Monday, March 16, 2009

Դատապաշտպանի պնդմամբ, Ջհանգիրյանի տեղափոխումը «նրա մի շարք իրավունքների խախտում է պարունակում»

«Ազատություն» 15-3-2009- Հայաստանի գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանի անսպասելի տեղափոխումը «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից «Երեւան Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ, ըստ Ջհանգիրյանի դատապաշտպան Երվանդ Վարոսյանի, «մի շարք իրավունքների խախտում է պարունակում»: Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում ընթացող դատավորության վերջին` մարտի 13-ի նիստում Գագիկ Ջհանգիրյանը ժամանակ էր խնդրել իր պաշտպանական ճառը պատրաստելու համար: Դատարանը ընդամենը 4 օր է տրամադրել Ջհանգիրյանին: Նիստի ավարտին Գագիկ Ջհանգիրյանը «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի փոխարեն տարվել էր Ազգային անվտանգության ծառայության մեկուսարան («Երեւան Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ): «Բնականաբար, դա կխանգարի պարոն Ջհանգիրյանին հավուր պատշաճի նաեւ ճառը պատրաստելու», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Վարոսյանը: - «Կարծում ենք, [տեղափոխման] պատճառներից մեկը նաեւ դա է: Մենք ունենք նաեւ այլ մտավախություններ, որոնց վերաբերյալ այս պահին ուղղակի չենք ցանկանում արտահայտվել: Կարող եմ ասել միայն, որ այս անսպասելի տեղափոխությունը նաեւ Ջհանգիրյանի մի շարք իրավունքների խախտում է իր մեջ պարունակում»: Արդարադատության նախարարության Քրեակատարողական վարչության մամուլի քարտուղար Արսեն Բաբայանի տարածած հաղորդագրության մեջ գլխավոր դատախազի նախկին տեղակալի տեղափոխումը պատճառաբանվում է «դատաքննության շահերով», ինչպես նաեւ «այլ օբյեկտիվ հանգամանքներով»: Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած Հայ ազգային կոնգրեսը, որը հատուկ հայտարարություն է տարածել Ջհանգիրյանի տեղափոխման կապակցությամբ, չի բացառում, որ այս գործողությունը կապված է այն հանգամանքի հետ, որ նա, որպես դատախազ, տեւական ժամանակ վարել է «Հոկտեմբերի 27»-ի գործը: «Մենք համարում ենք, որ վտանգված է Գագիկ Ջհանգիրյանի կյանքը, պահանջում ենք նրան անհապաղ վերադարձնել «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ եւ պաշտոնական բացատրություն տալ կատարված ապօրինության վերաբերյալ», - ասված է հայտարարության մեջ: Երվանդ Վարոսյանը նաեւ տեղեկացրեց, որ ուրբաթ օրը այցելել է իր պաշտպանյալին «Երեւան Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում. - «Նրան ընկճելը շատ բարդ է, ուստի նա այն վիճակում էր, ինչ վիճակում մենք բոլորս սովոր ենք նրան տեսնել` վճռական: Շատ հանգիստ էր ընդունել նաեւ այս հանգամանքը»: Վարոսյանը հավելեց, որ խցի հարցը դեռեւս լուծված չէր, բայց ինքը չի կարծում, թե Ջհանգիրյանին կպահեն մենախցում: Հայաստանի գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանը, ով մեղադրվում է Քրեական օրենսգրքի 316 հոդվածի առաջին մասով («իշխանության ներկայացուցչի կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը»), ձերբակալվել է 2008 թվականի փետրվարի 23-ին այն բանից հետո, երբ ելույթ էր ունեցել ընդդիմության հանրահավաքում: Ռուբեն Մելոյան

No comments: