամանք, որով սերտորեն կապվում են։ Դա քրդական խնդիրն է։ Երկուսն էլ նույն կերպ են մեկնաբանում այդ խնդիրը։ Թուրք-իրանական հարբերությունների ջերմացման գործընթացը սրանով էլ պայմանվորված է,-նշել է նա։

Ի ՎԵՐԻՆ ԵՐՈՒՍԱՂԵՄ

ԿԱԹՈՂԻԿՈՍԸ ԻՆՉՈՒ Է ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԿԱԶՄՈՒՄ

«Լրագիր» 9-2-2010- Փետրվարի 9-ին մեկնարկում է Սերժ Սարգսյանի եռօրյա այցը Մեծ Բրիտանիա: Փետրվարի 15-ին երկօրյա “մասնավոր” այցով Երուսաղեմ կգնա վարչապետ Տիգրան Սարգսյանը: Այդ երկու այցերն ունեն մի ուշագրավ ընդհանրություն: Խոսքն այն մասին չէ, որ երկուսն էլ կատարում են պետական բարձրաստիճան պաշտոնյաները: Ընդհանրությունն այն է, որ երկու այցերի պարագայում էլ առկա է Ամենայն Հայոց Կաթողիկոսի մասնակցությունը: Ընդ որում, մի դեպքում Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը մասնակցում է որպես Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակության անդամ, մյուս դեպքում էլ որպես Տիգրան Սարգսյանին ուղեկցող:
Թվում է, թե ինչ մի տարօրինակ բան կա: Բայց, խնդիրն այն է, որ հայոց հոգեւոր առաջնորդը փաստացի հասցվում է սովորական մի չինովնիկի կարգավիճակի, երբ կամ ընդամենը անդամակցում է նախագահի գլխավորած պատվիրակությանը, կամ էլ ընդամենը Երուսաղեմ է ուղեկցում վարչապետին:
Մինչդեռ, չէ որ Հայաստանում եկեղեցին անջատ է պետությունից: Չէ որ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մեծ Բրիտանիա կարող էր գնալ առանձին, հենց իր Կաթողիկոսական բարձր կարգավիճակով, չլինելով նախագահական պատվիրակության անդամ, այլ լինելով Հայ Առաքելական եկեղեցու առաջնորդ: Հետո թող Բրիտանիայում Ամենայն հայոց Կաթողիկոսը մասնակցեր Սերժ Սարգսյանի հետ այն արարողություններին, ինչի համար որ մեկնել է, բայց թերեւս արժեր մեկնել Կաթողիկոսական կարգավիճակով, ոչ թե նախագահի գլխավորած պատվիրակության անդամի:
Նույնը Երուսաղեմ այցի պարագայում: Թերեւս ավելի պատվաբեր կլիներ, եթե վարչապետն Ամենայն Հայոց Կաթողիկոսին ուղեկցեր Երուսաղեմ, ոչ թե հակառակը: Կամ, ավելի պատվաբեր կլիներ, եթե Ամենայն Հայոց Կաթողիկոսը վարչապետին առաջնորդեր Երուսաղեմ: Բայց առնվազն զարմանալի է, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսը վարչապետի մասնավոր անձի ուղեկից է հայտարարվում:
Հայաստանն անշուշտ աշխարհիկ պետություն է եւ աշխարհիկ իշխանությունն է գլխավորը: Բայց երբ եկեղեցին անջատ է պետությունից, դա հենց ենթադրում է, որ եկեղեցին նաեւ բարոյահոգեւոր իմաստով դուրս է դրվում աշխարհիկ իշխանության ենթակայությունից, դառնում է վերիշխանական մի կառույց, որի մոտ իշխանությունն է սովորաբար գնում, ոչ թե հակառակը: Բայց Հայաստանում այդ սովորաբարը հենց հակառակն է, եւ եկեղեցին է գալիս իշխանության մոտ, օրհնում իշխանական համագումարները, կրծքին մոտ պահում իշխանական տարբերանշանները, մասնակցում քարոզարշավներին, եւ այլն:

Հայաստանում, դժբախտաբար, եկեղեցին վեր է ածվել իշխանական կցորդի, ու ասենք մարտի 1-ին Ամենայն Հայոց Կաթողիկոսը Ռոբերտ Քոչարյանից թույլտվություն է հարցնում Լեւոն Տեր-Պետրոսյանի տուն գնալու եւ նրան դիմելու համար: Դրանից հետո զարմանալի չէ, որ Կաթողիկոսն ընդգրկվում է նախագահական պատվիրակության կազմում եւ ուղեկցում է վարչապետին, ու դա թե աշխարհիկ իշխանությանը չի հուզում, թե չի հուզում հոգեւոր իշխանությանը: Մյուս կողմից, այնքան կարեւոր հարցեր կան, որ թե աշխարհիկին, թե հոգեւորին Հայաստանում չեն հուզում: Մի հարց ավելի, մի հարց պակաս, միեւնույն է դրանից չի փոխվի ոչ մի բան:

ԵՂԻՇԵ ՄԵԾԱՐԵՆՑ

Ալիևի ելույթը խիստ քննադատության է արժանացել Ադրբեջանում

Aysor.am. 9-2-2010- «Ազադլըգ»-ը հայտնել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալևի քաղաքական հակառակորդները քննադատել են, «Եվրանյուզ» ալիքին նախագահ Իլհամ Ալիևի տված հարցազրույցը, հատկապես, Ադրբեջանում քաղաքական ազատությունների և մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ հարցազրույցում հնչեցրած նրա մի շարք մտքերը:
Ադրբեջանի «Ժողովրդական ճակատ» կուսակցության առաջնորդ Ալի Քերիմլին ասել է հետևյալը. «Պետության ղեկավարը բոլորի իմացած ճշմարտությունները անթույլատրելիորեն ժխտել է հենց բոլորի առաջ», -հայտարարել է Ժողճակատի նախագահը:

Թուրքական իշխանությունները մերժեցին նաև «Հրանտ Դինքի պողոտան»

Tert.am. 9-2-2010- Ստամբուլի քաղաքապետարանը մերժել է «Ակօս» շաբաթաթերթի սպանված խմբագրապետ Հրանտ Դինքի անվամբ վերակոչել «Էրգենեքոն» պողոտան։
Hurhaber գործակալության փոխանցմամբ՝ «Էրգենեքոն» պողոտան «Հրանտ Դինք» վերանվանելու առաջարկությամբ հանդես էր եկել Թուրքիայի Ժողովրդա-հանրապետական ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչ, Ստամբուլի քաղաքային խորհդի անդամ Օզգեն Նաման։
Թուրք ընդդիմադիրի խոսքով՝ քաղաքային խորհրդում առաջարկությունը մերժել են «Արդարություն և զարգացում» իշխող կուսակցության ներկայացուցիչները, որոնք մեծամասնություն են կազմում։
Հրանտ Դինքի սպանության երրորդ տարելիցի կապակցությամբ հունվարի 19-ին Ստամբուլում կազմակերպվել էր բողոքի ակցիա, որի մասնակիցները Շիշլի թաղամասում հանել էին «Էրգենեքոն» պողոտայի ցուցանակը՝ այն փոխարինելով «Հրանտ Դինք» ցուցանակով։
Հիշեցնենք, որ անցած տարի Ստամբուլի քաղաքապետարանը մերժեց «Ակօս» շաբաթաթերթի խմբագրատան հարևանությամբ գտնվող «Շաֆաք» փողոցը կոչել Հրանտ Դինքի անունով:
Հիշեցնենք նաև, որ դեռ երեկ Թուրքիայի կրթության նախարար Նիմեթ Չուբուքչուն ցանկություն էր հայտնել երկրի դպրոցներից մեկը կոչել «Ակօս» շաբաթաթերթի խմբագրապետ Հրանտ Դինքի անունով:

ԼՂՀ նախկին ԱԳ նախարար. «Արցախը պետք է մնա այն սահմաններում, որոնք այսօր կան»

-Գտնում եմ, որ Իրանի դերակատարումը չի կարող շատ մեծ լինել։ Իրանը, անշուշտ, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հետ կապակցված շահեր ունի, և նաև նրան սպառնացող վտանգներ կան, օրինակ՝ խաղաղապահ ուժերի տեղակայումը Լեռնային Ղարաբաղի տարածքում։ Ընդ որում, եթե դրանք լինեն ՆԱՏՕ-յական ուժեր, անշուշտ, դա Իրանի կողմից դրական չի համարվի,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման գործընթացում Իրանի դերակատարության մասին խոսելիս ասել է ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը։
Նա նշել է, որ ինքը ևս սխալ է համարում խաղաղապահ ուժերի տեղադրումը և առհասարակ տարածքների հետ կապված՝ Արցախում որևէ գործողություն կատարելը. «Արցախը պետք է մնա այն սահմաններում, որոնք այսօր կան։ Առնվա՛զն։ Եվ խաղաղությունը պետք է պահպանվի սեփական ուժերով, ոչ թե խաղաղապահների միջոցով»։

Թուրքիայում սրվում է իշխանության եւ զինվորականության հակամարտությունը

News.am. 9-2-2010- Թուրքիայում իշխանություն-զինվորականություն հակամարտությունը նորանոր զարգացումներ է ստանում, որի հերթական դրսեւորումն է դառնալու Թուրքիայի քրեափորձագիտական կենտրոնի որոշումը:
2009 թվականի Taraf-ի հունիսի 12-ի համարում տպագրել էր «Արդարություն եւ զարգացում» կուսակցության եւ Գյուլենի իսլամական միության վերացման" փաստաթուղթը (ֆունդամենտալիզմի դեմ պայքարի ծրագիրը)՝ գնդապետ Դուրսուն Չիչեքի ստորագրությամբ: Փաստաթղթում ներկայացվում էր, որ զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ վարչությունում մշակվել է ծրագիր, որով պետք է վերացվեր Էրդողանի կուսակցությունը եւ Գյուլենի իսլամական միությունը, քանի որ նրանք աշխարհիկ Թուրքիան փորձում են վերածել իսլամականի:
Այդ փաստաթուղթը լուրջ լարվածության առիթ էր հանդիսացել Թուրքիայի ներքաղաքական կյանքում: Սակայն զինվորականությունը պնդում էր, որ փաստաթուղթը կեղծ է եւ ստորագրությունն էլ չի պատկանում Դուրսուն Չիչեքին: Իսկ Դուրսուն Չիչեքը երկու անգամ ձերբակալվել եւ շատ կարճ ժամանակ անց ազատ է արձակվել: Ավելի ուշ հայտնվել էր մի սպա, ով դատախազությանն էր հանձնել այդ փաստաթղթի իրական տարբերակը:
Փետրվարի 8-ին քրեափորձագիտական կենտրոնի կողմից տված եզրակացության մեջ նշվել է, որ հիշյալ փաստաթղթի տակ եղած ստորագրությունը իրոք պատկանում է ծովային ուժերի գնդապետ Դուրսուն Չիչեքին:

Ինքնասպան է եղել բարձրաստիճան թուրք զինվորականը

Tert.am. 9-2-2010- Երեկ ինքնասպանություն է գործել Իզմիրի ռազմածովային ուժերի գնդապետ Բերք Էրդենը։
Zaman-ի փոխանցմամբ՝ թուրք բարձրաստիճան սպան ծառայողական ատրճանակով կրակել է իր գլխին և տեղում մահացել։ Դեպքի առնչությամբ իրականացվում է հետաքննություն։
Hurriyet թերթի փոխանցմամբ` միայն 2009թ. Թուրքիայում ինքնասպանություն է գործել հինգ բարձրաստիճան զինվորական, որոնք ուղղակի կամ անուղղակի կապեր են ունեցել «Էրգենեքոն» ահաբեկչական կազմակերպության հետ։

ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար. Իրանում պատերազմի վտանգ գոյություն ունի

News.am. 9-2-2010- «Իրանում պատերազմի բռնկման վտանգը գոյություն ունի»,- նման հայտարարություն է արել Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւը: «Շատ կարեւոր է, որպեսզի թույլ չտրվի պատերազմ, սակայն դրա սպառնալիքը կա: Տեսականորեն այդ վտանգը գոյություն ունի եւ մի շարք երկրներ չեն բացառում ռազմական գործողությունները»,- ասել է նա:
Նշենք, որ Արեւմտյան երկրները կասկածում են, որ Իրանում միջուկային զենք է մշակվում, իսկ Թեհրանը կտրականապես հերքում է այդ կասկածները՝ հայտարարելով, որ իր միջուկային ծրագիրը կրում է խաղաղ բնույթ:
Այս առնչությամբ, Պատրուշեւը կարծիք է հայտնել, որ հիմնավոր են միջազգային հանրության կասկածները, թե Իրանի միջուկային ծրագիրը կարող է ուղղված լինել միջուկային զենքի ստեղծմանը: «Իրանը պնդում է, որ չի ձգտում ունենալ միջուկային զենք, սակայն այն գործողությունները, որոնք նա իրականացնում է, այդ թվում նվազ հարստացված ուրանի մինչեւ 20 տոկոս հարստացումը, կասկածների տեղիք են տալիս, եւ այդ կասկածները հիմնավոր են»,- ասել է Պատրուշեւն ու հավելել, որ Իրանը պետք է բաց աշխատի ՄԱԳԱՏԷ-ի հետ:

Թեհրանն աջակցում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը

Tert.am. 9-2-2010- Իրանն աջակցում է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանը։ Այս մասին, Ankara գործակալության փոխանցմամբ, հայտարարել է Անկարայում Իրանի դեսպան Բահման Հոսեինպուրը։
«Մենք դա դիտում ենք որպես տարածաշրջանային խաղաղությանն ու անվտանգությանը, ինչպես նաև տարածաշրջանի երկրների միջև բարեկամության հաստատմանը միտված կարևոր հարց։ Իրանը հնուց ի վեր համագործակցում է Հայաստանի հետ։ Դա Թուրքիայի մասնակցությամբ կարող է վերածվել եռակողմ համագործակցության»,- նշել է իրանցի դիվանագետը։

Առաջիկայում տարածաշրջանում զինված հակամարտություն չի լինի

/PanARMENIAN.Net/ 09.02.2010 - Առաջիկայում տարածաշրջանում զինված հակամարտություն չի լինի: Այդ մասին հայտարարել է ռազմական մեկնաբան Ալեքսանդր Գոլցը: «Դրա պատճառները շատ են: Նշեմ միայն երկուսը` առաջինը, Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, եւ եթե, Աստված մի արասցե, պատերազմ սկսվի, շատ լուրջ խնդիրներ կառաջանան, եւ երկրորդը` Հայոց բանակի սպայական կազմը ավելի լավ է պատրաստված: Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ վերջին տարիներին Ադրբեջանը մեծ քանակությամբ զենք է գնել: Սակայն զենքը դա երկաթ է: Ինչ վերաբերում է մարտունակությանը, ապա, ըստ փորձագետների հայկական բանակի պատրաստավածությունը շատ ավելի բարձր է»,-ասել է Ա.Գոլցը:
Ըստ նրա, միշտ վտանգ կա, որ հակամարտությանը կարող է միջամտել Թուրքիան, որն ամենահզոր բանակն ունի տարածաշրջանում: «Իսկ Ռուսաստանը շահագրգռված է նրանում, որ տարածաշրջանում հակամարտություն չբռնկվի, ուստի կանի հնարավոր ամեն ինչ, որպեսզի դա տեղի չունենա»,-ասել է Գոլցը, հաղորդում է «Կովկասյան հանգույցը»:
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:
Հավաքական անվտանգության պայմանագրի Կազմակերպությունը (ՀԱՊԿ) ռազմաքաղաքական դաշինք է, որը ստեղծել են ԱՊՀ պետությունները Հավաքական անվտանգության մասին պայմանագրի հիման վրա, որը ստորագրվել է 1992թ. մայիսի 15-ին: Պայմանագիրը մեխանիկորեն երկարացվում է յուրաքանչյուր հինգ տարին մեկ:
ՀԱՊԿ-ի անդամ են Հայաստանը, Բելառուսը, Ղրղզստանը, Ղազախստանը, Տաջիկստանը եւ Ռուսաստանը: Ըստ պայմանագրի մասնակից պետությունները ապահովում են իրենց անվտանգությունը հավաքական հիմքի վրա: Մասնակից պետություններից մեկի կամ մի քանիսի անվտանգության, տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանությանը սպառնալիքի առաջացման դեպքում, կամ միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը սպառնալիքի դեպքոի, մասնակից պետությունները անհապաղ գործի կդնեն համատեղ խորհրդակցությունների մեխանիզմը` դիրքրոշումները համակարգելու եւ առաջացած սպառնալիքի վերացման նպատակով:

ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՄԿՆԱԽԱՂ

«Լրագիր» 9-2-2010- ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանի խոսքով, հայ-թուրքական հարաբերությունների գործընթացը մկնախաղ է: Հայաստանի կողմից համարժեք քաղաքականության բացակայության խնդիր կա: Զուգահեռաբար ընթացող երկու գործընթացներում` հայ-թուրքական հարաբերություններ և Ղարաբաղի խնդիր, մեր դիրքերը թուլանում են: Երբ նախաձեռնվում էր հայ-թուրքական հարաբերությունների բարելավման գործընթացը, Հայաստանը դրա շարունակականության վերաբերյալ որևէ պատկերացում չուներ: Դա պարզապես օդում կրակոցի նման մի քայլ էր, որը հանգեցրեց մի իրավիճակի, որում անցանկալի կերպով ակտիվացավ Ղարաբաղի հարցը: Եթե մինչև հայ-թուրքական գործընթացի սկիզբը երկու երկրների հարաբերությունները սառեցված կամ չեզոք էին, ապա գործընթացի ձախողման դեպքում ձեռք կբերենք լրացուցիչ շատ ակտիվ հակառակորդ և թշնամի: Թուրքիան երբեք իր գործողություններով բարյացակամություն չի դրսևորել Հայաստանի հանդեպ, և ձախողման դեպքում Թուրքիան կակտիվացնի իր հակահայկական գործողությունները տարածաշրջանում, ասել է Արման Մելիքյանը:
“Ուզում եմ հիշեցնել, որ 100 տարի առաջ ստվար հայություն էր ապրում Կոստանդնուպոլսից մինչև Բաքու: Այսօր մի փոքրիկ սեպ է մնացել հայաբնակ: Այս իրավիճակը ստեղծվել է քաղաքական մտածողության բացակայության հետևանքով: Հիմա ժամանակն է սթափվելու: Այն մարդիկ, ովքեր հայտարարում են, որ իրենք պատասխանատվություն են ստանձնել, իրականում իմ տպավորությամբ պատրաստ չեն այս գործընթացներին: Հայաստանն այնպես տարավ գործընթացը, որը միտված չէր հարաբերությունների կարգավորմանը, այլ հախուռն գրոհի փորձ էր, որի պատճառով մոտ ապագայում անհնար կլինի կարգավորել հարաբերությունները”, ասել է Արման Մելիքյանը:
Նրա կարծիքով, այսօր գոյություն ունի դեպքերի զարգացման մի քանի սցենար: Հանարավոր է նաև հայ-թուրքական ուղղակի բանակցություններ: Հայաստանը կարող է հաջողությունների հասնել, եթե փոխի իր աշխարհաքաղաքական ֆունկցիան` թուրքական աշխարհին զսպելու, անջրպետելու դերը: Հայաստանն իր այդ դերը արդեն 1 դար է կատարում է զգալի կորուստների գնով: Եթե ԱՄՆ-ն շարունակի ճնշում գործադրել Թուրքիայի վրա, հնարավոր է ստեղծվի ռուս-թուրքական դաշինք: Դրա հետևանքով էլ կարող ենք կորցնել Արցախը և ազատագրված տարածքները, նշել է Մելիքյանը:
Նա մեծ է համարել պատերազմի հավանականությունը Ղարաբաղի հարցում: “Պետք է ցանկացած պահի պատրաստ լինել պատերազմական գործողությունների վերսկսմանը: Ճիշտ է, դրա հավանականությունը ավելին չէ, քան 5 տարի առաջ, բայց 5 տարի առաջ էլ այն բավական բարձր էր”, ասել է Արման Մելիքյանը:

Թուրքիայի արտգործնախարարը մեկնում է Իրան

Tert.am. 9-2-2010- Հաջորդ շաբաթ Իրան կմեկնի Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն։ Մինչև այդ նա կայցելի Ղազախստան:
Թուրքիայի արտգործնախարարության տարածած հաղորդագրության համաձայն, տեղեկացնում են, որ Դավութօղլուն Թեհրան է մեկնում Իրանի միջուկային ծրագրի առնչությամբ։
Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում այն մասին, որ հնարավոր է՝ Դավութօղլուն Իրան մեկնի հենց այսօր։

Հայաստան-Թուրքիա մերձեցումը երկար ժամանակ կարող է պահանջել. ԵԽ գլխավոր քարտուղար

Tert.am. 9-2-2010- Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների մերձեցման գործընթացը հուսադրող է։ Այս մասին CnnTurk-ի հետ հարցազրույցում ասել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Տորբյորն Յագլանդը՝ միևնույն ժամանակ, նշելով, որ գործընթացը կարող է ժամանակատար լինել։
«Ես չգիտեմ, թե կարճաժամկետ հեռանկարում ինչպիսին է լինելու հարաբերությունների կարգավորման գործընթացի արդյունքը։ Չեմ կարող ասել՝ Արձանագրությունները երկրների խորհրդարաններում կվավերացվեն, թե՝ ոչ։ Այդ հարցում քաղաքական խոչընդոտներ կան։ Սակայն առաջին քայլն արված է, և վստահ եմ, որ դա վերջինը չի լինելու։ Գործընթացը կարող է ձգվել հինգ, տասը կամ քսան տարի։ Սակայն Հայաստանը և Թուրքիան հարևան երկրներ են»,- նշել է Յագլանդը։
Եվրախորհրդի գլխավոր քարտուղարը խոսել է նաև Թուրքիայի ինչպես տարածաշրջանում, այնպես էլ Եվրոպայում ունեցած դերակատարության մասին՝ հայտարարելով, որ իր ակնկալիքները Թուրքիայից մեծ են։
Անդրադառնալով Թուրքիայի ներքաղաքական հարցերին՝ Յագլանդը խոսել է թուրքական իշխանությունների «ժողովրդավարական նախաձեռնության» մասին՝ ընդհանուր առմամբ դրական գնահատելով ազգային փոքրամասնությունների սոցիալական և մշակութային իրավունքների ընդլայնմանն ուղղված մոտեցումը։ Միևնույն ժամանակ Տորբյորն Յագլանդը նշել է, որ այդ իրավունքները պետք է երաշխավորվեն սահմանադրորեն։ Եվրախորհրդի գլխավոր քարտուղարն ընդգծել է նաև, որ Թուրքիան «ժամանակակից սահմանադրության կարիք ունի»։

Հիլարի Քլինթոնի հանդիպումը հայ համայնքի ներկայացուցիչների հետ հետաձգվել է

/PanARMENIAN.Net/ 09.02.2010 - ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի փետրվարի 9-ին կայանալիք հանդիպումը հայ համայնքի ներկայացուցիչների հետ հետաձգվել է անորոշ ժամանակով: Ինչպես հաղորդում է «Armenian Weekly»-ին, Սպիտակ տան ներկայացուցիչը հաղորդել է, որ հանդիպումը, որի ժամանակ պետք է քննարկվեին Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին արձանագրությունները, հետաձգվել է Վաշինգտոնում վատ եղանակային պայմանների պատճառով:
Արձանագրությունների շուրջ Ամերիկայի հայկական կազմակերպությունների հետ խորհրդակցությունների մասին առաջարկը ԱՄՆ պետքարտուղարի նախաձեռնությունն էր: Հանդիպմանը մասնակցելու համար հրավիրվել էին Ամերիկայի Հայկական համագումարը, Ընդհանուր բարեգործական միությունը, ԱՄՆ-ում ՀԱԵ Արեւելյան եւ Արեւմտյան թեմերը, «Վարդանի ասպետները» կազմակերպությունները եւ Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը, որի նախագահը նամակր էր հղել Քլինթոնին` տեղեկացնելով, որ ANCA-ն չի մասնակցի հանդիպմանը:
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրությունները ստորագրվել են 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում: Արձանագրությունները ստորագրել են Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Ահմեդ Դավութօղլուն` Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավարների ներկայությամբ: Շվեյցարիան որպես միջնորդ է հանդես գալիս հայ-թուրքական բանակցություններում 2007թ. ի վեր: Ըստ փաստաթղթերի, երկրների միջեւ պետք է հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ եւ պետք է բացվի 1993թ. ի վեր փակ հայ-թուրքական սահմանը: Հունվարի 12-ին Հայաստանի Սահմանադրական դատարանն Արձանագրությունները Հայաստանի Սահմանադրությանը համապատասխան ճանաչեց: ՍԴ որոշման մեջ Արձանագրությունների վերաբերյալ ոչ մի նախապայմաններ չկան, քանի որ դա հակասում է վճռի կայացման սահմանված կանոնին: ՍԴ որոշման համաձայն Հայ-թուրքական արձանագրությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանն ու Հայաստանի Անկախության մասին հռչակագրին:

Հրեա ժողովրդի համար անընդունելի է Հայոց ցեղասպանության անտեսումը

/PanARMENIAN.Net/ 09.02.2010 - Իսրայելի Քնեսեթը վաղուց արդեն պետք է քննարկման դներ եւ ճանաչեր Հայոց ցեղասպանությունը: «Մեզ համար, որպես հրեա ժողովրդի որդիների, որը գիտի, թե ինչ է Հոլոքոսթը եւ պայքարը նրանց դեմ, ով մերժում է այդ փաստը, պետք է անընդունելի լինի Հայոց ցեղասպանության փաստի անտեսումը»,-PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասել է Քնեսեթի պատգամավոր, «ՄԵՐԵՑ» կուսակցության նախագահ Հաիմ Օրոնը:
Նա հույս է հայտնել, որ մի օր Իսրայելը կճանաչի Հայոց ցեղասպանությունը, քանի որ երկիրը բարոյական պարտավորություններ ունի այդ հարցում, հատկապես այժմ, երբ Իսրայելն ընդգծում է Հոլոքոսթի մասին հիշատակը պահպանելու անհրաժեշտությունը:
Անդրադառնալով տարածաշրջանի իրավիճակին` Օրոնը նշել է, որ Իրանի հետ պատերազմը միանգամայն հավանական է: «Ես վստահ եմ, որ Իրանի միջուկային ծրագիրը համընդհամուր խնդիր է, որը պետք է լուծվի միջազգային հանրության ջանքերով»,-ասել է Օրոնը:
Հաիմ Օրոնը Քնեսեթում Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձեւի հեղինակն է: 2009թ. բանաձեւի նախագիծը բավարար ձայներ չստացավ օրակարգում ընդգրկվելու համար:
Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` շուրջ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին:
Ժամանակակից Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանության պատմական փաստը եւ վարում է այդ փաստի ժխտման ներքին եւ արտաքին քաղաքականություն: Թուրքական պետության գործողությունները ներկայացվում են որպես «բռնագաղթ»` հայերի անվտանգությունն ապահովելու նպատակով: Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին խոսում են միայն առանձին թուրք մտավորականներ, որոնց թվում են պատմաբան Թաներ Աքչամն ու Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը:
Հոլոքոսթը գերմանական նացիստների ու այլ երկրներից կոլաբորացիոնիստների կողմից նացիզմի միլիոնավոր զոհերի համակարգված հետապնդումն ու գնդակահարումն էր, որի զոհը դարձան հրեական ժողովրդի գրեթե մեկ երրորդը եւ այլ փոքրամասնությունների բազմաթիվ ներկայացուցիչներ, որոնք խտրականության, վայրենությունների ու դաժան սպանությունների ենթարկվեցին:
Շոան Եվրոպական հրեայության աղետն է` հրեաների կողմից եբրայերենով ու ավելի հազվադեպ` որոշ այլ լեզուներում օգտագործվող տերմին է` հրեական էթնոսի լայնազանգված ոչնչացման` գերմանական նացիստների քաղաքականությունը սահմանելու համար:

Ադրբեջանն առաջիկայում դժվար թե պատերազմ նախաձեռնի. Արման Մելիքյան

Tert.am. 9-2-2010- ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանի կարծիքով, հայ-ադրբեջանական պատերազմի ռիսկը այսօր ավելին չէ, քան 5 տարի առաջ էր: Սակայն 5 տարի առաջ էլ, ըստ նրա, այդ ռիսկը փոքր չէր: «Մենք պետք է ցանկացած պահի պատրաստ լինենք պատերազմի: Դա միայն ղարաբաղյան հիմնախնդրին չի վերաբերում: Ցանկացած պետություն, եթե ուզում է գոյատևել, պետք է պատերազմի միջոցով պաշտպանի իր իրավունքները: Մենք պետք է չվախենանք պատերազմից»,- լրագրողներին այսօր ասաց նա:
Ըստ Մելիքյանի` առաջիկայում Ադրբեջանը դժվար թե պատերազմ նախաձեռնի, եթե, իհարկե, գերտերություններից աջակցություն չստանա: Սակայն այս սցենարը քիչ հավանական է:
Մելիքյանի խոսքով` արցախյան հիմնախնդրի հարցում Հայաստանը պետք է ինքնուրույն քաղաքականություն վարի: Որպես ղարաբաղյան հիմնախնդրի վատագույն սցենար Ա.Մելիքյանը դիտում է այն, որ հայկական զինուժը կարող է դուրս բերվել ազատագրված տարածքներից, որին կհաջորդի Ղարաբաղից հայերի հեռացումը:
ԼՂՀ նախկին արտգործնախարարը նշեց, որ թե' ղարաբաղյան և թե' հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ ինքը մի քանի անգամ ՀՀ իշխանություներին ներկայացրել է առաջարկություններ, որոնք, ըստ նրա, կարող էին մեղմել իրավիճակը: «Սակայն իշխանությունները գտնում են, որ իրենք ինքնուրույն պատրաստ են լուծել այդ հարցերը»,- ասաց Արման Մելիքյանը:

Վրաստանում Իրանի դեսպանը հույս է հայտնել, որ վիզային ռեժիմը երկու երկրների միջև կարող է դադարեցվել

Panorama.am. 8-2-2010- Ադրբեջանական ԱՊԱ գործակալության տարածած տեղեկատվության համաձայն, Վրաստանում Իրանի Իսլամական հանրապետության դեսպան Մուջաբա Դեմիրչին մեկնաբանել է այսօր Վրաստանի և Իրանի միջև վիզային ռեժիմի հավանական դադարեցումը:
Նա, մասնավորապես, ասել է. «Իրանի քաղաքականությունը հարևան երկրների հետ կայանում է այնպիսի պայմանների ստեղծման մեջ, որ մարդիկ կարողանան ազատ տեղաշարժվել մի երկրից մյուսը: Բնական է, այդ առումով Վրաստանի հետ վիզային ռեժիմը չեղյալ համարելու քայլը մեր օրակարգում է: Կկայանա այն, թե ոչ, ցույց կտա ժամանակը», - ասել է դեսպանը:
Ադրբեջանի հետ մուտքի վիզան չեղյալ համարելու Իրանի միակողմանի որոշումը դեսպանը հիմնավորել է վերջինիս հետ ավելի սերտ կապերի առկայության հանգամանքով:

Քրդերը քննարկում են հայոց պատմությունն ու հայ գրականությունը

Tert.am. 9-2-2010- Հոլանդիայի մայրաքաղաք Ամստերդամում քրդերի և հայերի մասնակցությամբ կազմակերպվել է հանդիպում, որի մասնակիցները քննարկել են հայոց պատմությանն ու հայ գրականությանն առնչվող հարցեր, ինչպես նաև Հայոց ցեղասպանության՝ հայ ժողովրդի վրա թողած ծանր հետևանքերը։
Firat գործակալության փոխանցմամբ՝ Ամստերդամի քրդական մշակույթի կենտրոնում կազմակերպված քննարկմանը մասնակցել են մեծ թվով հոլանդաբնակ հայեր և քրդեր։ Մասնակիցներից Օհաննես Քարաքաշը հանդես է եկել ելույթով, որի ընթացքում խոսել է Թուրքիայում հայկական եկեղեցիների հետ կապված խնդիրների մասին։
«Թուրքիայում մինչև 1915-ը կար երկու հազար եկեղեցի։ Իսկ հիմա մնացել է ընդամենը 37-ը, սակայն նրանցից միայն 2-3 են գործում որպես եկեղեցիներ»,- հայտարարել է Քարաքաշը՝ ավելացնելով, որ հայերի դեմ իրականացված ցեղասպանության հետևանքներն ուղղակի անդառնալի են հայ ժողովրդի համար։

Գեյթս. Իրանին պետք է համոզել` չարտադրել միջուկային զենք

Aysor.am. 9-2-2010- Իրանի միջուկային ծրագիրը կարող է Մերձավոր Արևելքում հանգեցնել սպառազինության մրցավազքի: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսը` իր ֆրանսիացի գործընկերոջ Էրվե Մորենի հետ Փարիզում տեղի ունեցած համատեղ մամլո ասուլիսի ընթացքում:
«Ես կարծում եմ, որ բոլորի հետաքրքրությունների դաշտում է խնդրի` իրանական միջուկային ծրագրի, առանց կոնֆլիկտի լուծումը: Մենք պետք է պատասխան տանք մեզ առ այն, որ եթե Իրանը ստեղծի միջուկային զենք, ապա ամենայն հավանականությամբ, այն կբերի Մերձավոր Արևելքում միջուկային զենքի տարծմանը: Սա շատ մեծ վտանգ է»,- ըստ ՌԻԱ Նովոստի գործակալության, հայտնել է Գեյթսը:
Ինչպես ասվում է ԱՄՆ-ի ԶՈՒ մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ, Գեյթսի խոսքերով` Իրանի հետ բանակցություններ վարող երկրների հիմնական խնդիրն է համոզել Իրանին, որ ավելի լավ է չունենալ մջուկային զենք:
«Գլխավորը` համոզել Իրանի ղեկավարներին, որ դեռ երկար ժամանակ իրենց համար ավելի լավ է չունենալ միջուկային զենք, քան` ունենալ: Ես կարծում եմ, որ մենք կարող ենք հասնել դրան` տնտեսական և դիվանագիտական շահերի միջոցով: Նմանօրինակ ճնշման հիմնական նպատակը պետք է դառնա Իրանին բանակցային սեղան վերադարձնելը և խնդրի լուծումն այնպես, որ Իրանը հնարավորություն չստանա ստեղծել միջուկային զենք», - ընդգծել է ԱՄՆ պաշտպանության նախարարը:

Գերմանիայում թուրքերին այնքան էլ չեն սիրում

Կոբլենցի համալսարանի «Աշխատանքի ապագա» սոցիոլոգիական ինստիտուտի հետազոտությունների արդյունքում պարզ է դարձել, որ Գերմանիայում թուրքական ծագում ունեցող աշխատանք փնտրողներն ավելի հաճախ են ենթարկվում ազգային խտրականության: Հետազոտողներն ավելի քան հազար դիմում են ուղարկել ուսանող-տնտեսագետների անունից՝ գերմանական ձեռնարկություններում պրակտիկան անցկացնելու խնդրանքով: Դիմումների բովանդակությունը անփոփոխ էր, փոխվում էին միայն դիմողների անունները: Ձևական աշխատանք փնտրողները ոչ միայն ունեին նույն որակավորումը, այլև ԳՖՀ-ի քաղաքացիներ էին և գերմաներենը բոլորի համար հիմնական լեզու էր հանդիսանում: Այնուամենայնիվ, ազգությամբ թուրք ուսանողները 14 տոկոսով պակաս դրական պատասխան էին ստացել, քան գերմանացի ուսանողները:

ՍՈՎԵՏԱՀԱՅԻ ԱՆՓԱՌՈՒՆԱԿ ՎԱԽՃԱՆԸ

Հրանտ Տէր-Աբրահամյան. հրապարակախոս, կրթությամբ պատմաբան, կյանքի ոճով եւ համոզմունքներով` ուստա («ունեմ իմ ուստավը, ուստի եւ ուստա եմ»): Սկզբունքորեն չի ընդունում Հայաստանում տարածված անհամարժեք բարձր ինքնագնահատականները, չափազանցված հավակնությունները:

-Հրանտ, կփորձե՞ք Ձեր գնահատականը տալ այսօրվա ստեղծված իրավիճակին, որո՞նք են մեր այսօրվա ամենաառաջնային խնդիրները:
-Այսօրվա իրավիճակի մասին խոսելու շատ բան չկա, քանի որ մոտավորապես նույն իրավիճակի շարունակությունն է, նույն խնդիրներ են, ինչ կային անցյալ տարի. որակական փոփոխություններ կարծես թե չկան: Իհարկե, շատացել են ընդդիմությանը քննադատողները, բայց ինչքան էլ մենք այսօր ընդդիմությանը չքննադատենք և շատ անգամ տեղին քննադատենք, ամեն դեպքում ընդդիմության գոյության փաստն ինքնին դրական է, քանի դեռ չկա դրան իրական այլընտրանք` գաղափարական եւ քաղաքական: Ընդ որում, ընդդիմություն ասելով, ես ուզում եմ հասկանանք ավելի լայն բան, քան զուտ քաղաքական ընդդիմությունը:
Ընդդիմություն ասելով` ես ավելի շուտ հասկանում եմ հասարակության ընդդիմադիր շերտը, որի մի զգալի մասն անցել է 2008-ի շարժման միջով: Էդ իմաստով իրավիճակը տարբերվում է 2003-04-ից հետո ստեղծված իրավիճակից: Կարծում եմ` տարբերվում է նրանով, որ այսօր անկախ նրանից` կուժեղանա թե կթուլանա քաղաքական ընդդիմությունը, հասարակական մի շերտ կա, մի միջուկ կա, որը տրամադրված չէ վերադառնալու նախկին վիճակին, որի մեջ տեղի են ունեցել հոգեբանական անշրջելի փոփոխություններ: Այս երկու տարվա մեջ մենք շատ ենք հասունացել, շատ ենք փորձ ձեռք բերել: Ինչ վերաբերում է այսպես կոչված ապատիկ շերտին, ես, իհարկե, եթե հարցազրույց չլիներ, ավելի կոպիտ կարտահայտվեի, որովհետև այդ մարդիկ իրենց ամբողջ կյանքն են եղել ապատիայի մեջ, իրենք Ղարաբաղի պատերազմի ժամանակ էլ էին ապատիայի մեջ, երբ մեր զորքերը Ղարաբաղում հաղթանակներ էին տանում, իրենք 2008-ին էլ էին ապատիայի մեջ, իրենք ապատիայով էլ կմեռնեն, իրենց բարի ճանապարհ այդ ուղու վրա: Կարծում եմ` դա մարդկանց մի խումբ է, որը հավերժ մնացել է անցյալում: Մանավանդ այն բանից հետո, երբ Ցյուրիխի արձանագրությունների ստորագրման հաջորդ օրը, մեծ թվով մարդիկ ոչխարի պես դուրս էին եկել փողոց Հայաստանի (ինչո՞ւ ոչ Թուրքիայի) դրոշներով ու տոն էին տոնում, ես այլևս որևէ հույս չունեմ սովետահայ ազգից: Իմ հույսը միայն նոր ձևավորվող, նոր ծնունդ առնող ուրախ հայերի հետ է կապվում: Ինչքան էլ տարօրինակ հնչի, մենք` որպես ազգ, նոր ենք ձևավորվում: Սովետահայ ժողովուրդը մահացավ կամ գուցե հոգեվարքի մեջ է դեռ, և այդ մահը հերոսական չէր, ու պետք չէ փորձել հարություն տալ մեռելներին:

-Հիմա շատերը, ՀԱԿ-ի մեջ նախկին ոգևորությունը չտեսնելով, սկսել են առանձին նախաձեռնություններով հանդես գալ, քննարկումներ կազմակերպել: Որքանո՞վ եք մասնակից այդ քննարկումներին, ի՞նչ կարող են փոխել դրանք:
-Եթե խոսքն իմ իմացած քննարկումների մասին է, ապա այդտեղ, որքան ինձ հայտնի է, խոսք չկա քաղաքական նոր ուժի մասին, այլ խոսք կա գաղափարների գեներացիայի մասին: Եթե կան ինչ-որ այլ խմբեր, ես տեղյակ չեմ:
Իսկ ինչ վերաբերում է նոր քաղաքական ուժի ի հայտ գալուն, ապա ասեմ, որ այս պահին ինձ այդ գաղափարն ընդհանրապես չի հետաքրքրում, որովհետև սա ինչ-որ փակ շղթա է ստացվում: Ասենք 2003-ի ընդդիմությունը գնաց, եկավ նոր ընդդիմություն, հիմա ասում են այդ մեկն էլ լավը չի, հիմա եկեք նոր ընդդիմություն ստեղծենք, որ ի՞նչ, որ երկու տարի հետո ասենք եկեք սա՞ էլ մի կողմ դնենք, էլի նորը ստեղծենք: Այսինքն` մենք ի՞նչն ենք ուզում փոխել, մարդկա՞նց ենք ուզում փոխել: Եթե մարդկանց ենք ուզում փոխել, մենք ոչ մի բանի չենք հասնի, ու ինձ դա հետաքրքիր չէ: Կարծում եմ` ի վերջո այդ ցիկլից պետք է դուրս գանք:
Ես ՀԱԿ-ի գլխավոր խնդիրն այն չեմ համարում, որ ՀԱԿ-ը չվերցրեց իշխանությունը: Տեխնոլոգիայի առումով ամեն ինչ ճիշտ էր արված: Ուրիշ բան է, որ այդ տեխնոլոգիան միշտ չէ, որ գործում է: Այլ բան է, որ ՀԱԿ-ը չկարողացավ թե հասարակական, թե մտքի ոլորտում համակարգված աշխատանք տանել: Այսինքն` այն պոտենցիալը, որ ինքն ուներ /իսկ ինքը համակիրների շատ մեծ պոտենցիալ ուներ/, կարծես թե չկարողացավ այդ պոտենցիալից լիարժեք օգտվել: Այսօրվա գլխավոր պակասը ես տեսնում եմ համապարփակ գաղափարական այլընտրանքի բացակայության մեջ: Էդ գաղափարական աշխատանքը վերջին երկու տարվա մեջ չտարվեց, եւ այստեղ է, որ մտավոր աշխատանքով զբաղված մարդիկ այսօր անելիք ունեն:
Եվ իրականում Հայաստանում քաղաքականությունը ձախողվում է, չի ստացվում, որովհետև մեծ հաշվով տակը համակարգված մտքի պակաս կա: Այսինքն`ոչ թե բութ ենք, միտք չկա, այլ այդ այլընտրանքային մտքի համակարգված առաջարկը չկա: Ես կուզենայի, որ մեր մտավորականները, որոնք այսօր ՀԱԿ-ին քննադատում են, ոչ թե զբաղվեին քաղաքական հարցերով, այլ փորձեին իրենց դաշտի բացը լրացնել, որովհետև այս պահին իրենց դաշտի բացերն են ավելի շատ երևում: Քաղաքական բացեր ևս կան, բայց դրանք «այսբերգի» վերին մասն են, իսկ հիմքում մտքի պակասն է:
Ես մի քանի խնդիր կառանձնացնեի, այսինքն` ի՞նչ պետք է անել: Նախ պետք է այսօրվա իրավիճակը շատ հստակ ախտորոշվի: Բոլորս էլ գիտենք, որ իրավիճակը վատն է, բայց դրա իրական ակունքների եւ ներկա կոնտեքստի հստակ ձեւակերպումը եւ ախտորոշումը չի տրվել: Իսկ եթե նման փորձեր արվեն, համոզված եմ, որ կոնսենսուսի շատ քիչ դաշտ կլինի նույն ընդդիմադիր մտավորական շերտի մեջ: Կարող է պարզվել, որ մենք ընդդիմադիր ենք շատ տարբեր և հակադիր բաներին: Դեմ լինել ներկա վիճակին, դեռ չի նշանակում համախոհ լինել: Եթե խորանանք և ինքներս մեզ վերլուծենք, կարող է պարզվի, որ մեկը ընդհանրապես դեմ է Հայաստանի անկախությանը, իսկ մյուսն էլ ինձ նման ողջ խնդրի առանցքը տեսնում է հետսովետականության և Ռուսաստանի ազդեցության գոտում գտնվելու մեջ:
Որակապես նոր քաղաքան ուժի ի հայտ գալու համար ապագայում, կարծում եմ, պետք է հասարակական գոնե մի փոքր խումբ ձևավորված լինի, որը ներքին կոնսենսուս ունենա կարևոր հարցերի շուրջ: Էդ դեպքում կլինի նոր քաղաքական ուժի իրական հասարակական պահանջարկ: Իսկ էն, ինչ որ ես այսօր տեսնում եմ, առայժմ փորձեր են վերջին 20 տարվա մեջ եղած ընդդիմադիր մոդելները նոր «ուպակովկայով» առաջարկել: Ես ավելին ասեմ, որն ինձ համար էլ նոր միտք է ու դեռ համոզված չեմ դրա ճշմարտացիության մեջ, դեռ վարկածային է: Ինձ այսօր ոչ այնքան նոր «համաժողովրդական շարժում» կհետարքրեր, այլ գուցե ավելի փոքր, բայց ավելի հստակ ձևակերպումների դաշտում գործող ուժ: Որովհետև ինքը` ժողովուրդ բառը, որը մենք բոլորս սովոր ենք օգտագործել, վաղուց կորցրել է իր հստակ իմաստը: Էդ ժողովուրդը սովետական ժողովուրդն է, որը չկա: Այսօր հասարակությունը շատ ավելի բազմաշերտ է և շատ ավելի բարդ կառուցվածք ունի:
Երկրորդ կարեւոր հարցը, բացի իրավիճակի հստակ ախտորոշումից, այն է, թե ինչ կոնկրետ նպատակ պետք է դնի իր առաջ ընդդիմադիր հասարակական շերտը և ինչ տեխնոլոգիաներ պետք է մշակի այդ հարցի լուծման համար: Բացի այդ, ուղղակի օդի պես անհրաժեշտ է մի պահ կանգ առնել ու սառը վերլուծության ենթարկել, թե ինչ տեղի ունեցավ վերջին երկու տարվա մեջ: Յուրահատուկ վերաբեռնում է պետք նորից առաջ շարժվելու համար:

-Հրանտ, Դուք ի՞նչ քաղաքական ուժ կուզենայիք տեսնել, ի՞նչ մտքի, գաղափարի կրող: -Եթե մի քիչ առաջ ընկնենք, ես կուզենայի ապագայում մի ուժ, որը հստակ կձեւակերպեր, որ մեր խնդիրների արմատն առաջին` սովետական ժառանգությունն է, եւ երկրորդ` այսօր Ռուսաստանի ազդեցության դաշտում մեր գտնվելու փաստը:
Մենք հետսովետական տարածքի մի մաս ենք, մենք կղզի չենք ինչ-որ օվկիանոսում: Եթե մեզ մոտ որևէ բան կատարվում է, դա այդ պրոցեսների անմիջական արտահայտությունն է:
Ես կուզենայի մի ուժ, որը հստակ կասեր` ես հիմնվում եմ բուն հայկական ազգային կամ քաղաքակրթական գծի վրա: Հայերը եղել են արեւմտյան քաղաքակրթության ուրույն մաս, և մենք հստակ պետք է այդ գիծը վերագտնենք, որպեսզի վերագտնենք նաև մեր հայկական ինքնությունը, և սովետահայկական ինքնության հանդիսավոր թաղումը կազմակերպենք` գաղութատիրական մտավորականության սիմվոլիկ թաղման հետ մեկտեղ:
Եվ երրորդ` մինչև մենք Ռուսաստանի ազդեցությունից դուրս չգանք, մենք ոչ մի խնդիր մեր երկրում չենք լուծի:
Գումարած դրան` քաղաքական ուժը պետք է առաջարկի կոնկրետ տեխնոլոգիաներ: Օրինակ, եթե ընտրություններին մասնակցում է, ապա ինչ խնդիր է լուծում, ինչպես է ընտրակեղծիքների և ընտրակաշառքների դեմն առնում շատ հստակ ու կոնկրետ, այլ ոչ թե վերացական կարգախոսներով ու «ոգևորիչ» խոստումներով: Եվ վերջապես, որպես քաղաքական ուժ` ինքն իր ներսում, իր ներքին հարաբերություններում ի՞նչ մոդել է օգտագործում, որ ես համոզվեմ, որ ինքը դեմոկրատական է: Ինքը ներքուստ դեմոկրատակա՞ն է, թույլատրում է իր ներսում այլակարծության դրսևորումներ, ֆրակցիոն պայքար, իր ղեկավար կազմը պարբերաբար վերընտրվո՞ւմ է, նոր մարդիկ հայտնվո՞ւմ են, իր առաջնորդը երկու ժամկետից ավելի նստո՞ւմ է, թե չէ, քաղաքական անհաջողության դեպքում ղեկավարությունը պատասխանատվություն կրո՞ւմ է, հրաժարական տալի՞ս է, թե չէ: Այսպիսի քաղաքական ուժ մենք այս պահին չենք կարող ունենալ, որովհետև սա նախ պետք է ձևակերպվի տեսության մեջ: Հետո պետք է ինչ-որ թեկուզ փոքր խումբ կոնսենսուսի գա այդ ամենի շուրջ: Դրանից հետո նոր կխոսենք նոր ուժի մասին: Իսկ մինչ այդ, ես կարծում եմ, ցանկացած եղած ընդդիմությանը պետք է հնարավորության սահաններում աջակցել, որպեսզի գոնե թուրքմենստանի կամ պուտինլենդի չվերածվենք:
Իմ գործընկերներից մեկն ինձ ասում է` բա մենք այս երեք տարի է գրում ենք, բա սրանք ձևակերպումներ չէի՞ն, ես ասում եմ` իհարկե չէին, մենք դեռ շատ հեռու ենք նրանից, որ իսկապես հստակ ձևակերպենք: Մենք նոր ենք մոտենում դրան: Եվ նման ձևակերպումներ պետք է տան նրանք, ովքեր հարել են ընդդիմությանը և եղել են ընդդիմության մտավոր շերտը:
Ի վերջո, քաղաքականություն հիմքում միշտ էլ միտքն է, առանց դրա չի կարող լինել քաղաքականություն և չի լինի փոփոխություն: Ասենք, ֆրանսիական հեղափոխությունն ինքն իրենով չեղավ: Չեկան ու ասացին` այս թագավորը վատն է, եկեք գցենք: Մինչ այդ մտավորականների մի ամբողջ սերունդ եղավ, որոնք այդ խնդիրները ձևակերպեցին` սկսած ամենաֆունդամենտալ փիլիսոփայական հարցերից:
Ես կարծում եմ` մենք այսօր չենք կարող քաղաքական դաշտից շատ բան պահանջել, եթե մտավորական շերտը չի տալիս համապատասխան արտադրանք: Հիմա ես ուզում եմ մտածել իմ և իմ նման մարդկանց պատասխանատվության մասին: 2008 թվականի այդ ակտիվ օրերին նաև մեր ազդեցության տակ շատ մարդիկ միանում էին, մասնակցում էին և այլն: Այսինքն`եթե ինչ-որ բան չի ստացվել, ես համարում եմ, որ կա նաև իմ և իմ նման մարդկանց պատասխանատվությունը: Անընդհատ ասում ենք ժողովրդավարություն, բայց մեր ենթագիտակցությամբ ժողովրդավար չենք, մենք մեր պատասխանատվությունը դնում ենք մի մարդու վրա, այսինքն` ավտորիտար մոդելով ենք շարժվում: Ասում ենք, որ եթե չստացվեց, ապա քաղաքական գործիչն է մեղավոր, չենք ասում` բոլորս ենք պատասխանատու: Ամեն ինչում ուզում ենք պապա գտնել, ու իրենից ամեն բան պահանջել:

-Ոչինչ չստացվեց, որովհետև դրսի գործո՞նն էլ կար:
-Կար նաև Ռուսաստանի խնդիրը: Որպես պարտված կայսրություն` նա այդպես էլ չի կարողացել ճիշտ ուղին գտնել: Այսինքն` փորձեր ինքն իր ժառանգությունը վերիմաստավորվել` ավելի առողջ ճանապարհի վրա դուրս գալ: Հակառակը, ինքը ինքնամեկուսանում է, բազմաթիվ բարդույթներ է ձեռք բերել և, կոպիտ ասած, այսօր արդեն թույն է արտադրում, ու այդ թույնը գալիս է Հայաստան, մանավանդ որ մենք տարբեր թելերով կապված ենք նրանց: Հատկապես մեր մտավորականությունն է կապված: Մենք այդ մտավոր դաշտի ազդեցության տակ ենք գտնվում, որը հետադիմական է, փակուղային և որը ձևավորում է մեր այսօրվա իրականությունը: Ես այսպես եմ հասկանում` մենք մինչև այս ազդեցության գոտուց դուրս չգանք, մենք մեծ հաշվով ֆունդամենտալ խնդիրներ չենք լուծի:

-Իսկ հնարավորություններ, նախադրյալներ կա՞ ն, որ մենք այդ ազդեցության տակից դուրս կգանք:
-Եթե դուրս չգանք, պետք է դեպի գերեզման գնանք: Իհարկե, նրանք հզոր են, մենք թույլ ենք, բայց ես չեմ ասում պատերազմ հայտարարենք: Բայց մտավոր դաշտում հաստատ կարող ենք անել, այդ խնդիրները կարելի է ձևակերպել, մանավանդ որ ուրիշ ճանապարհ չկա: Բայց եթե ապագայում նման ուժ ձևավորվի, արդյոք հասարակության մեծ մասը նրան կընդունի: Իմ կարծիքով, դա այս պահին էական չէ, թող փոքրամասնությունն ընդունի, բայց դա կլինի հստակ առանցք և հստակ այլընտրանք այսօրվա իշխանություններին:
Շատ հետաքրքիր, ծրագրային հարցազրույց տվեց Արա Նեդոլյանը: Այն, ինչ ես հիմա քրտնելով փորձում եմ բացատրել, այդ մարդը շատ լավ ձևակերպել է այն, չնայած գիտեմ, որ հատկապես սովետական ժառանգության հետ կապված, նա իմ հետ թերևս չի համաձայնվի: Նրա ձևակերպած ոչ թե այսօրվա կամ երեկվա Նորվեգիան պետք է կառուցվի, այլ վաղվա Հայաստանը: Այսինքն` երբ այդ պատկերն ունեցար, արդեն պատկերից կգաս տրամաբանության:

-Հրանտն ունի՞ այդ տեսիլը, պատկերը:
-Հասկանում եք`Հրանտը, Արա Նեդոլյանը պետք է պատկեր չունենան, այլ դա պետք է լինի իսկապես միասնական դաշտի արդյունքը: Մեկ մարդով նման բան չի կարող լուծվել, ոչ էլ առավել ևս կոլեկտիվով: Ես կասեի, գուցե կոլեկտիվ անհատականությամբ, չգիտեմ ինչպես կոչեմ դա` «դաշտ» բառից լավը չկա:

-Իսկ Դուք որևէ ծրագիր մտածե՞լ եք կամ ասենք մշակել:
-Ես իմ ծրագիրը կներկայացնեմ Lragir.am-ի ընթերցողին 2010 դեկտեմբերի 26-ին (ծիծաղում է):

Պայմանավորվեցինք:

ԶՐՈՒՑԵՑ ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆԸ
«Լրագիր» 9-2-2010

Թուրք պատգամավոր. Մինչև ապրիլ Արձանագրությունները կվավերացվեն

Aysor.am. 9-2-2010- Մինչև ապրիլ Թուրքիայի իշխանությունները կվավերացնեն հայ-թուրքական արձանագրությունները: Այդ մասին Տրենդ Նյուզ-ի հետ հեռախոսազրույցում հայտարարել է Թուրքիայի խորհրդարանի Ժողովրդա-հանրապետական կուսակցության պատգամավոր Ջանան Առըթմանը:
Ըստ նրա, Անկարան կգնա Արձանագրությունների վավերացմանը` որպես պատճառ ներկայացնելով ԱՄՆ ճնշումը:
Առըթմանը հայտարարել է, որ ի տարբերություն Հայաստանի, Թուրքիան մինչ օրս չի ներկայացրել իր դիրքրորոշումը Արձանագրությունների վերաբերյալ:
«Չնայած այն փոփոխություններին, որոնք արձանագրություններում հավելել է Հայաստանի Սահմանադրական դատարանը, Անկարան դեռ ապրում է դրանց հաստատման հույսերով»,- ասել է պատգամավորը, միաժամանակ հավելելով, որ Արդարություն և զարգացում կուսակցության կողմից Արձանագրությունների վավերացման գործընթացը տանուլ կտա:

«Zaman» Մահացել է Ցեղասպանության բանաձևին դեմ արտահայտվող կոնգրեսականը

Մահացել է Հայոց ցեղասպանության բանաձևին ԱՄՆ Կոնգրեսում մշտապես դեմ արտահայտված Ներկայացուցիչների պալատի դեմոկրատ անդամներից 77-ամյա Ջոն Մուրթհան: Նա գլխավորում էր Ներկայացուցիչների պալատի դոտացիաների հարցերով հանձնաժողովի պաշտպանության ենթահանձնաժողովը: Այս մասին հայտնում է թուրքական «Զաման» (Zaman) թերթը:
Աղբյուրի համաձայն` մահը վրա է հասել հիվանդանոցում: Ջոն Մուրթհան Ներկայացուցիչների պալատում պաշտոնավարել է 1974 թվականից և հանդիսանում էր պալատի ազդեցիկ անդամներից մեկը:
«Zaman»-ն ուշադրություն է հրավիրում այն համգամանքի վրա, որ հիշյալ կոնգրեսականը հայտնի է եղել Հայոց ցեղասպանության բանաձևի նկատմամբ ունեցած իր ընդդիմադիր կեցվածքով:
Օրինակ` 2007 թվականին, երբ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Արտաքին կապերի հանձնաժողովի կողմից ընդունվել էր Ցեղասպանության բանաձևը, Մուրթհան մամուլի ասուլիս էր հրավիրել և Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիին կոչ արել այդ բանաձևը քվեարկության չդնել Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստում:
Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում քվեարկության է դրվելու Հայոց ցեղասպանության ճանաչման 252 բանաձևը, որը հանձնաժողովին էր ներկայացվել դեռևս 2009 թվականի մարտին։ Ներկայացուցիչների պալատի Արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ Հովարդ Բերմանը քվեարկության օր է նշանակել մարտի 4-ը։ Ներկայումս բանաձևին աջակցող կոնգրեսականների թիվը հասնում է 135-ի: Այդ բանաձևը հեղինակել են կոնգրեսականներ Ադամ Շիֆը, Ջորջ Ռադանովիչը և ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահներ Ֆրենկ Փալոնին ու Մարկ Քըրքը:

Իրանը հրավիրել է ՄԱԳԱՏԷ-ի տեսուչներին ներկա գտնվել ուրանի հարստացման գործընթացին

/PanARMENIAN.Net/ 08.02.2010 - Թեհրանն առաջարկել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) մասնագետներին ներկա լինել Նաթանզեում ուրանի հարստացման առաջիկա աշխատանքներին, երկուշաբթի հաղորդում է «Ֆրանս Պրես» գործակալությունը` հղում անելով ՄԱԳԱՏԷ-ում Թեհրանի պաշտոնական ներկայացուցիչ Ալի Ասղար Սոլթանիեին:
«Նամակում մենք հրավիրել ենք ՄԱԳԱՏԷ-ի տեսուչներին ներկա գտնվել ուրանի հարստացման գործընթացին, քանի որ բոլոր միջուկային օբյեկտները գտնվում են գործակալության վերահսկողության տակ»»-մեջբերում է «Ֆրանս Պրեսը» Իրանի պետական «ԻՌՆԱ» գործակալության հաղորդագրությունը:
Նախօրեին Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին հայտարարել է, որ Թեհրանն երկուշաբթի մտադիր է իրազեկել ՄԱԳԱՏԷ-ին ուրանի հարստացման աշխատանքների մեկնարկի մասին, իսկ երեքշաբթի` սկսել ուրանի հարստացման գործընթացը Նաթանզեում: Կիրակի օրն Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը հրահանգ է տվել Սալեհիին` սկսել ուրանի հարստացումը մինչեւ 20 տոկոս, հաղորդում է Iran.ru-ն:

CnnTurk. Եվրախորհրդի գլխավոր քարտուղարի կարծիքով հայ-թուրքական գործընթացը կարող է տևել 5-10 տարի

Panorama.am. 9-2-2010- Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Տորբյորն Յագլանդը հուսադրող է համարել Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացը: Այս մասին նա հայտնել է թուրքական «Սի Էն Էն թուրք» (CnnTurk) հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ:
«Գործընթացը կարող է ժամանակատար լինել, բայց առաջին քայլն արդեն արված է»,- ասել է Անկարա ժամանած Յագլանդը:
Տեղեկացնենք, որ ընթացիկ տարվա նոյեմբերին Եվրախորհրդի գործող նախագահությունը փոխանցվելու է Թուրքիային: Յագլանդը նշել է, որ ինքն Անկարայից մեծ ակնկալիքներ ունի, հատկապես տարածաշրջանային դերակատարության առումով:
Եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյան դրական է համարել հարևանների հետ հարթ հարաբերություններ հաստատելուն միտված Թուրքիայի ջանքերը: Մասնավորապես հայ-թուրքական կարգավորման գործընթացի վերաբերյալ Յագլանդն ասել է հետևյալը.
«Կարճ ժամանակահատվածում արդյունքն ինչիպիսին կլինի, չեմ կարող իմանալ: Չգիտեմ` արձանագրությունները կվավերացվե՞ն երկու երկրների խորհրդարաններում: Այդ հարցում քաղաքական խոչընդոտներ կան: Բայց առաջին քայլն արված է: Վստահ եմ, որ դա վերջինը չի լինելու: Գործընթացը կարող է 5-10 կամ էլ 20 տարի տևել, բայց Հայաստան ու Թուրքին երկու հարևաններ են»:
Յագլանդը խոսել է նաև Թուրքիայի սահմանադրական բարեշրջումների անհրաժեշտության մասին: Եվրապաշտոնյան մասնավորապես ընդգծել է, որ Թուրքական իշխանությունները պետք է սահմանադրորեն երաշխավորեն ազգային փոքրամասնությունների իրավունքները:
Հիշեցնենք, որ Թուրքիայի ներկայիս սահմանադրությունը գրվել է 1980թ. ռազմական հեղաշրջում իրականացրած գեներալների կողմից և ընդունվել 1982 թվականին: Թուրքիայի սահմանադրությունից Արևմուտքը դժգոհ է և անընդհատ բարձրաձայնում է դրա բարեփոխման անհրաժեշտության մասին:

Իսրայելի ԱԳՆ. «Ցավոք, միջազգային հանրությունը նախընտրում է քաղցր սուտը, այլ ոչ թե դառը ճշմարտությունը»

Իսրայելի ԱԳ նախարար Ավիգդոր Լիբերմանը Ադրբեջան կատարած այցի ժամանակ «Լիդեր TV»-ին տված հարցազրույցում ասել է, թե ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում միջազգային կազմակերպությունների գործունեությունն անբավարար է գնահատում։
-Ընդհանուր առմամաբ 21-րդ դարը սկսվել է որպես մեծ քանակությամբ հակամարտությունների և ահաբեկչությունների սկիզբ։ Ղարաբաղյան հակամարտությունը շատ զգայուն է, որը չպետք է քննարկվի հանրության շրջանում և ԶԼՄ-ներում,-հայտարարել է Ավիգդոր Լիբերմանը։
-Մենք, իհարկե, հարգանքով ենք վերաբերվում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Այդպիսի հակամարտություններ գոյություն ունեն աշխարհի շատ երկրներում, բայց դրանցից և ոչ մեկը լուծված չէ։ Միջազգային կազմակերպությունները դրանց առնչությամբ ցուբերում են ոչ համարժեք, երկերեսանի դիրքորոշում։ Ցավոք, միջազգային հանրությունը նախընտրում է քաղցր սուտը, այլ ոչ թե դառը ճշմարտությունը,-ընդգծել է նախարարը։
Ինչպես հաղորդում է «Интерфакс»-ը, Իսրայելի ԱԳ նախարարը մեկնաբանելով հակամարտությունների շուրջ բանակցությունների ձգձգումը՝ ասել է, թե իրենք կողմնակից չեն անարդյունավետ բանակցություններին։
-Եթե արդյունք չի լինելու, ապա ինչո՞ւ են տարվում այդ բանակցությունները,-ընդգծել է նա։
Ըստ «1news.az»-ի