Thursday, November 5, 2009

Հայաստանի ԱԳՆ. Ղարաբաղյան հարցը չի լուծվելու 3-4 ամսվա ընթացքում

News.am. 5-11-2009- Այսօր ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություններում քննարկվում է միայն ԼՂՀ կարգավիճակի հարցը: Այդ մասին նոյեմբերի 5-ին Հայաստանի խորհրդարանում հայտարարել է երկրի ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը: Նրա խոսքերով, այլ հարցեր չեն քննարկվում, քանի որ հայկական կողմի համար առաջնայինը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակն է եւ անվտանգությունը: «Անվտանգություն բառը ես օգտագործում եմ լայն իմաստով, իսկ դա նշանակում է ցամաքային կապի առկայություն Հայաստանի հետ եւ ոչ միայն այդ բաղադրիչը»,- նշել է նա: Նալբանդյանն ընդգծել է, որ այդ հարցը պետք է լուծվի բանակցությունների հիման վրա, իսկ քննարկումներն ընթանում են Մադրիդյան սկզբունքների շրջանակներում: Միեւնույն ժամանակ նա նկատել է, որ պետք չէ ակնկալել առաջիկա 3-4 ամսում հարցի լուծում, դա բավական տեւական գործընթաց է: Նախարարը նաեւ նշել է, թե նոյեմբերի 6-ին կայանալու է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցը Երեւան: Համանախագահներն այսօր գտնվում են Բաքվում:

No comments: