Saturday, January 24, 2009

«ՋԱՎԱԽՔՈՒՄ ԿԱՐՈՂ Է ՊԱՅԹՈՒՆԱՎՏԱՆԳ ԻՐԱՎԻՃԱԿ ԱՌԱՋԱՆԱԼ»

A1+. 23-1-2009- Վրաստանի ՆԳ նախարարությունը երեկ ձերբակալել է Ախալցխա քաղաքի մշակությային կյանքում ամենաակտիվ գործունեություն ծավալող հայ երիտասարդներին` Գրիգոր Մինասյանինն ու Սարգիս Հակոբջանյանին: Գրիգոր Մինասյանը Ախալցխայի «Հայ երիտասարդական կենտրոնի» ղեկավարն է, իսկ Գրիգոր Մինասյանը` «Շարլ Ազնավուր» բարեգործական հիմնադրամի նախագահը: Վրաստանի ՆԳ Հետախուզական վարչությունը հարուցել է քրեական գործ` հայ երիտասարդներին մեղադրանք առաջադրելով ապօրինի զինված խմբավորումներ ձեւավորելու եւ լրտեսություն կատարելու մեջ: Վրաստանի հետախուզության վարչությունը երեկ ներխուժել է Ախալցխայի Երիտասարդական կենտրոն այն պահին, երբ կետրոնում ընթացել են երեխաների պարի խմբակի դասընթացները, եւ բոլորի ներկայությամբ սկսվել է խուզարկությունը: «Նրանք համակարգիչներից նյութեր են հանել, իրենց հետ տարել են նաեւ Երիտասարդական կենտրոնի գրադարանի գրականության մի հատվածը, որից հետո ձերբակալել են Գրիգոր Մինասյանին եւ Սարգիս Հակոբջանյանին»,- տեղի ունեցածի հետ կապված այսօր «Ա1+»ին մանրամասներ հայտնեց «Ջավախք հայրենակցական միության» նախագահ, Աժ պատգամավոր Շիրակ Թորոսյանը: Ձերբալավածներին առաջադրված մեղադրանքի`ապօրինի զինված խմբավորումներ ձեւավորելու եւ լրտեսություն կատարելու կապակցությամբ` Շիրակ Թորոսյանն ասաց. «Դա մի անհեթեթ մեղադրանք է: Այդ մարդիկ զբաղվում են միայն մշակութային եւ հասարակական գործունեությանբ: Ես սա համարում եմ պետական տեռոր` Ջավախքի առավել երեւացող երիտասարդ գործիչների նկատմամբ, որը հեռահար նպատակներ է հետապնդում` կոտրել ազգային, մշակութային կյանքը Ջավախքում եւ առաջացնել վախի, սարսափի եւ անվստահության մթնոլորտ ջավախայության շրջանում»: Վրաստանի ՆԳ աշխատակիցները ձերբակալվածների բնակարաններում կատարած խուզարկության ժամանակ որեւէ զենք կամ զինամթերք չեն հայտնաբերել: Շիրակ Թորոսյանը գտնում է, որ ջավախահայերի նկատամամբ Վրաստանի իշխանությունների նման քաղաքականությունը կարող է վտանգավոր եւ անցանկալի հետեւանքներ ունենալ. «Ջավախքում կարող է պայթունավտանգ իրավիճակ առաջանալ, քանի որ համբերությունն էլ սահմանի ունի: Եթե այսպես շարունակեն վրացական իշխանությունները, կարծում եմ, նրանց քաղաքականությունը բումերանգի էֆեկտ կառաջացնի: Ես վստահ եմ, որ Ջավախքում զինված խմբավորումներ չկան: Վրաստանի իշխանություններին ես կոչ եմ անում ձեռնպահ մնալ անօրինական գործողություններից եւ ազատ արձակել Գրիգոր Մինասյանին ու Սարգիս Հակոբջանյանին, որոնց ձերբակալելուց հետո տեղափոխել են Թբիլիսի»: Թորոսյանը գտնում է, որ տեղի ունեցածին պատշաճ պետք է արձագանքեն նաեւ ՀՀ իշխանությունները: «ՀՀ իշխանությունները պարտավոր են դիվանագիտական խողովակներով հետաքրքվել եւ պարզաբանել, թե ինչո՞ւ են ձերբակալել անմեղ մարդկանց եւ դրանով ի՞նչ նպատակ են հետապնդում Վրաստանի իշխանությունները` ահաբեկչության մթնոլորտ ստեղծելով Ախալցխայում եւ ընդհանարապես Ջավախքում»: Ի դեպ, բացի ձերբակալվածներից Վրաստանի ՆԳ Հետախուզության վարչություն են հրավիրվել այլ ակտիվ հայ երիտասարդներ:

No comments: