Monday, March 16, 2009

Հայկական ու թուրքական հասարակական կազմակերպությունների համաժողով` Երեւանում

«Ազատություն» 15-3-2009- Թուրքական եւ հայկական հասարակական կազմակերպությունների` երեկ մեկնարկած համատեղ համաժողովի ներկայացուցչական կազմը, հաշվի առնելով երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների բացակայությունը, աննախադեպ է` շուրջ 35 հայկական եւ թուրքական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Համաժողովի կազմակերպման նախաձեռնությունը պատկանում է թուրքական կողմին: «Նախաձեռնողները մեր թուրք գործընկերներն են, որոնք աջակցություն են ստացել Բրիտանական դեսպանատնից Ստամբուլում», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Հայաստանի «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» կազմակերպության ներկայացուցիչ Արտակ Կիրակոսյանը: Նրա խոսքերով, երկու երկրների միջեւ քաղաքական հարաբերությունները գործնականում բացակայում են, առեւտրային հարաբերություններն անհամեմատ ակտիվ են, իսկ ինչ վերաբերում է հասարակական շփումներին, ապա դրանց մակարդակը` համեմատած քաղաքական եւ առեւտրային հարաբերությունների հետ, միջանկյալ դիրքերում է: Եվ ահա թուրքական մի շարք կազմակերպություններ որոշել են լրացնել այդ բացը, եւ իբրեւ առաջին քայլ` իրենց հայ գործընկերների հետ Հայաստանում համաժողով են կազմակերպել: Արտակ Կիրակոսյանի կարծիքով, երկու հասարակությունների մերձեցման համար Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլի` Հայաստան կատարած այցը կանաչ լույսի դեր կատարեց. - «Որովհետեւ Թուրքիան էլ այդքան ազատ երկիր չէ իր հասարակության համար, եւ այդ կանաչ լույսը շատ կարեւոր էր: Իրենք արդեն, կարծես թե, զգում են, որ դրա քաղաքական պատվերը կա»: Անկարայում գործող Քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոնի ներկայացուցիչ Աքան Աթամանը, ով առաջին անգամ է Հայաստանում, «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց, թե անձամբ ինքը լիահույս է, որ «հայկական եւ թուրքական հասարակությունների փոխադարձ շփումներն ի վերջո կվերաճեն երկու երկրների միջեւ բնականոն հարաբերությունների»: Նա, այդուհանդերձ, ընդունում է, որ այդ ճանապարհը հեշտ չի լինելու` հաշվի առնելով երկու ժողովուրդների հարաբերություններում առկա բարդությունները: Դրանցից մեկը Հայոց ցեղասպանության ճանաչման հետ կապված խնդիրն է, որը, ինչպես բնութագրեց Աթամանը, այսօր «թուրք ժողովրդի համար կարեւորագույն հարցերից է»: «Ու եթե թուրքական հասարակությունը կամ կառավարությունը չեն ճանաչում այդ փաստը, ապա, կարծում եմ` նրանք առնվազն ճանաչում են, որ այստեղ գոյություն ունի խնդիր», - շարունակեց նա` ուշագրավ մի եզրահանգում անելով. - «Հայոց ցեղասպանության հարցն այսօր միայն հայ ժողովրդինը չէ, դա նաեւ թուրքական հարցի մի բաղադրիչն է»: Համաժողովի մեկ այլ թուրք մասնակից` Գյոքան Քըլընչը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց, որ երկու ժողովուրդների միջեւ իրոք կան խնդիրներ. - «Մենք այստեղ ենք նաեւ այդ խնդիրների լուծումը գտնելու նպատակով: Դրա համար հարկ է սեւեռվել ոչ միայն անցյալի վրա, այլեւ առաջ նայել ու քննարկել, թե մենք համատեղ ինչ կարող ենք անել ապագայում»: Քըլընչը եւս համարում է, որ երկու երկրների հասարակական տարբեր խմբերի միջեւ տեղի ունեցող շփումները օրինակելի կարող են լինել քաղաքական շրջանակների համար. - «Հույս ունեմ ու կարծում եմ, որ այսօր այստեղ հավաքվածներից յուրաքանչյուրը հուսով է, որ երկու ժողովուրդներին ի վերջո կհաջողվի հաղթահարել եղած դժվարություններն ու բարեկամական կապեր հաստատել միմյանց հետ»: Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի նախագահ Լիլիթ Ասատրյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ «փոխադարձ բարդույթներ եւ ստերեոտիպեր, անշուշտ, կան»` համոզմունք հայտնելով, թե այսօրինակ միջոցառումները նախ եւ առաջ պետք են այդ ստերեոտիպերը վերացնելու համար: Տիգրան Ավետիսյան

No comments: