Wednesday, March 10, 2010

Ռայիսա Ավանեսյանը հուսով է, որ կունենա իր ավանդը հայ երգարվեստւմ

Report.am. 10-3-2010- Ռայիսա Ավանեսյանը «Հայ Սուպերսթար–4» նախագծի եզրափակչի մասնակիցներից է: Նա նախկինում էլ է մասնակցել «Հայ Սուպերսթար» նախագծի նախընտրական փուլին, անցել է կիսաեզրափակիչ փուլ և իր կամքով հեռացել նախագծից՝ մտածելով, որ դեռ ժամանակը չէ։ «Դպրոցական էի, մտածում էի անել այնպես, որ գործողություններիցս ոչ մեկը չխանգարի մյուսին»,– ասում է նա։ Չորրորդ «Հայ Սուպերսթարին» մասնակցել է, քանի որ այն համահայկական էր և քանի որ հայրն էր շատ ուզում, որ մասնակցի։ Ռայիսան ծնվել է 1988թ. Իրանում։ Գերազանց առաջադիմությամբ ավարտել է տեղի տասնամյա երաժշտական դպրոցը։ Դպրոցական տարիներից սկսած՝ նվագում է կլառնետ։ Հայաստանում ավարտել է Երգի պետական թատրոնը։ Այդ ընթացում սովորել է նաև Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում, սակայն ուսումը կիսատ է թողել։ - Ո՞ւմ հետ ես ապրում Հայաստանում։ - Սկզբում՝ մենակ, բայց գալահամերգներից սկսած՝ կողքիս է մայրս, իսկ վերջին երկու շաբաթվա ընթացքում մեզ միացան ընտանիքիս մյուս անդամները։ Շատ կուզեի, որ այստեղ լիներ նաև սիրելի տատիկս, սակայն, ցավոք, առողջական խնդիրների պատճառով նա չի կարող գալ։ - Հնարավո՞ր է, որ որոշեք ընդմիշտ մնալ Հայաստանում։ - Ո’չ, նախագծի ավարտից հետո բոլորը կվերադառնան Թեհրան, Հայաստանում կմնամ միայն ես. «Շանթ» հեռուստաընկերության հետ երեք տարվա պայմանագիր եմ կնքել` երգի ասպարեզում կարիերաս շարունակելու նպատակով…Հուսով եմ իմ ավանդը կունենամ հայ երգարվեստում: - Ի՞նչն ես ամենից շատ սիրում Հայաստանում։ - Փակ երկրում ապրելուց հետո ինձ այստեղ հատկապես դուր է գալիս ազատությունը… Եվ, վերջապես, հայրենիքում եմ, իսկ դա արդեն լավ է։ - Հավատու՞մ ես, որ հաղթելու ես։ - Փոքր-ինչ դժվարանում եմ պատասխանել հարցին, քանի որ ամեն ինչ կախված է քվեարկության արդյունքներից, իսկ այս նախագծում շատ դեպքեր են եղել, որ քվեարկության արդյունքները բոլորովին այն չեն եղել, ինչին սպասում էինք։ - Ի՞նչ ծրագրեր ունես։ - Անելիքներս կապված են այն առաջարկների հետ, որ սպասում եմ «Շանթ» հեռուստաընկերության կողմից։ Մոտ ժամանակներս պատրաստվում ենք մեր ողջ կազմով ներկայանալ հանդիսատեսին։ - Պատահո՞ւմ է, որ համաձայն չլինես ժյուրիի կարծիքի հետ։ - Հիմնականում համամիտ եմ լինում, սակայն լինում են դեպքեր, որ չեմ հասկանում նրանց։ Վերջին համերգին ինձ նկատողություն արվեց` կապված այն բանի հետ, որ երգեցողությանս մեջ ագրեսիա է նկատվում։ Բայց դա իմ երգելու ոճն է, այդպես եմ երգը դարձնում իմը, և ձայնիս որակն է նաև այդպիսին։

No comments: