Thursday, January 21, 2010

Մոսկվայի բոլոր գրախանութներում հակահայկական գրքեր կան

Tert.am. 20-1-2010- Բաքվի և Սումգայիթի ջարդերի մասին վկայում են բազմաթիվ ականատեսներ։ Այդ վկայությունները, իհարկե, կարող են հավաստի չհամարվել, սակայն ամեն դեպքում սկզբնաղբյուրներ են։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը` հույս հայտնելով, որ ժամանակի ընթացքում կգաղտնազերծվեն նաև հատուկ ծառայությունների զեկուցագրերը, որոնք ուշադրությամբ հետևել են Ադրբեջանում կատարված իրադարձություններին։ Այդ ամենը կվկայի, որ 1990թ. Ադրբեջանում կատարվածը ցեղասպանություն էր։ Հ. Դեմոյանի խոսքով` Ադրբեջանում տեղի ունեցած հայերի ջարդերին պետք է տրվի քաղաքական գնահատական։ «Այս ամենը, ինչպես նաև Ադրբեջանի ներկայիս հակահայկական քաղաքականությունը պետք է լավագույնս ներկայացվի միջազգային հանրությանը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, միջազգային կազմակերպություններին։ Այս օրինակները չպետք է մոռացության մատնել, ավելին` սրա մասին պետք է խոսվի անդադար և ոչ թե տարին մեկ անգամ»,- նշեց բանախոսը։ Քարոզչական պատերազմում Հայաստանը ներկայում զիջում է Ադրբեջանին, հետևաբար, ըստ Հ. Դեմոյանի, Հայաստանն ու Սփյուռքը պետք է միասնաբար գործեն և Ադրբեջանի հակահայկական քարոզչությանը համարժեք պատասխան տան։ Կովկասյան հետազոտությունների կենտրոնի ղեկավար Վլադիմիր Զախարովի խոսքով` Ադրբեջանում իրականացված հայերի ջարդերի վերաբերյալ կան բազմաթիվ փաստեր, որոնք պետք է գաղտնազերծվեն։ Ադրբեջանի այդ քաղաքականությունն իրականացվել է պետական մակարդակով, ԽՍՀՄ-ի այն ժամանակվա իշխանություններն էլ սատարել են այդ գործողություններին։ Ըստ նրա` անհրաժեշտ է Ադրբեջանում կատարված հայերի ջարդերի վերաբերյալ բոլոր փաստերը տպագրել տարբեր լեզուներով և միջազգային շուկա հանել։ Մինչ հայկական կողմն այս հարցում հապաղում է, Ադրբեջանը նման քաղաքականություն սկսել է իրականացնել վաղուց. ներկայում Մոսկվայի բոլոր գրախանութներում առկա են հակահայկական քարոզչություն պարունակող ադրբեջանական գրքեր։ «Մենք պատրաստ ենք Ադրբեջանում հայերի ջարդերը ներկայացնող և իրականությունը պատմող ժողովածուներ գրել, սակայն դրանք տպագրելու համար անհրաժեշտ են միջոցներ»,- ասաց Վ. Զախարովը։

No comments: