Tert.am.22-4-2009- Ապրիլի 28-ին Թուրքիայի Ազգային անվտանգության խորհուրդը նիստ է հրավիրելու, որի ընթացքում քննարկվելու են երկրի համար երեք առանցքային խնդիրներ` հարևան Իրաքում տեղի ունեցող զարգացումները և Քրդական աշխատավոր կուսակցության անդամներին հնարավոր ներման շնորհումը, Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը և վերջապես Աֆղանստանում թուրքական ռազմական ուժերի ներկայությունը: Այս լուրը հրապարակել է թուրքական Today's Zaman–ը՝ հղում կատարելով Թուրքիայի կառավարության աղբյուրին:
Հանդիպումը տեղի է ունենալու նախագահ Աբդուլլա Գյուլի գլխավորությամբ` նախագահական Չանկայա նստավայրում:Համաձայն աղբյուրի` Խորհրդի օրակարգի երկրորդ հարցն է լինելու հայ–թուրքական հարաբերությունների կարգավորումը և Ադրբեջանի հակազդեցությունը հայ-թուրքական սահմանի հնարավոր բացման դեպքում:
Ինչպես գրում է Today's Zaman-ը, Թուրքիայի իշխանությունները և կառավարությունը համաձայնել են, որ Թուրքիան չպետք է բացի Հայաստանի հետ սահմանը` նախքան Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը: Աղբյուրի հաղորդմամբ՝ որպես հարաբերությունների կարգավորման առաջին քայլ` Անկարան Երևանին խնդրում է Լեռնային Ղարաբաղը շրջապատող հինգ շրջանները լքած ադրբեջանիցներին թույլ տալ վերադառնալ իրենց բնակավայրերը:
Եթե Հայաստանը որոշի ընդառաջ գնալ ադրբեջանցի փախստականներին, ապա Թուրքիան կբացի հայ-թուրքական սահմանը նախնական շրջանում ամիսը մեկ անգամ, այնուհետև՝ ամիսը երկու անգամ: Այն պահից ի վեր, երբ Հայաստանի և Թուրքիայի միջև կապեր հաստատվեն և տարածաշրջանում անվտանգության մթնոլորտ հաստատվի, սահմանի դարպասներն ընդմիշտ բաց կլինեն: Թուրքիայի անվտանգության խորհրդի հանդիպումից հետո նախագահ Աբդուլա Գյուլը, ինչպես սպասվում է, կժամանի Բաքու, որպեսզի Ադրբեջանի կառավարությանն իրազեկի, թե ինչպիսի որոշումներ է կայացրել Թուրքիան` Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման խնդրի վերաբերյալ:
Thursday, April 23, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment