Saturday, May 1, 2010

ԲԱՔՈՒՆ ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻՔԸ ՉԷ

«Լրագիր» 30-4-2010- Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի կողմից Բաքու մեկնելը և այնտեղ համաշխարհային հոգևոր կառույցների գագաթնաժողովի աշխատանքներին մասնակցելը հայության կողմից ընկալվեց ոչ միարժեքորեն: Դրա ծանրակշիռ ապացույցներից մեկն է թերևս այն հանգամանքը, որ հայրենի ԶԼՄ-ների կողմից այդ այցը լուսաբանվեց չափազանց զուսպ: Ամեն ինչ սահմանափակվեց սոսկ մի քանի «չոր» տեղեկատվական բնույթի փաստերի ներկայացմամբ: Մինչդեռ արձագանքը իրոք որ միարժեք չէր: Այլ կերպ չէր էլ կարող լինել, քանզի այդ այցը ավելի շատ առիթ հանդիսացավ, քան թե պատճառ՝ իրականում չափազանց մի նուրբ և միաժամանակ չափազանց կարևոր մի հարցի անդրադառնալու համար: Նախ նշենք, որ ինչպիսի «չեզոք» և «քաղաքականությունից հեռու» գույներով ու պատկերներով էլ ոմանք տքնեն ներկայացնել այդ այցը, միևնույն է, նրա բուն նպատակի և էության «քաղաքական ականջները» ցցված են բավական բարձր և երևում են պարզորոշ: Այդ առումով նշենք մեկ այլ իրողություն ևս, որ շահագրգիռ կողմերը ինչքան էլ տքնեն համոզել (արդեն քանի հազարամյակ), թե կրոնն ու կրոնավորները, առհասարակ, «հեռու են քաղաքականությունից և անկախ», միևնույն է, համոզվող՝ այն էլ այսօր, չի լինի: Այս պարագայում նույնպես «այլկերպ չի էլ կարող լինել», քանզի, իրոք, ինչպես կարող են քաղաքականությունից հեռու լինել կառույցներ և անձինք, որոնք ունեն իրական, անմիջական ազդեցություն հսկայական մարդկային զանգվածների վրա: Գարեգին Բ կաթողիկոսի այցը հասարակության մեջ առաջ բերեց, նախ, եթե կարելի է ասել, «տակտիկական» բնույթի երկու հարց. Ա) Իմաստ ունե՞ր արդյոք, որ հայոց հովվապետն այսօր ոտք դներ Բաքու, և Ադրբեջանի հող, առհասարակ: Հյուրընկալվեր այն հոգևոր առաջնորդի հարկի տակ, որը հրապարակավ հայտարարում է իր խորին համոզմունքը, թե «Կեղծավորությունն ու դավաճանությունը հայերի արյան մեջ են…», և որը, բնականաբար, ըստ այդ կարծիքի էլ ցուցաբերել է համապատասխան վերաբերմունք իր աչքի առաջ Ադրբեջանում իրականացրած հայկական ջարդերի վերաբերյալ: Բ) Նկատի ունենալով Ռուսիո Պատրիարքի դերակատարումը այդ այցի իրականացման հարցում, չկա՞ արդյոք իրական վտանգ, որ մեր պետական-քաղաքական կառույցների նմանակով, Ռուսաստանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցուն նույնպես հատկացվելու է՝ արդեն յուրատեսակ «հոգևոր ֆորպոստի» դեր՝ այս անգամ արդեն Ռուս Ուղղափառ Եկեղեցու կողմից նախանշված հունի և «ազատության աստիճանների» շրջանակներում: Այս «առօրեական» հարցերի ի հայտ գալը անխուսափելիորեն, ուզես թե չուզես, անդրադառնում, պրոյեկտվում է մեր պատմության վրա և շոշափում է արդեն մեկ այլ՝ շատ ավելի խորը և շատ ավելի ցավոտ հարց. Գ) Իսկ ինչպիսին են Հայ Առաքելական Եկեղեցու ունեցած իրական տեղն ու դերը մեր պատմության մեջ: Կարծիքներն ու տեսակետները, որոնք կարտահայտվեն մեր կողմից, բնականաբար, չեն հավակնում, և չեն էլ կարող հավակնել լինել անհերքելի, առավել ևս՝ ներկայացվել որպես իմպերատիվ: Նշենք, սակայն, որ նման կարծիք ունեցողները, համենայնդեպս, մեկ-երկուսն էլ չեն: Ա) Ով-ով, բայց Հայոց Հովվապետը չպետք է ոտք դներ մի երկիր, մի քաղաք, ուր ընդամենը տարիներ առաջ անխնա կոտորել են իր հոտի մի մասը, ուր կատարվածի վերաբերյալ մինչ օրս չի արտասանվել ափսոսանքի գեթ մեկ խոսք և որտեղ հայատյացությունը պետական քաղաքականություն է և առօրյա կենցաղ ու համազգային մտածելակերպ` միաժամանակ: Կարելի է հասկանալ և «ըմբռնումով մոտենալ», երբ միջազգային տարբեր հավաքների շրջանակներում Ադրբեջան են մեկնում մարզիկներ, պետական այրեր, հասարակական գործիչներ, լրագրողներ, բայց ոչ երբեք՝ ազգի հոգևոր առաջնորդը: Գուցե հոտի հետ անմիջականորեն շփվող հոգևոր մեր հովիվներն այդ այցի «լույսի ներքո» հուշեն մեզ, թե ինչ դրսևորում պետք է մենք ցուցաբերենք այսուհետև մի պետության և ժողովրդի նկատմամբ, որը բնավեր դարձրեց կես միլիոնից ավել մեր հայրենակիցների-կրոնակիցների, պատերազմ սանձազերծեց մեր դեմ, իր տարածքում անհետ ոչնչացրեց հայկական ամեն ինչը, իսկ այսօր էլ շարունակում է սպառնալ՝ օգնության կանչելով հայահալածության գործում ավելի հմուտ և ավելի փորձառու իր ավագ եղբորը: Օրինակ, Արդեբիլի իմամը շատ պարզորոշ ասել էր իր հոտին, որ Ղարաբաղի մզկիթներում կրկին պետք է հնչի «Ալլահ ակբար»-ը, իսկ հայերն էլ պետք է անհետանան Ղարաբաղից: Ի դեպ, դա հնչել էր այն բանից հետո, երբ Հայոց Հովվապետը Բաքվում հայտարարել էր, թե ինքը աղոթում է այն հույսով, որ Բաքվի այս եկեղեցին կրկին կսկսի գործել, և մեր հավատացյալները կրկին կգան և կաղոթեն այնտեղ մեր Աստծուն: Գուցե և զուգադիպություն է: Չգիտեմ: Բայց հայությանը Բաքվում կրկին տեսնելու հեռանկարը, համաձայնվենք, այնքան էլ հրափուրիչ չէ: Նույնիսկ աղոթքների «ձևաչափով»: Իրոք, «Բաքուն մեր հայրենիքը չէ», և մենք այնտեղ իրոք որ գործ չունենք, և դրա ամենավառ ապացույցն ութսուն տարվա ընթացքում այդ քաղաքում իրականացրած երեք հայկական կոտորածներն են: Ով գիտի, կարող է սրանից հետո Ադրբեջանը՝ համաշխարհային հանրության ճնշման տակ, հրապարակի իր կողմից նախատեսվող հայկական կոտորածների «ճանապարհային քարտեզը», և հայությունը ըստ դրա կարողանա ճիշտ կողմնորոշվել: Իսկ գուցե հոտի համար ավելի ընդունելի և ավելի ոգևորիչ լիներ, եթե իր Հովվապետի հույսն ու աղոթքն հնչեին այն բանի համար, որպեսզի ոչ թե օտար Բաքվում, այլ հայ զինվորի կողմից ազատագրած և նրա այսօրվա կանգնած վայրում կառուցվի Աստծո տունը, և Բաքվի ձեռքով տնավեր ու տնազուրկ դարձած հայությունը ժողովվի Աստծո այդ տաճարի շուրջ և աղոթի այնտեղ՝ իրեն իրականում պատկանող սեփական եզերքի վերականգման ու հզորացման համար: Բ) Ամենայն Հայոց Կաթողիկոսի այցը Բաքու, Ռուսիո Պատրիարքի միջնորդությամբ, կամ էլ հորդորներով, և Բաքվում կայացած ընդունելություններն ու հանդիպումները, որոշակիորեն հիշեցնում են և նմանակվում են այն հանդիպումներին, որ կայանում էին Արմեն Սմբատյանի և Փոլադ Բյուլ-Բյուլ Օղլու մասնակցությամբ՝ ռուսաստանյան ֆունկցիոներ Միխայիլ Շվիդկոյի բարձր միջնորդությամբ, որոնց էֆեկտիվությունը ոչ թե զրոյական էր (դրականի մասին խոսք չի հնչել և ոչ մեկի կողմից), այլ ակնհայտորեն վնասաբեր էր հայկական կողմի համար: Այնպես որ, ինչպիսին էլ լինեն Կիրիլ Պատրիարքին չմերժելու շարժառիթները՝ անձնական համակրանքն ու մտերմությունը, թե ավելի բարդ գործոններ, բայց մենք այն կարծիքին ենք, որ Հայոց Եկեղեցին, որն ի տարբերություն հայոց պետականության, իր հիմնադրման օրվանից ցայսօր պահպանել է իր ինքնուրույնությունը, պետք է որ ռուսական եկեղեցու հետ իր հարաբերություններում հանդես գա այնպիսի դիրքերից, որպեսզի բացառվի որևիցե «ֆորպոստացում»: Գ) Այս հարցի առնչությամբ արձանագրենք միայն, որ մեզանում կա մասնագետների որոշակի մի շրջանակ, որի կարծիքն ու տեսակետը՝ Հայ Առաքելական Եկեղեցու դերի վերաբերյալ մեր պատմության մեջ, տարբերվում է պաշտոնապես ընդունվածից ու մատուցվողից: Մասնավորապես, կասկածի տակ է վերցվում այն պնդումը, թե այդ դերը, հատկապես պետականապահպանության հարցում, անցած բոլոր հարյուրամյակների ընթացքում, մեր օրերը ներառյալ, եղել է և է՝ բացառապես դրական: Եվ բնական է, որ հարցի հանդեպ հետաքրքրությունն աճում է ամեն անգամ, երբ մեր ժողովուրդն ու պետականությունը հայտնվում են, մեղմ ասած, ոչ այնքան դյուրին կացության մեջ, և եկեղեցուց սպասվում են վճռական խոսք ու գործ: Իսկ այսօրվա մեր օրերը, շատ պարզ ասած, չափազանց հեռու են բարվոք լինելուց: Եվ առաջին հերթին՝ հենց պետականության պահպանման առումով: Վլադիմիր Հարությունյան

No comments: