Monday, January 19, 2009

«ՀԱՄԱՍ»-Ի ԴԻՄԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԶՈՐԱՑՆԵԼՈՒ Է ԻՍԼԱՄԱԿԱՆ ԱՐՄԱՏԱԿԱՆՆԵՐԻ ԴԻՐՔԵՐԸ ԱՐԱԲԱԿԱՆ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ

Վերլուծաբանները համոզված են, որ Իսրայելի պատերազմը Գազայի դեմ ավելացրել է համակրանքը «Համաս»-ի նկատմամբ, եւ հակառակ իր կորուստներին, նպաստել նրա քաղաքական դիրքերի ամրապնդմանը: Արաբական երկրների ժողովուրդներին խիստ զայրացրել է արաբական պետությունների կրավորական եւ անտարբեր կեցվացքը, ինչից նրանք սկսել են առավել համակրել «Պաղեստինի իսլամական շարժման»-ը (ՀԱՄԱՍ-ին), եւ ընդհանրապես, տարածաշրջանում իսլամ արմատականների նկատմամբ, որոնց զորացումը ինքնին տկարացնելու է պանարաբական եւ ազգայնական հոսանքները: Եգիպտացի վերլուծաբան Զիա Ռուշվանի կարծիքով «Համաս»-ի հեղինակությունն այսօր գտնվում է գագաթնակետին, իսկ Իսրայելը մինչ այժմ ոչ միայն չի հաջողել իր ռազմական եւ քաղաքական նպատակներում, այլեւ նույնիսկ ձախողվել է քարոզչական առումով: Արաբ մասսաների վրա մեծ ազդեցություն է գործել Գազայից ստացվող ամենօրյա լուրերը, որ պաղեստինցի զոհերի թիվն արդեն անցել է հազարը, որոնց մեծամասնությունը խաղաղ բնակիչներ են, իսկ շուրջ մեկերրորդը մանուկներ, ինչպես նաեւ կան հազարավոր վիրավորներ: Վերլուծաբան Աբդուլազիզ Ալ-Սազարը, որը Դուբայում ղեկավարում է վերլուծական մի հաստատություն, նույնպես համոզված է, որ Իսրայելի գործողությունը Գազայում նպաստելու է իսլամական կազմակերպությունների դիքերի ամրապնդմանը, որոնք արդեն իսկ նվաճել են արաբ երկրների ընդիմադիր թեւերի ղեկավարությունը: Եթե Իսրայելի նպատակն արաբական երկրների իշխանությունների դիրքերի տկարացումն ու քայքայումն էր եւ Մահմուդ Աբբասի կողմից գլխավորվող «Պաղեստինի Ազատագրության կազմակերպության» թուլացումը, պետք է ասել, որ հասել է իր նպատակին, սակայն վերջին կես դարվա փորձերը ապացուցել են, որ պաղեստինյան հարցը ոչ ռազմական լուծում ունի եւ նույնիսկ ոչ քաղաքական, եթե այդ լուծումը անտեսում է պաղեստինցի ժողովրդի ինքնիշխան ապրելու իրավունքը: Գազայի պատերազմը եւ հարավային Լիբանանում միջազգային խաղաղապահ ուժերի անզորությունը նույնպես ապացուցեց, որ անվտանգության հարցերում որքանով կարելի է վստահել եւ ապավինել միջազգային երաշխիքներին, որը կեսական է իմանալ նաեւ մեզ` հայերիս: Ա.Մ.Հովհաննիսյան Աթենք, 15.01.2009

No comments: