Showing posts with label Մարզական. Show all posts
Showing posts with label Մարզական. Show all posts

Monday, November 12, 2012

Հայաստանի ծանրորդները 6 մեդալ նվաճեցին համաշխարհային ուսանողական առաջնությունում

Panorama.am. 12-11-2012- Իսրայելի Էյլաթ քաղաքում ավարտվեց ծանրամարտի համաշխարհային ուսանողական երրորդ առաջնությունը: 94 կգ քաշայինների պայքարում արծաթե պարգևի արժանացավ Վարդան Դավթյանը: Նա միայն անձնական ծանր քաշի պատճառով զիջեց մրցակցին ` ռուս Եգոր Կլիմանովին: Երկու ծանրորդներն էլ երկամարտում ցույց տվեցին միևնույն` 377 կգ արդյունքը, սակայն հաղթողի կոչմանն արժանացավ Կլիմանովը: Վերջին օրը պայքարի մեջ մտած գերծանրքաշայինների մրցավեճին մասնակցում էին նաև մեր երկրի երկու պատվիրակներ: Այստեղ էլ կրկնվեց նախորդ քաշային կարգի սցենարը: Հայկ Հակոբյանը և ռուսաստանցի Էդուարդ Մեժգիկովը երկամարտում արձանագրեցին 402 կգ: Մեր մարզիկը բավարարվեց «արծաթով», քանզի կրկին դեր խաղաց անձնական քաշի գործոնը: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի լրատվության բաժինը: Անդրանիկ Հովհաննիսյանը բավարարվեց չորրորդ տեղով (355 կգ): Այսպիսով` ՀՀ վաստակավոր մարզիչ Պողոս Պողոսյանի գլխավորած հավաքականի ութ ծանրորդներից վեցը համաշխարհային ուսանողական առաջնությունում արժանացան մեդալների (4 արծաթե, 2 բրոնզե):

Monday, October 22, 2012

Հայաստանցի ձյուդոիստները հաջող են հանդես եկել Իրանում

Հոկտեմբերի 17-20-ը Հայաստանի ձյուդոյի ազգային հավաքական թիմը թվով 5 հոգի ֆեդերացիայի փոխնախագահ, գլխավոր քարտուղար Դավիթ Խիթարյանի գլխավորությամբ մասնակցեցին Իրանի Իսլամական Հանրապետության Ազադի Համալսարանի գավաթի բաց խաղարկությանը, որին մասնակցում էին Իրանի, Իրաքի, Աֆղանստանի, Սիրիայի, Պակիստանի, Թուրքմենստանի և Հայաստանի թիմերը: Հոկտեմբերի 18-ին տեղի ունեցավ անհատական խաղարկությանը: «ՀԱՅԱՍՏԱՆ» մարզական միության սան Արթուր Երանոսյանը /66կգ/ և Սամբո Ձյուդոյի օլիմպիական մարզադպրոցի սան Հակոբ Առաքելյանը /100կգ/ գրավեցին առաջին մրցանակային տեղը, իսկ չարենցավանցի Սուրիկ Գառնիկյանը /73կգ/ բավարավեց 3-րդ մրցանակային տեղով: Հոկտեմբերի 19-ին 5 քաշային կարգով անցկացվեց թիմային առաջնությունը, որին մասնակցում էին 16 թիմեր: Հայաստանը 5 քաշային կարգում մասնակցեց մեկ մարզիկ պակաս, այս հանգամանքը դարձավ վճռորոշ և 3-2 հաշվով կիսաեզրափակիչ գոտեմարտում մեր թիմը պարտվեց Իրանի հավաքական թիմին, մինչ այդ 3-2 և 4-1 հաշվով հաղթել էինք Իրանի Համալսարանի և երիտասարդական հավաքականների թիմերին: 3-րդ տեղի համար գոտեմարտում 4-1 հաշվով հաղթեցինք Իրաքի թիմին և գրավեցինք 3-րդ մրցանակային տեղը:

Wednesday, October 17, 2012

Հայ սամբիստներն աշխարհի առաջնությունում նվաճեցին յոթ մեդալ

«Panorama.am», 2012 թ. հոկտեմբերի 11-15-ը Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում կայացած աշխարհի սամբոյի պատանիների, աղջիկների և երիտասարդների առաջնությունից Հայաստանի հավաքականները վերադարձան 7 մեդալով, որոնցից մեկը՝ ոսկե, չորսը՝ արծաթե, երկուսը՝ բրոնզե: Մեր պատանեկան հավաքականը թիմային հաշվարկով գրավեց երրորդ հորիզոնականը: Առաջինում ռուսներն էին, երկրորդում՝ վրացիները: Ստորև ներկայացնում ենք մեր մեդալակիրներին: Պատանիների աշխարհի առաջնություն Ջիվան Ղազարյան (48 կգ)- արծաթե մեդալ Գրիգոր Մխիթարյան (52 կգ)- արծաթե մեդալ Գոռ Մայիլյան (56 կգ)- ոսկե մեդալ Հովհաննես Ալեքսանյան (60 կգ)- արծաթե մեդալ Մինաս Մադոյան (75 կգ)- բրոնզե մեդալ Երիտասարդների աշխարհի առաջնություն Լենդրուշ Զատիկյան (48 կգ)- բրոնզե մեդալ Աղջիկների աշխարհի առաջնություն Ռոզա Խաչատրյան (52 կգ)- արծաթե մեդալ

Sunday, September 30, 2012

Վիկ Դարչինյանը հաղթում է անպարտելի պուերտոռիկացուն

Հայաստանը ներկայացնող պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Վախթանգ Դարչինյանը ԱՄՆ-ի Կոնեկտիկուտ նահանգում
կայացած մրցամարտում կարողացավ պարտության մատնել պուերտոռիկացի Լուիս Դել Վալեին, ով մինչ այս անցկացրած 16 հանդիպումներում միայն հաղթանակներ էր տոնել: Մրցամարտը բաղկացած էր 10 ռաունդից ու անցավ հայ մարզիկի առավելությամբ: Դարչինյանը բավական ակտիվ էր ու հաճախ կարողանում էր հարվածները հասցնել նպատակին: 10-րդ ռաունդից հետո մրցավարները հաղթանակը շնորհեցին Վախթանգին' 99:91, 99:91, 96:94: Երկրորդ թեթևագույն քաշային կարգում հանդես եկող Դարչինյանը հաղթեց' նվաճելով NABF-ի վարկածով չեմպիոնական գոտին: 36-ամյա բռնցքամարտիկն անցկացրեց կարիերայի 44-րդ հանդիպումը' տոնելով 38-րդ հաղթանակը:

Wednesday, September 12, 2012

Սադրանքները փրկեցին Բուլղարիային

Panorama.am. 12-9-2012- Աշխարհի ֆուտբոլի 2014թ. առաջնության ընտրական փուլի 2-րդ խաղում
Հայաստանի ընտրանին Սոֆիայում նվազագույն` 0:1 հաշվով զիջեց Բուլղարիայի հավաքականին: Իտալացիների հետ մեկնարկային խաղում արձանագրած ոչ ոքիից հետո բուլղարացիները մարտական էին տրամադրված, բայց ոչ այնքան ֆուտբոլ խաղալու, որքան հայ ֆուտբոլիստների ոտքերին հարվածելու համար: Ահա սա էր այն միակ հաղթաթուղթը, որի շնորհիվ բուլղարացիները մտադիր էին հաղթանակ կորզել: Սակայն ամեն ինչի մասին` հերթով: Խաղից առաջ կրքերը բորբոքվել էին Սեպտեմբերի 11-ին տեղեկատվություն տարածվեց, որ բուլղարացի երկրպագուները Սոֆիայում հարձակվել են Հայաստանից ժամանած ֆուտբոլասերների վրա: Եվ թեպետ լուրջ բախումներ, բարեբախտաբար, չեն արձանագրվել, և կողմերը բավարարվել են սովորական թվացող հրմշտոցով, պարզ էր, որ հյուրընկալողները, հակառակ հյուրընկալության կանոնների, փորձում են արհեստական լարվածություն ստեղծել և մեր թիմին զրկել խաղի վրա կենտրոնանալու հնարավորությունից: Մտավախություն կար, որ այդ փոքրիկ սկանդալը կարող է թելադրված լինել ֆեդերացիայի կամ հավաքականի ղեկավարության կողմից` մարտավարական նկատառումներով: Իսկ խաղի ընթացքում տեղի ունեցած իրադարձությունները պարզապես հաստատեցին այդ մտավախությունը. այո, բուլղարացիները ցանկանում էին հաղթել ամեն ինչ` նույնիսկ սեփական արժանապատվությունը և «Արդար խաղի» կանոնները զոհաբերելու գնով: Ամեն ինչ զոհաբերվում է հանուն 3 միավորի, քանզի երիտասարդ թիմին հաղթողի հոգեբանություն ներարկելը բխում է բուլղարական ֆուտբոլի ապագայի տեսլականից: Բայց բուլղարացիները դեռ պետք է ժամանեն Երևան... Քանի դեռ հոգնածությունը զգացնել չի տվել Դաշտի տերերը հանդիպման առաջին իսկ րոպեներին մեծ ուժերով գրոհ կազմակերպեցին` ցուցադրելով, որ մտադիր են տիրել նախաձեռնությանը և իրենց կամքը թելադրել մրցակցին: Զգացվեց, որ նրանք ձգտում են արագ գոլ խփել` հետագա բարդություններից խուսափելու և անպայման հաղթանակ տոնելու պատասխանատվության բեռը թեթևացնելու համար: Եթե իտալացիների հետ ոչ ոքի խաղալուց հետո բուլղարացիները սեփական խաղադաշտում չկարողանային հաղթել հայերին, ոչ ոք դա չէր հասկանա և չէր ների: Բայց դաշտի տերերը նաև շատ ուժեր էին ծախսել մեկնարկային խաղում և վախենում էին, որ 2-րդ խաղում կզիջեն ֆիզիկապես: Նաև դրանով էր բացատրվում արագ գոլի ձգտումը, որը, սակայն, չիրականացավ: Թեպետ բուլղարացիներն անընդհատ փորձում էին գրոհներ կազմակերպել, սակայն այս անգամ հենակետային 2 կիսապաշտպաններով գործող Հայաստանի ընտրանին հուսալիորեն պաշտպանվում էր և աստիճանաբար ու հաստատուն կերպով մրցակցին զրկում էր խաղային նախաձեռնությունից: Բավական է նշել, որ առաջին քիչ թե շատ վտանգավոր հարվածը մեր թիմի դարպասի ուղղությամբ կատարվեց 29-րդ րոպեին: Զգալով, որ զիջում են նախաձեռնությունը` բուլղարացիներն ապավինեցին կոպիտ խաղին: Դժվար է ասել, թե քանի հարված ստացան Հենրիխ Մխիթարյանն ու նրա խաղընկերները: Դաշտի տերերն այդ կերպ էին միայն փորձում կասեցնել մեր ֆուտբոլիստների արագ գրոհները, իսկ մրցավարը երկար ժամանակ ձեռքը գրպանը չէր տանում, որի պատճառով ավելի ուշ` 2-րդ խաղակեսում, ստիպված էր հաճախ դիմել քարտերի օգնությանը... 43-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանը սուր անկյան տակ հարվածեց, գնդակը, դիպչելով Իվանովի ձեռքին, շեղեց ուղղությունը և սլացավ ուղղահայաց դարպասաձողի կողքով: 11 մետրանոց հարված նշանակելու փոխարեն մրցավարը ցույց տվեց, որ ոչինչ չի եղել և կարելի է շարունակել խաղը: Հենց հաջորդ գրոհը դաշտի տերերն ավարտեցին դարպասի գրավմամբ: Պոպովի` ձախ թևից դեպի տուգանային հրապարակ կատարած փոխանցմանը ժամանակին արձագանքեց Ստանիսլավ Մանոլևը` 1:0: Բուլղարական հերոսամարտ` ֆուտբոլային խաղադաշտում Գաղտնիք չէ, որ 2-րդ խաղակեսում Հայաստանի հավաքականը պետք է ձգտեր հետ բերել կորցրածը: Արդեն հոգնած դաշտի տերերը որոշել էին իսկական ճակատամարտ տալ` բառիս ոչ թե փոխաբերական, այլ ուղիղ իմաստով: Մեր թիմի գրոհների կազմակերպիչը` Հենրիխ Մխիթարյանը, գնդակն ստանալուց անմիջապես հետո հայտնվում էր խոտածածկին: Բուլղարացիներն ամեն ինչ անում էին` մեր ֆուտբոլիստներին սադրելու համար, սակայն երկար ժամանակ չէին կարողանում հասնել իրենց նպատակին: Շուտով փոխարինման մտած Մարկոս Պիզելին սրություն մտցրեց մեր թիմի հարձակողական գործողություններում: Եվ հենց նրա փոխանցմամբ 66-րդ րոպեին Յուրա Մովսիսյանը հայտնվեց կրակագծում, բայց վերջինիս հարվածը շեղ ստացվեց: Այո, գոլ չգրանցվեց, սակայն դա գոլային ահազանգ էր: Եվ դաշտի տերերը կրկին ապավինեցին սադրանքների մարտավարությանը: 72-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանը տուգանային հրապարակում գեղեցիկ հնարքով ազատվեց պաշտպանից և նետվեց առաջ, սակայն դարպասապահը հասցրեց որսալ գնդակը: Բուլղարիայի հավաքականի ֆուտբոլիստներն անմիջապես հարձակվեցին Հենրիխ Մխիթարյանի վրա: Այս անգամ սադրանքն աշխատեց: Մարկոս Պիզելին ակտիվորեն պաշտպանեց խաղընկերոջը: Սկսված հրմշտոցին միացան նաև մյուս ֆուտբոլիստները, և մրցավարը խաղադաշտից հեռացրեց թիմերի մեկական ֆուտբոլիստների` Դյակովին ու Մարկոս Պիզելիին: Դեղին քարտ ստացավ Սարգիս Հովսեփյանը: Դրանից ընդամենը 3-4 րոպե անց անհասկանալի պահվածքի համար կարմիր քարտ ստացավ նաև Գևորգ Ղազարյանը` թաղելով խաղը փրկելու բոլոր հույսերը: Այնուհետև թիմերը պարզապես գլորեցին ժամանակը` հանդիպումն ավարտելու համար: Խաղից անմիջապես հետո Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները հեռացան հանդերձարան` հարկ չհամարելով սեղմել բուլղարացիների և մրցավարների ձեռքը: Եզրակացություն Զգացվում է, որ մրցակիցները լավ են ուսումնասիրել Հայաստանի հավաքականի խաղը և որևէ միջոցի առջև կանգ չեն առնի` մեր թիմին իր հաղթաթղթերից զրկելու համար: Պետք է սովորել հոգեբանական կայունություն ձեռք բերել, հարմարվել կոպիտ խաղին և նոր որակների միջոցով հասնել հաջողության, այլապես հաջորդ փուլ դուրս գալու բոլոր հույսերը դատապարտված կլինեն ձախողման:

Monday, September 10, 2012

Շախմատային «Օլիմպիադա-2016»-ը կկայանա Բաքվում

ՖԻԴԵ-ի համաժողովում որոշվել է մոտակա տարիների շախմատային կարևորագույն երկու մրցաշարի անցկացման վայրը: Ինչպես տեղեկացնում է «Chess-news»-ը, աշխարհի 2015 թ. գավաթի խաղարկությունը և 2016 թ. Օլիմպիադան կանցկացվեն Բաքվում: ՖԻԴԵ-ն իր երեկվա այս որոշմամբ, այսպիսով, հաշվի չի առել այն փաստը, որ հայ շախմատիստները չեն կարող մեկնել Բաքու և մասնակցել այդ մրցաշարերին, որոնք Հայաստանի հավաքականի բացակայությունից ոչինչ չեն շահի և միայն կտուժեն: ՖԻԴԵ-ն հաշվի չի առել, որ Ադրբեջանը չպետք է նման պատվի արժանանար, քանի որ այդ երկրում հայատյացությունը, ինչպես ցույց տվեց նաև Սաֆարովի դեպքը, աջակցություն է ստանում ամենաբարձր մակարդակով:

Thursday, August 30, 2012

Մեծ Բրիտանիայի թագուհին բացեց 14-րդ Պարալիմպիկ խաղերը

Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդը Լոնդոնում բացված հայտարարեց 14-րդ Պարալիմպիկ խաղերը: Օլիմպիական ստադիոնում կայացած բացման հանդիսավոր արարողությանը ներկա էր թագավորական ընտանիքը եւ Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Ժակ Ռոգեն: Խաղերը կտեւի մինչեւ սեպտեմբերի 9-ը: 164 երկրների 4,2 հազար մարզիկներ կպայքարեն 20 մարզաձեւերում:

Monday, August 27, 2012

Այսօր Ստամբուլում մեկնարկում է շախմատի համաշխարհային օլիմպիադան

Այսօր՝ օգոստոսի 27-ին, Թուրքիայի Ստամբուլ քաղաքում մեկնարկում է շախմատի 40–րդ համաշխարհային
օլիմպիադան։ Առավոտյան Հայաստանի տղամարդկանց և կանանց հավաքականները Երևանից մեկնում են Ստամբուլ։ Լևոն Արոնյանն ու Սերգեյ Մովսեսյանը մի քանի օր առաջ էին Թուրքիա մեկնել։

Monday, August 20, 2012

Հայաստանի հավաքականը վստահորեն հաղթեց Իրանի օլիմպիական թիմին

News.am.19-8-2012- Օգոստոսի 7-ից 17-ը Հայաստանի առաջատար գրոմայստերներից հինգը` Հրանտ
Մելքումյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Արման Փաշիկյանը, Զավեն Անդրիասյանը եւ Ավետիք Գրիգորյանը, մարզիչ Վարդան Մելքոնյանի գլխավորությամբ Իրանի մայրաքաղաք Թեհրանում ընկերական մրցամարտ են անցկացրել Իրանի օլիմպիական հավաքականի հետ: Հայաստանի հավաքականը վստահ հաղթանակ է տարել 34.5-15.5 հաշվով: Մրցամարտը նախաձեռնել էր Իրանի շախմատի ֆեդերացիան, դասական շախմատի կանոնակարգով: Մասնակիցները խաղացել են 10 տուր, յուրաքանչյուրը` երկուական պարտիա: Զավեն Անդրիասյանը 10 հնարավորից վաստակել է 7.5 միավոր, Հրանտ Մելքումյան, Արման Փաշիկյան, Ռոբերտ Հովհաննիսյան վաստակել են 7-ական միավոր, Ավետիք Գրիգորյանը` 6 միավոր NEWS.am Sport-ի շախմատային վերլուծաբան Հրաչյա Ջանիկյանի հետ զրույցում գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը նշեց, որ գրեթե բոլոր շախմատիստները բարելավել են իրենց անհատական վարկանիշը, իսկ «Իրանում տեղի ունեցած երկրաշարժը չեն զգացել, ամեն ինչ անցել է բարեհաջող»: Հրանտ Մելուքմյանն էլ նշեց, որ «ամեն ինչ շատ լավ էր եւ գոհ է մրցամարտի արդյունքից»: Նկատենք որ, մրցամարտն անցկացվել է Ռամադանի ժամանակ եւ դրանով պայմանավորված չի լուսաբանվել` պաշտոնական տեղեկատվություն չի եղել:

Monday, August 13, 2012

Լոնդոն-2012. Հայաստան՝ 20 տարի առանց օլիմպիական ոսկու

30-րդ Օլիմպիական խաղերը Հայաստանի համար ավարտված են։ Չորրորդ Խաղերն անընդմեջ Հայաստանը չեմպիոնական տիտղոս չի նվաճում։ Տեղին է ասել, որ Հին Օլիմպիական խաղերում եւ ժամանակակից Օլիմպիական խաղերի հիմնադիր-գաղափարախոսների համար չեմպիոնի տիտղոսից բացի այլ հասկացություն չի եղել. արծաթե եւ բրոնզե մեդալներն ընդամենը սփոփանք են պարտվածների համար։ Լոնդոնի Խաղերում Հայաստանի օլիմպիական պատվիրակությունը նվաճեց մեկ արծաթե եւ երկու բրոնզե մեդալ։ 1996թ. Ատլանտայի Օլիմպիական խաղերում ոսկի նվաճած Արմեն Նազարյանն առնվազն չորս տարի դարձյալ կլինի Հայաստանի միակ օլիմպիական չեմպիոնը (Արարատ-73-ի պատմության կրկնությունն է գրեթե. 20 տարի նոր օլիմպիական չեմպիոն չենք ունենալու)։ Պետք է խոստովանել, որ 1996-ից հետո Հայաստանի որեւէ մասնակցություն Օլիմպիական խաղերում լավ գնահատել չի կարելի։ 30-րդ Օլիմպիական խաղերում նվաճած երեք մեդալներն էլ չեն կարող բավարար համարվել։ Ծանրամարտի կանանց մրցաշարում Հռիփսիմե Խուրշուդյանն անձնական քաշով անզոր էր պայքարել ոսկե եւ արծաթե մեդալների համար։ Իսկ բրոնզե մեդալ նա նվաճեց երրորդ տեղի համար պայքարում հիմնական մրցակցի՝ հարավկորեացի Մի-Ռան Յանգի վնասվածքի շնորհիվ։ Տղամարդ ծանրորդների ձախորդությունները սկսվեցին դեռ Խաղերից առաջ։ Տիգրան Մարտիրոսյանը վնասվածք ստացավ, իսկ պահեստային, 69 կգ քաշային Վանիկ Ավետիսյանն անհասկանալի պատճառներով այդպես էլ չհայտավորվեց, թեկուզ հենց 69 կգ քաշային կարգում։ Նույն քաշային կարգում երկիրը կարող է մեկից ավելի մարզիկ հայտավորել։ Դժվարությամբ ձեռք բերած չորրորդ ուղեգիրը ծանրամարտի տղամարդկանց մրցաշարում Հայաստանը չօգտագործեց։ Որեւէ հոդաբաշխ պաշտոնական բացատրություն այդպես էլ չեղավ։ Ծանրորդների զրոների շքերթից եւ Նորայր Վարդանյանի 11-րդ տեղից հետո տրամաբանական կլիներ Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահի եւ հավաքականի գլխավոր մարզիչի հրաժարականի մասին հայտարարությունը։ Երկու լուսավոր կետերն են հունահռոմեական ոճի ըմբիշներ Արսեն Ջուլֆալակյանը եւ Արթուր Ալեքսանյանը։ Երիտասարդ ըմբիշները բնատուր տաղանդի, հորական հոգատարության, սեփական ուժի եւ մտքի հզորության շնորհիվ կարողացան անել այն, ինչ արեցին։ Ամենակարեւորն այն է, որ նրանք բնականոն ընթացքի դեպքում չորս տարի անց էլ կարող են հավակնել ոսկե մեդալի։ Լոնդոնում Արսեն Ջուլֆալակյանի փոխչեմպիոնի տիտղոսն ու Արթուր Ալեքսանյանի բրոնզե մեդալը կարող են բավարար արդյունք համարվել այդ մարզիկների համար։ Սակայն ընդհանուրի հետ համեմատության մեջ այդ արդյունքները նույնպես մտահոգության տեղ են թողնում։ Երկու ըմբիշներն էլ լավագույն մարզավիճակում հասել էին Օլիմպիական խաղերին, սակայն ոսկե մեդալը դարձյալ մնաց բաղձալի գագաթ։ Չորս տարվա աշխատանքը չի պսակվում տիտղոսով։ Իսկ օլիմպիական պատմությունում հիշվում են միայն չեմպիոնները, մեկ ոսկե մեդալն էլ 302-ական արծաթե ու բրոնզե մեդալներից ծանր է ոչ պաշտոնական մեդալային հաշվարկում։ Ձյուդոիստներ Հովհաննես Դավթյանի 7-րդ տեղին, Արմեն Նազարյանի 1/8 եզրափակիչին, թաեքվոնդոիստ Արման Երեմյանի կիսաեզրափակիչին, ազատ ոճայիններ Միհրան Ջաբուրյանի եւ Դավիթ Սաֆարյանի քառորդ եզրափակիչներին եւ Հաջիմուրադ Նուրմագոմեդովի 1/8 եզրափակիչին, հունահռոմեական ոճի ըմբիշներ Հովհաննես Վարդերեսյանի 1/16 եզրափակիչին, Յուրի Պատրիկեեւի 1/8 եզրափակիչին կարելի է փորձել դրական կամ բացասական գնահատական տալ, բայց դրանք ներքին մասնագիտական վերլուծության համար են. վիճակագրության համար նրաք չեմպիոն չեն, մեդալակիր չեն։ Իսկ վիճակագրության համար Հայաստանի եւ հարեւան երկրների արդյունքների համեմատությունն է. 2012թ. Լոնդոն 30-րդ Օլիմպիական խաղեր Հայաստան՝ 1 արծաթե, 2 բրոնզե մեդալ Մեդալային հաշվարկ՝ 60-րդ տեղ Իրան՝ 4 ոսկի, 5 արծաթ, 3 բրոնզ – 17-րդ տեղ Ադրբեջան՝ 2 ոսկի, 2 արծաթ, 6 բրոնզ – 29-րդ տեղ Թուրքիա՝ 2 ոսկի, 2 արծաթ, 1 բրոնզ – 31-րդ տեղ Վրաստան՝ 1 ոսկի, 3 արծաթ, 3 բրոնզ – 37-րդ տեղ --------- Անկախ Հայաստանը նախորդ Օլիմպիական խաղերում 2008թ. Պեկին 29-րդ Օլիմպիական խաղեր Հայաստան` 6 բրոնզե մեդալ Մեդալային հաշվարկ` 80-րդ տեղ Ռոման Ամոյան (հունահռոմեական ըմբշամարտ, 55 կգ)` 3-րդ տեղ Յուրի Պատրիկեեւ (հունահռոմեական ըմբշամարտ, 120 կգ)` 3-րդ տեղ Հրաչիկ Ջավախյան (բռնցքամարտ, 63 կգ)` 3-րդ տեղ Տիգրան Գեւորգի Մարտիրոսյան (ծանրամարտ, 69 կգ)` 3-րդ տեղ, երկամարտ` 338 կգ Գեւորգ Դավթյան (ծանրամարտ, 77 կգ)` 3-րդ տեղ, երկամարտ` 360 կգ Տիգրան Վարդանի Մարտիրոսյան (ծանրամարտ, 85 կգ)` 3-րդ տեղ, երկամարտ` 380 կգ ----- 2004թ. Աթենք 28-րդ Օլիմպիական խաղեր Հայաստան՝ առանց մեդալի ----- 2000թ. Սիդնեյ 27-րդ Օլիմպաիական խաղեր Հայաստան` 1 բրոնզե մեդալ Մեդալային հաշվարկ` 74-րդ տեղ Արսեն Մելիքյան, ծանրամարտ, 77 կգ. 3-րդ տեղ. Երկամարտ` 365 կգ ----- 1996թ. Ատլանտա 26-րդ Օլիմպիական խաղեր Հայաստան` 1 ոսկե, 1 արծաթե մեդալ Մեդալային հաշվարկ` 47-րդ տեղ Արմեն Նազարյան (հունահռոմեական ըմբշամարտ, 60 կգ)` 1-ին տեղ Արմեն Մկրտչյան (ազատ ոճի ըմբշամարտ, 52 կգ)` 2-րդ տեղ 32 մասնակից (30 տղամարդ, 2 կին), 11 մարզաձեւ ------ 1992թ. Բարսելոնա 25-րդ Օլիմպիական խաղեր Հայաստան (ԱՊՀ միացյալ թիմում)` 3 ոսկե, 1 արծաթե մեդալ Մնացական Իսկանդարյան (հունահռոմեական ըմբշամարտ, 75 կգ)` 1-ին տեղ Իսրայել Միլիտոսյան (ծանրամարտ, 70 կգ)` 1-ին տեղ Հրաչյա Պետիկյան (հրաձգություն, կարճափող հրացան, երեք դիրքից, 50 մետր)` 1-ին տեղ Ալֆրեդ Տեր-Մկրտչյան (հունահռոմեական ըմբշամարտ, 54 կգ)` 2-րդ տեղ

Saturday, July 28, 2012

Հովհաննես Դավթյանը 1/4 եզրափակիչում է

Հովհաննես Դավթյանը, ով հանդես է գալիս 60 կգ քաշային կարգում, այսօր տարավ 3-րդ հաղթանակը եւ դուրս եկավ 1/4 եզրափակիչ: 1/8 եզրափակիչում Դավթյանը հաղթել է ղազախ Երկեբուլան Կոսաեւին: Քառորդ եզրափակիչում նա կմրցի իտալացաի Էլիո Վերդեի հետ: 1/4 եզրափակիչում է նաեւ Ռուսաստանը ներկայացնող Արսեն Գալստյանը:

Լոնդոն-2012. Արման Երեմյանը` Հայաստանի դրոշակակիր

Հայաստանի օլիմպիական պատվիրակությունը մտավ ստադիոն: Հայաստանի դրոշակակիրն էր հայկական
թաեքվոնդոյի պատմության մեջ առաջին անգամ օլիմպիական ուղեգիր նվաճած Արման Երեմյանը: Հայաստանը 30-րդ Օլիմպիական խաղերում հանդես է գալիս 25 մասնակիցներով: Լոնդոնի օլիմպիական ստադիոնում ընթանում է պատվիրակությունների շքերթը: Օլիմպիական ավանդույթի համաձայան շքերթը բացեց Հունաստանի թիմը որպես մարդկության Օլիմպիական խաղերի հրաշքը նվիրած երկիր:

Saturday, July 14, 2012

Հայաստանի ազգային հավաքականն Ադրբեջանի ընտրանուց թանկ է 2 անգամ

Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստների ընդհանուր տրանսֆերային արժեքը կազմում է 19 մլն 925 հազար եվրո, եթե հավատանք հայտնի Transfermarkt կայքին, որը մասնագիտացած է նման հաշվարկների մեջ: Հայաստանի ընտրանու ընդհանուր տրանսֆերային արժեքը զգալի ավել է Ադրբեջանից, սակայն փոքր ինչ զիջում է Վրաստանի հավաքականին: Այսպես, Ադրբեջանի ամբողջ հավաքականի տրանսֆերային արժեքը 7,9 մլն եվրո է, իսկ Վրաստանի հավաքականինը` 21,5 մլն եվրո: Հարավային Կովկասի ամենաթանկ ֆուտբոլիստը Հենրիխ Մխիթարյանն է, ում տեղափոխության արժեքը գնահատվում է 9 մլն եվրո: Երկրորդը վրացի պաշտպան Գուրամ Քաշիան է (4 մլն եվրո), իսկ ահա երրորդ հորիզոնականում Յուրա Մովսիսյանն է (3,2 մլն եվրո): Հետաքրքիր է, ով ադրբեջանցի ֆուտբոլիստների ոչ ոքի արժեքը չի անցնում 1 մլն եվրոն: Հայաստանի հավաքականում նման ֆուտբոլիստները երեքն են` Յուրայից և Հենոյից բացի նաև Մարկոս Պիզելին (1,5 մլն եվրո): Վրաստանի ընտրանու կազմում կան 9 ֆուտբոլիստներ, որոնց արժեքը հավասար կամ բարձր է 1 մլն եվրոյից: Ի դեպ, Հայաստանի հավաքականը նաև ամենաերիտասարդն է հարավկովկասյան ընտրանիների մեջ: Մեր հավաքականի ֆուտբոլիստների միջին տարիքը 25,5 է, Վրաստանինը` 26,3, Ադրբեջանինը` 26,1: Գևորգ Պետրոսյան

Monday, April 16, 2012

ՖԻՖԱ-ն պաշտոնապես ճանաչեց քրդերի ազգային հավաքականը

ՖԻՖԱ-ն որոշել է պաշտոնապես ճանաչել Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության ազգային հավաքականին: Քրդական ինքնավարության ֆուտբոլի ֆեդերացիայի քարտուղար Սելամ Հուսեյինը նշել է, որ ՖԻՖԱ-ն պաշտոնապես ճանաչել է իրենց ազգային հավաքականը և թույլատրել մայիսին հանդիպում անցկացնել Պաղեստինին ընտրանու հետ: Մայիսի 13-22-ին Պաղեստինում ֆուտբոլային մրցաշար տեղի կունենա, որին կմասնակցեն Ուզբեկստանը, Թունիսը, Մավրիտանիան, Պակիստանը, Շրի Լանկան, Ինդոնեզիան և Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության ընտրանին: Սա կլինի պատմության մեջ առաջին պաշտոնական քրդական ֆուտբոլային հավաքականը, որը կմասնակցի միջազգային մրցաշարի:

Saturday, April 7, 2012

Վիկ Դարչինյանը պարտվեց

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի թեթևքաշային կարգում WBC-ի վարկածով աշխարհի չեմպիոն Շինսուկե Յամանական այսօր Տոկիոյում մենամարտեց հայտնի բռնցքամարտիկ, աշխարհի նախկին չեմպիոն Վիկ Դարչինյանի հետ: 12-րդ ռաունդի ավարտից հետո մրցավարների միաձայն որոշմամբ 117:111, 116:112, 116:112 հաշիվներով հաղթող ճանաչվեց ճապոնացի մարզիկը: Հիշեցնենք, որ սա Վիկ Դարչինյանի անընդմեջ երկրորդ պարտությունն էր: Նախորդ մարտում մեր բռնցքամարտիկը միավորներով զիջել էր պանամացի մարզիկ Անսելմո Մորենոնոյին:

Wednesday, February 15, 2012

Պաշտոնական. Հայաստանի հավաքականը ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակում 41-րդն է

Tert.am. 15-2-2012- Այսօր ՖԻՖԱ-ն հրապարակել է ազգային հավաքականների վարկանիշային աղյուսակը: Նախորդ ամիսների համեմատ` Հայաստանի հավաքականը բարձրացել է 4 հորիզոնականով և այժմ զբաղեցնում է 41-րդ հորիզոնականը: Սա Հայաստանի հավաքականի նոր ռեկորդն է իր ողջ պատմության ընթացքում: Առաջատարի դիրքում նախկինի պես Իսպանիան է, որին հաջորդում են Գերմանիան և Հոլանդիան: Հիշեցնենք, ոև փետրվարի 28-ին և 29-ին Հայաստանի հավաքականը Կիպրոսում երկու ընկերական հանդիպում է անցկացնելու Սերբիայի և Կանադայի հավաքականների հետ համապատասխանաբար: Սերբերը առաջադիմել են 2 տեղով ու այժմ 25-րդն են, իսկ Կանադայի հավաքականը գտնվում է 71-րդ հորիզոնականներում:

Tuesday, February 7, 2012

Հայաստանը ՖԻՖԱ-ի վարկանիշում կբարձրանա ռեկորդային 42-րդ տեղ

ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը փետրվարի 15-ին կհրապարակի ազգային հավաքականների վարկանիշը, սակայն football-rankings.info-ն նախապես հաշվարկել է, թե որ դիրքերում կհայտնվեն հավաքականները։ Ըստ նրանց տվյալների՝ Հայաստանի հավաքականը նոր վարկանիշում զբաղեցնելու է իր համար ռեկորդային 42-րդ հորիզոնականը։ Հիշեցնենք, որ ներկա պահին Հայաստանի հավաքականը գտնվում է վարկանիշային աղյուսակի 45-րդ տեղում։

Sunday, February 5, 2012

Սուրեն Ստեփանյան. «Քյաբաբից ու ծխախոտից բացի, ուրիշ լավ բաներ էլ կան»

Panorama.am. 4-2-2012- Հայաստանի ալպինիզմի և լեռնային տուրիզմի ֆեդերացիայի ուժեղագույն թիմը` բաղկացած 4 լեռնագնացներից, հունվարի 25-29-ը Իրանում մասնակցեց հեղինակավոր միջազգային վարկանշային մրցաշարի, հաղթահարեց այդ երկրի ամենաբարձր լեռնագագաթը` Դեմավենդը (5671 մ)` 25 երկրների թիմերի մեջ գրավելով առաջին տեղը: Մեր թիմի կազմն այսպիսին էր` Գարեգին Ունուսյան, Անտուան Անանյան, Լևոն Մովսիսյան, Հովհաննես Մարտիրոսյան: Այսօր «Հենարան» մամուլի ակումբում հաղթանակած հայ լեռնագնացները ԶԼՄ-ների ներկայացուցիչներին պատմեցին իրենց աննախադեպ հաջողության մասին: Հայաստանի ալպինիզմի և լեռնային տուրիզմի ֆեդերացիայի փոխնախագահ Սուրեն Դանիելյանի խոսքերով` հաղթանակը կարևորվում է հատկապես այն պատճառով, որ Հայաստանը վերջին 10 տարվա ընթացքում թիմային ոչ մի մրցաշարի չի մասնակցել: Նա նշեց, որ մրցաշարին մասնակցել են 216 լեռնագնացներ` շուրջ 25 երկրից, և միայն 5 հոգի են կարողացել հաղթահարել բարձրությունը` 3 հայ, 1 ադրբեջանցի և 1 իրանցի: Հայաստանի ալպինիզմի և լեռնային տուրիզմի ֆեդերացիայի լեռնագնացների թիմի ավագ Գարեգին Ունուսյանը նախ շնորհավորեց բոլորին հաջողության համար` փաստելով, որ դա մեծ հաղթանակ է: «90-ականներից սկսած` ալպինիզմը, որպես մարզաձև, խորը անկման մեջ էր, չնայած բարձր ռազմակիրառական նշանակություն ունի, և դա շատ կարևոր է: Վերջին մեկ տարվա ընթացքում նկատելի առաջընթաց է դիտվում: Սկսել են ձևավորվել արշավախմբեր, երիտասարդությունն արդեն ուզում է լեռներ գնալ, մենք էլ փորձում ենք այդ սիրողական ոլորտը մի փոքր ավելի պրոֆեսիոնալի վերածել, որպեսզի Հայաստանը, որպես լեռնագնացության երկիր, ճանաչելի լինի աշխարհում: Եթե 25 երկրի շարքում մենք կարողացանք ուժեղագույնը լինել, ապա այդ ավանդույթը շարունակական ու տեսանելի պետք է դարձնենք»,- ասաց լեռնագնացը: Գարեգին Ունուսյանի խոսքերով` եթե չլիներ մարզիկների ֆիզիկական լավ պատրաստվածության գործոնը, երևի չէր հաջողվի մինչև վերջ բարձրանալ: «Մենք չէինք պատկերացնում, որ այդքան ուժեղ կգտնվենք ու կհասնենք գագաթին: Իրանում էլ շատ ուրախացան, որ հենց հայերն են հաղթահարել այդ բարձրությունը: Նախ ասեմ, որ շատ մեծ տարբերություն կա Դեմավենդի ձմեռային և ամառային վերելքների միջև: Յուրաքանչյուր 100 մետրից հետո ջերմաստիճանի` մեկ աստիճանով նվազում է նկատվում: Զուգահեռաբար նվազում են շնչառությունն ու քաղցը: Ձմեռային քամիները միշտ ավելի ուժեղ են լինում, ուստի դժվարանում է նաև շնչելը: Դեմավենդ հասնելը բարդ էր նրանով, որ այն հրաբխային գագաթ է, և արտանետվող ծծումբը շնչահեղձություն առաջացնելու վտանգ է պարունակում: Իրանում մենք տեսանք ահավոր հոսք, ահավոր սեր դեպի սարերը: Նրանք շատ լավ էին կազմակերպել մրցաշարը, այնպես որ, ուզում եմ իմ շնորհակալությունը հայտնել Իրանի ֆեդերացիային` լավ վերաբերմունքի համար: Իրանահայ Սուրեն Ստեփանյանը մեր ֆեդերացիայի վարչության անդամ է և մեծ ներդրում ունի Իրանի ալպինիզմի զարգացման գործում: Շատ շնորհակալ ենք նրան, որովետև շատ բան է արել մեզ համար: Այնուհետև Գարեգին Ունուսյանը խոսքը փոխանցեց Սուրեն Ստեփանյանին, ով զարմացած էր իր նկատմամբ նման ուշադրությունից: «Իրանում սիրողական ալպինիզմով զբաղվողների թիվը շատ մեծ է: Դա ունի իր պատճառները. դպրոցներում և ինստիտուտներում գոյություն ունեն խմբեր: Հայաստանում նրանք են զբաղվում լեռնագնացությամբ, ովքեր պարզապես սիրահարված են լեռներին: Մարզաձևը Հայաստանում զարգացնելու համար առաջին հերթին մարդկանց պետք է սովորեցնել, որ, քյաբաբից ու ծխախոտից բացի, աշխարհում ուրիշ լավ բաներ էլ կան, պարզապես պետք է ուշադրություն դարձնել դրանց: Բացի այդ, մեր ֆեդերացիան շուրջ 8 ամիս է` զբաղվում է լեռնագնացության անվճար դասընթացներով, ցանկացողները գալիս են, գրանցվում, ձևավորում խմբեր և մասնակցում դասընթացների: Առաջին երազանքներիցս մեկն այն է, որ Հայաստանում ալպինիզմի դպրոց բացվի, և մենք այդ առումով կոչ ենք անում բոլոր բարերարներին` ներդրումներ կատարել, որպեսզի Հայաստանն իր ուրույն տեղն ունենա այս մարզաձևում, քանի որ Կովկասն այդ առումով լավագույններից մեկն է»,- ասաց Սուրեն Ստեփանյանը: Գարեգին Ունուսյանն ավելացրեց նաև, որ հաջորդ քայլը կլինի Պամիրը (7000 մ) հաղթահարելը:

Thursday, February 2, 2012

Իմ մասնակցությունը Ադրբեջանում անցկացվող հավակնորդների մրցաշարին բացառվում է. Լեւոն Արոնյանի հայտարարությունը

News.am. 2-2-2012- ՖԻԴԵ-ի համաշխարհային դասակարգման երկրորդ համար, Հայաստանի հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանը հայտարարությամբ դիմել է ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովին եւ միջազգային ֆեդերացիայի նախագահական խորհրդի անդամներին: Հայտարարության տեքստը հրապարակել է Armchess.am-ը: ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովին, ՖԻԴԵ-ի նախագահական խորհրդի անդամներին Հարգելի պարոն նախագահ, նախագահական խորհրդի հարգելի անդամներ Լրատվամիջոցներից տեղեկացա, որ աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցումների անցկացման հայտ են ներկայացրել Ադրբեջանի եւ Բուլղարիայի շախմատային ֆեդերացիաները: Ուզում եմ տեղեկացնել ձեզ, որ Ադրբեջանում տիրող ընդհանուր մթնոլորտը եւ մեր երկրների միջեւ գոյություն ունեցող մշտական լարվածությունը անհնար են դարձնում իմ մասնակցությունն Ադրբեջանում անցկացվող որեւէ բարձրակարգ մրցաշարի: Այնպիսի պատասխանատու եւ կարեւոր միջոցառում, ինչպիսին աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարն է, նրա մասնակիցներից պահանջում է հոգեկան անդորր եւ ուժերի արտակարգ կենտրոնացում: Ոչ շախմատային ոչ մի հանգամանք չպետք է գրոսմայստերին խանգարի ցուցադրելու այն ամենը, ինչին նա ընդունակ է: Խիստ անհրաժեշտ է բարոյահոգեբանական բարենպաստ մթնոլորտ, որը, ցավոք, այս պահին Ադրբեջանում չկա ազգությամբ հայ որեւէ անձնավորության համար: Բոլոր մասնակիցները պետք է գտնվեն հավասար պայմաններում, ինչը անհնար է հավակնորդների մրցաշարը Բաքվում անցկացնելու դեպքում: Անվտանգության երաշխիքներն ու ցանկացած տեսակի լրացուցիչ աջակցությունը չեն կարող օգնել իրավիճակին: Հաշվի առնելով վերոհիշյալը, տեղեկացնում եմ ձեզ, որ ես հաճույքով կմասնակցեմ աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարին աշխարհի ցանկացած այլ երկրում, բայց իմ մասնակցությունը Ադրբեջանում անցկացվող հավակնորդների մրցաշարին բացառվում է: Հուսով եմ, որ դուք հաշվի կառնեք այս նկատառումները` մրցավայրի հարցը նախագահական խորհրդի նիստում քննարկելիս: Կանխավ շնորհակալությամբ եւ խորին հարգանքներով գրոսմայստեր Լեւոն Արոնյան

Եգիպտոսում ֆուտբոլային խաղից հետո անկարգությունների հետևանքով 50 մարդ է զոհվել

Tert.am. 1-2-2012- Եգիպտոսի հյուսիսում գտնվող Պորտ-Սաիդ քաղաքում ֆուտբոլային հանդիպմանը հաջորդել են անկարգություններ, որոնց հետևանքով նվազագույնը 50 մարդ է զոհվել, հաղորդում է «Ալ-Ջազիրան», ավելացնելով, որ կան նաև տասնյակ զոհեր: Պատճառը Եգիպտոսի գլխավոր «Ալ-Ահլի» և հանդիպման հաղթող «Ալ-Միսրի» թիմիերի գրանցած արդյունքն է եղել` 3:1: Խաղի ավարտից վայրկյաններ անց երկրպագուները ողողել են մարզադաշտը և սկսել են հետապնդել ֆուտբոլիստներին: Շատերը մահացել են խեղդամահ արվելուց և գլխի վնասվածքներից: «Ալ-Ահլիի» ֆուտբոլիստները փակված են մնացել հանդերձարանում: Երկու թիմերի հանդիպումները վերջին տարիներին բազմաթիվ բախումների պատճառ են դարձել նրանց երկրպագուների միջև: Սակայն դեպքերը լուսաբանող լրագրողները նկատել են, որ հեղափոխությունից հետո Եգիպտոսում ֆուտբոլային բախումները առավել դաժան բնույթ են սկսել կրել: