Wednesday, March 10, 2010

Ի՞նչ են քննարկել Դավութօղլուն և ԱՄՆ–ում Թուրքիայի դեսպանը

Report.am. 10-3-2010- Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն և Անկարա կանչված Վաշինգտոնում Թուրքիայի դեսպան Նամըք Թանը քննարկել են Միացյալ Նահագների դեմ իրականացվելիք հնարավոր հակաքայլերի ծրագիրը Կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման դեպքում։ Թուրքական Star օրաթերթը, վկայակոչելով դիվանագիտական անանուն աղբյուրները, գրում է, որ հնարավոր հակաքայլերի ծրագրում ներառված են պաշտպանական ոլորտին, Իրանին և Աֆղանստանին առնչվող հարցեր։ «Դավութօղլուն և Թանը քննարկել են, թե ինչպիսին են լինելու պաշտոնական Անկարայի հնարավոր հակաքայլերն այն դեպքում, եթե ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման իր ապրիլքսանչորսյան ուղերձում գործածի Ցեղասպանություն եզրույթը։ Հնարավոր պատժամիջոցների ցանկում տեղ են զբաղեցնում թուրք-ամերիկյան արտաքին քաղաքական ոլորտում առկա համագործակցության վերանայումը, F-35 կործանիչներ, 14 CH-47 Chinook ուղղաթիռներ ներառող 1.2 միլիարդ դոլար արժողությամբ համաձայնագրի, ինչպես նաև Patriot հրթիռներ ձեռք բերելու շուրջ իրականացվող բանակցությունների հետաձգումը։ Առաջին հակաքայլերն իրականացվելու են Իրանի և Աֆղանստանի հարցում ԱՄՆ-ին աջակցելուց հրաժարվելու տեսքով»,- գրում է թուրքական պարբերականը։ Star օրաթերթը որևէ տեղեկություն չի հայտնում, թե արդյո՞ք պաշտոնական Անկարայի հակաքայլերի ծրագրում ներառված են հայ-թուրքական Արձանագրությունները։

No comments: