Saturday, March 14, 2009

Թեհրանը նախկինի պես պատրաստ է աջակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին

/PanARMENIAN.Net/ 13.03.2009 - Իրանը պատրաստ է աջակցել Լեռնային ղարաբաղի հակամարտությանկարգավորման գործընթացին: Այդ հակամարտության կարգավորումը ժամանակ եւ համբերություն է պահանջում եւ բխում է տարածաշրջանի բոլոր երկրների շահերից: Այդ մասին Երեւանում ՀՀ ԱԳՆ ղեկավարի հետ համատեղ մամլո ասուլիսի ընթացքում հայտարարել է ԻԻՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Մանուչեր Մոթաքին: «Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպման ընթացքում մենք քննարկել ենք ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի վերջին զարգացումները, եւ ես ծանոթացել եմ այդ հարցի վերաբերյալ Երեւանի դիրքորոշմանը», - նշել է Մոթաքին: Իրանի նախարարը հաղորդել է, որ Թեհրանում կայացած Տնտեսական համագործակցության կազմակերպության (ՏՀԿ) երկրների գագաթնաժողովի ընթացքում նա հանդիպում է ունեցել իր ադրբեջանցի գործընկեր Էլմար Մամեդյարովի հետ: «Այդ հանդիպման ընթացքում մենք շոշափել ենք ղարաբաղյան հակամարտությունը: Անհրաժեշտ է ընդգծել, որ Թեհրանյան հռչակագիրը, որը ստորագրել են ՏՀԿ մասնակից երկրները, մի հոդված է, որում նշվում է, որ ՏՀԿ երկրների տարածքում հակամարտությունները պետք է կարգավորվեն բացառապես միայն խաղաղ ճանապարհով, բանակցությունների միջոցով», - ընդգծել է Մանուչեր Մոթաքին, ավելացնելով, որ այդ փաստաթուղթը, որպես ՏՀԿ անդամ, ստորագրել է նաեւ Ադրբեջանը:

No comments: