Thursday, November 5, 2009

Սերժ Սարգսյանը Քուվեյթում քննադատել է «Իսլամական կոնֆերանս» կազմակերպությանը

News.am. 4-11-2009- «Արցախյան հիմնախնդրի վերաբերյալ ոչ բավարար տեղեկացվածությունը եւ Ադրբեջանի կողմից կրոնական համերաշխության գործոնի անտեղի ու անթույլատրելի շահարկումները հաճախ բերում են Իսլամական կոնֆերանս կազմակերպության կողմից ոչ ճիշտ որոշումների կայացման»,- այդ մասին հայտարարել է երկօրյա պետական այցով Քուվեյթում գտնվող Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Քուվեյթի Էմիր շեյխ Սաբահ ալ-Ահմադ ալ-Ջաբեր ալ-Սաբահի հետ հանդիպման ընթացքում: Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Սերժ Սարգսյանն ու Քուվեյթի Էմիրը մտքեր են փոխանակել նաեւ տարածաշրջանային անվտանգության, առկա խնդիրների ու հակամարտությունների լուծման գործընթացների շուրջ, մասնավորապես՝ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի ներկա փուլի եւ Արցախյան հիմնախնդրի էության ու բանակցային գործընթացի մասին: Էմիր շեյխ Սաբահ ալ-Ահմադ ալ-Ջաբեր ալ-Սաբահը վստահություն է հայտնել, որ նախագահ Սարգսյանի այցը մեծ ազդակ կլինի տարբեր բնագավառներում փոխգործակցությունը նոր թափով առաջ մղելու համար` հիմքում ունենալով արաբ ու հայ ժողովուրդների դարավոր բարեկամությունը, փոխադարձ սերն ու հարգանքը: «Չկա մեր հարաբերությունների զարգացմանը խոչընդոտող որեւէ հանգամանք կամ խնդիր: Նման բարձր մակարդակի հանդիպումները կարելի է համարել երկկողմ հարաբերությունների զարգացման նոր խթան»,- նշել է Քուվեյթի Էմիրը: Նախագահ Սարգսյանն իր հերթին ասել է, որ Հայաստանի իշխանությունները պատրաստ են մանրամասնորեն քննարկելու, պատշաճ միջավայր ապահովելու եւ համակողմանի օժանդակություն ցուցաբերելու մեր երկրում հնարավոր ներդրումային ծրագրերի իրականացման հարցում: Սերժ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ դեսպանությունների բացումը եւ երկու երկրների արտգործնախարարությունների միջեւ մշտական քաղաքական խորհրդակցությունները հնարավորություն կընձեռեն առավել մոտիկից ու համակողմանիորեն հասկանալու միմյանց խնդիրները, ինչն իր հերթին կնպաստի միջազգային կազմակերպություններում տեղի ունեցող քննարկումների ու քվեարկությունների ժամանակ առավել հիմնավորված դիրքորոշումների արտահայտման: Բարձր մակարդակով բանակցությունների ավարտից հետո Սերժ Սարգսյանն ու Քուվեյթի առաջնորդը ներկա են գտնվել գյուղատնտեսության, կրթության, մշակույթի եւ զբոսաշրջության ոլորտներում համագործակցության, ինչպես նաեւ եկամուտների եւ գույքի կրկնակի հարկումը բացառելու եւ հարկումից խուսափելը կանխելու մասին միջկառավարական համաձայնագրերի ստորագրման պաշտոնական արարողությանը: Սերժ Սարգսյանն ու Քուվեյթի Էմիր շեյխ Սաբահ ալ-Ահմադ ալ-Ջաբեր ալ-Սաբահը միջկառավարական հինգ համաձայնագրերի ստորագրումը գնահատել են որպես «ՀՀ նախագահի պետական այցի նշանակալի արդյունք եւ կարեւոր քայլ երկու երկրների միջեւ համագործակցությունը տարբեր ուղղություններով առաջ մղելու համար»: Սերժ Սարգսյանը հանդիպել է նաեւ Քուվեյթի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ եւ նրանց ներկայացրել իր մոտեցումները հայ-թուրքական եւ ղարաբաղյան գործընթացների վերաբերյալ:

No comments: