Tuesday, February 23, 2010

«ԵՍ ԹՈՒՐՔ ԵՄ, ԵՍ ԱՇԽԱՏԱՍԵՐ ԵՄ, ԵՍ ԻՐԱՎԱՑԻ ԵՄ»

Ասում են հայ երեխաները` Թուրքիայում հայկական դպրոց մտնելիս «ԱԶԳ», 23-02-2010- Անկախ նրանիցՙ կվավերացնեն երկու երկրների խորհրդարանները Արձանագրությունները, թե ոչ, մի բան հաստատ կարելի է արձանագրել. ե՛ւ Հայաստանում, ե՛ւ Թուրքիայում հաճախակի են դարձել «խոսակցությունները» միմյանց մասին, ընդ որումՙ դրանք լրիվ տարբեր են, երկու երկրներում էլ չկա միասնական կարծիք հայ-թուրքական հարաբերությունների, գործընթացների վերաբերյալ: Ստամբուլում գործող «Արիե» ազատական երիտասարդական շարժման առաջնորդ Արդա Բատուն «Ազատություն» ռադիկայանին տված հարցազրույցում նշել է, թե հայ-թուրքական սկսված գործընթացները հնարավորություն տվեցին թուրքերին փոխելու պատկերացումները Հայաստանի եւ հայերի նկատմամբ. «Այսօր Թուրքիայում կոտրվել են շատ` ինչպես հակահայկական, այնպես էլ հակաքրդական կարծրատիպեր: Օրինակՙ 20 տարի առաջ մեր երկրում ոչ ոք պատկերացում անգամ չուներ քրդական հարցի կամ 1915-ի ջարդերի վերաբերյալ: Սակայն հայ-թուրքական գործընթացներից հետո մեզանում շատերն այլ կերպ են սկսել նայել այս խնդիրներին, շատ շարքային թուրքեր նույնիսկ քննարկում են այս հարցերը, ինչը նախկինում անհնար էր: Այսօր Թուրքիայում ընթանում է nation building (պետության, հասարակության վերստեղծում) գործընթացը, եւ երբ այս գործընթացն ավարտվի, Թուրքիայի համար տհաճ այս խնդիրներն էլ ավելի մեծ թափով կքննարկվեն», նշել է Արդա Բատուն: Վերջինիս համար, սակայն, ամենեւին էլ պատահական չէ հայ-թուրքական գործընթացների ներկա դադարը. «Թուրքիան մեծ փորձ ունի գործընթացները սառեցնելու, օրինակ` Կիպրոսի հարցը: Սրանով է պայմանավորված այն հանգամանքը, որ կոնկրետ մեր հասարակությունն այդքան էլ լուրջ սպասելիքներ չուներ Արձանագրությունների շուտափույթ վավերացման հետ կապված», նկատել է Բատուն: Մեկ այլ թուրք երիտասարդՙ Ստամբուլի համալսարանի ուսանող Եդիտեպե Ասլ Բիլդեն , խոսելով կոնկրետ ցեղասպանության մասին, նշել է. «Թուրքիայում անչափ դժվար են տանում այն փաստը, որ 1915-ին իրականացվել է հայերի ցեղասպանություն: Այսօր մեր երկրում լայնորեն քննարկվում է այս հարցը, եւ ոչ ոք միանշանակ չի նշում, թե «այդ տարիներին» ոչինչ տեղի չի ունեցել. բոլորս էլ գիտակցում ենք, որ գործ ունենք զանգվածային սպանությունների հետ: Դա ողբերգություն է եղել, եւ, շեշտեմ, սա ես իմ անունից եմ ասում, լավ կլինի, որ Թուրքիան ներողություն խնդրի հայերից»: Երկու թուրք երիտասարդներն էլ մասնակցում են Ծաղկաձորում մեկնարկած «Հայ-թուրքական մերձեցում» թեմայով քննարկումներին: Միեւնույն ժամանակ, փետրվարի 21-ին Թուրքիայում Քրդական դեմոկրատական եւ մշակութային միությունն ազգային լեզվի տոնի կապակցությամբ կազմակերպել էր համագումար, որին հրավիրված էր նաեւ Թուրքիայում հայկական դպրոցների կոորդինատոր Կարո Պալյանը : Թուրքական Atilim կայքի փոխանցմամբ, Պալյանը համագումարում նշել է. «Ստամբուլում այսօր ունենք 16 հայկական դպրոցներ, որտեղ սովորում են ընդհանուր առմամբ 3000 հայ երեխաներ: Ընդ որումՙ այդ դպրոցների տնօրեններն ու փոխտնօրենները պետք է անպայման լինեն թուրք: Շեշտեմ, որ Թուրքիայում ապրող 10 հազար հայ երեխաները, որպեսզի գան դպրոց, պարտավոր են դպրոցի հենց մուտքի առջեւ ամեն օր կրկնել` «Ես թուրք եմ, ես աշխատասեր եմ, ես իրավացի եմ»: Մեր մեջ այն տպավորությունն է, որ այս երկրում մեր գոյությամբ խանգարում ենք: Չնայած մենք ունենք դպրոցներ եւ եկեղեցիներ, սակայն մշտապես ապրում ենք անհանգիստ պայմաններում, որտեղ էլ «թաքնվենք», մեզ հետապնդելու են: Հետեւաբար մենք պետք է պայքարենք»: Ահա, այսպես, որքան էլ թուրք երիտասարդների կարծիքով այսօր այդ երկրում ընթանում է nation building, փաստ է, որ թուրքերն ու Թուրքիան դեռ երկար պետք է «վերակառուցեն իրենց երկիրն ու հասարակությունը»: ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

No comments: