Thursday, January 21, 2010

Ֆիզուլիի մոտ ադրբեջանցի զինվորների միջեւ ծագած վեճի արդյունքում հնչել են կրակոցներ, որոնք տեսել ու արձանագրել են հայ զինվորները

News.am. 20-1-2010- Հունվարի 19-ին երեկոյան ժամը 10-ին Ֆիզուլիի շրջանում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության շփման գծում, ադրբեջանական կողմում զինվորների ոչ կանոնադրական հարաբերությունների հետեւանքով տեղի է ունեցել միջադեպ: Այս առնչությամբ, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ԼՂՀ պաշտպանության բանակի մամուլի ծառայության ղեկավար Սենոր Հասրաթյանը պատմեց հետեւյալը. «Դեպքը տեղի է ունեցել ադրբեջանական հենակետին մերձակա բաց տարածքում, որը նկատել եւ արձանագրել են հայ զինվորականները: Նրանց ներկայացմամբ, 7 ասկյարների միջեւ ծագած վեճը վերածվել է ծեծկռտուքի, իսկ հետո լսվել են փոխհրաձգության ձայներ: Քիչ անց դեպքի վայր է ժամանել շտապ օգնության մի մեքենա եւ իսկույն հեռացրել կռվողներին: Հաստատված տեղեկատվությամբ, շտապօգնության մեքենան տեղափոխել է միջադեպի արդյունքում տուժած, մահամերձ մի ասկյարի»: Նշենք, որ դեպքից անմիջապես հետո, ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկություն են տարածել, թե իբր իրենք զինված հայ զինվոր են սպանել: Այս առնչությամբ Ս. Հասրաթյանն ասաց. «Դա ոչ միայն չի համապատասխանում իրականությանը, այլեւ իր սովորության համաձայն, Ադրբեջանը դեպքերը ներկայացրել է գլխիվայր` ոչ առանց պաշտոնական Բաքվի օժանդակության»: Նրա խոսքով, ոչ մի հայ զինվոր չի սպանվել եւ չի վիրավորվել: «ԼՂՀ պաշտպանության բանակը վստահորեն հսկում է երկրի սահմանները»,- ասաց նա:

No comments: