Wednesday, March 10, 2010

Մուրադ Մերջանը խորհուրդ է տալիս սառեցնել Արձանագրությունների գործընթացը

Report.am. 10-3-2010- Հայաստանի և Թուրքիայի միջև ստորագրված Արձանագրությունները խորհրդարանից հետ կանչելը կդիտվի որպես «զգացմունքային հակազդեցություն» և ավելի կվնասի Թուրքիային։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մուրադ Մերջանը՝ ի պատասխան Անկարայում հնչող այն հայտարարություններին, թե ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունմանը հակազդելու համար անհրաժեշտ է խորհրդարանից հետ կանչել հայ-թուրքական Արձանագրությունները։ Radikal օրաթերթի փոխանցմամբ՝ Մերջանը դրա փոխարեն առաջարկել է սառեցնել արձանագրային գործընթացը՝ հայտարարելով, թե գործնականում որևէ տարբերություն չկա Արձանագրությունները Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում պահելու և դրանք կառավարությանը վերադարձնելու միջև։ «Արձանագրությունները հանձնաժողովում պահելու համար որևէ խոչընդոտ չկա, երկար ժամանակ կարող են մնալ, մենք շտապելու բան չունենք»,- հայտարարել է Մերջանը՝ ավելացնելով. «Երկու հիմնական մտահոգություն ունեինք. առաջինը՝ Հայաստանի Սահմանադրական դատարանի կայացրած որոշումը, երկրորդը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա խնդիրները։ Դրանց գումարվեց երրորդը՝ Միացյալ Նահանգներում ընդունված բանաձևը։ Իմ կարծիքով՝ ճիշտ չէ հանձնաժողովի օրակարգ բերել Արձանագրությունները, քանի դեռ այդ երեք հարցերում մեզ, մեր ազգին գոհացնող զարգացումներ չեն գրանցվել»։

No comments: