Tuesday, May 19, 2009

ՄԵԶ ՊԵՏՔ ԵՆ ՈՉ ՄԻԱՅՆ ՊԱՏՄԱԲԱՆՆԵՐ, ԱՅԼԵՎ ՑԵՂԱՍՊԱՆԱԳԵՏՆԵՐ

«ԱԶԳ», 19-05-2009- Մայիսի 16-ին Թեքեյան մշակութային միությունը հյուրընկալել էր մեր ժողովրդի գիտական մտքի լավագույն ներկայացուցիչներից մեկին` ցեղասպանագետ Վահագն Տատրյանին : «Ազգ» թերթի գլխավոր խմբագիր` Հակոբ Ավետիքյանի խոսքերով Վ. Տատրյանն ունի մի մասնագիտություն, որն իր ընդգրկումով միջազգային իրավունքի, պատմության, հասարակագիտության, փաստագրության բնագավառում մեծ հեղինակություն է վայելում, միջազգային չափանիշով: «Ցեղասպանագիտության որպես միջազգային առանձին դիսցիպլինի, ասպարեզում Հայաստանը դեռ մասնագետներ չունի: Մենք ունենք Հայոց ցեղասպանության պատմաբաններ, բայց ոչ ցեղասպանագետներ», հավաստում է պրն Ավետիքյանը: Վահագն Տատրյանը ծնվել է Պոլսում: Տեղի հայկական դպրոցն ավարտելուց հետո ուսումը շարունակել է Վիեննայի, այնուհետեւ Բեռլինի, ապա Չիկագոյի համալսարաններում: Պրոֆեսորն ամբողջովին նվիրվել է ցեղասպանագիտությանը` ժամանակ չունենալով նույնիսկ ընտանիք կազմելու: «Պրոֆեսոր Տատրյանի գիտահետազոտական աշխատանքի մեթոդիկան լրիվ տարբերվում է հայ պատմաբանների մեթոդներից: Ամենակարեւորն այն է, որ Տատրյանը մի կողմ է դրել ֆրանսիական, անգլիական աղբյուրները` համարելով, որ Թուրքիայի դեմ պատերազմող երկրների տվյալները գուցե ճիշտ չեն, միակողմանի են: Նա առաջին հերթին սկսել է ուսումնասիրել գերմանական, ավստրոհունգարական, ինչպես նաեւ թուրքական աղբյուրները», նշում է ցեղասպանության թանգարանի նախկին տնօրեն Լավրենտի Բարսեղյանը : Վահագն Տատրյանը հաճախ է լինում Հայաստանում, Լեռնային Ղարաբաղում եւ հանդես գալիս դասախոսություններով, որոնք մեծ հետաքրքրությամբ են ընդունվում: Բացառություն չէր նաեւ այս մեկը: Փաստերը, տվյալները, եզրահանգումներն ու ընդհանրացումները պարզապես հորդում էին նրա շուրթերից, ցուցահանելով վերլուծելու նրա բացառիկ տաղանդը: Այս առիթով պրոֆեսորը նշեց. «Սովորաբար դասախոսում եմ անգլերեն կամ օտար այլ լեզուներով եւ քիչ հնարավորություններ ունեմ հայերեն արտահայտվելու: Սակայն պատեհության դեպքում դասախոսում եմ հայերենՙ մեծագույն հրճվանք ապրելով: Չեք պատկերացնի, թե որքան երջանիկ եմ, որ կրկին առիթ ունեմ արտահայտվելու իմ մայրենի լեզվով»: Մայիսի 15-ին Վահագն Տատրյանն արժանացել է ՀՀ նախագահի մրցանակին, որն ամփոփում է նրա ամբողջ 60 տարվա գիտական գործունեության վաստակը: Պրոֆեսորի գրչին պատկանում են հարյուրից ավելի աշխատություններ` նվիրված Հայոց ցեղասպանության միջազգային քրեական իրավունքի տեսանկյունից քննությանը: ԳՈՀԱՐ ՍԱՐԳՍՅԱՆ

No comments: