Tuesday, May 25, 2010

Իշխանությունը բոլորովին չի տիրապետում տարածաշրջանում տեղի ունեցող հակահայ գործընթացներին. Ժառանգություն

Tert.am. 25-5-2010- «Ժառանգություն» կուսակցությունն անթույլատրելի է համարում միջազգային կառույցներում հակահայկական բանաձևերի ընդունումը։ Եվրախորհրդարանի լիագումար նիստում թիվ 2216 բանաձևի ընդունման առնչությամբ կուսակցությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է. «ՀՀ արտաքին գործերի նախարարության և իշխող կոալիցիայի անգործության հետևանքով Եվրախորհրդարանի լիագումար նիստում ընդունվել է թիվ 2216 բանաձևը, որում մասնավորապես ղարաբաղ-ադրբեջանական հակամարտությանն առնչվող ձևակերպումները չեն համապատասխանում իրականությանը, ավելին` պարունակում են Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետության հիմնախնդրի վերաբերյալ ակնհայտորեն ադրբեջանամետ դիրքորոշումներ: Նախքան լիագումար նիստում Եվրախորհրդարանի թիվ 2216 բանաձևի ընդունումը այդ կառույցի Արտաքին հարցերի հանձնաժողովը 2010թ. հունվարի 11-ին` զեկուցող Եվգենի Կիրիլովի հեղինակմամբ, պատրաստել է ադրբեջանանպաստ զեկույցի նախագիծ, որի դրույթները վերափոխվելով` առավել ադրբեջանամետ են դարձել Եվրախորհրդարանի Արտաքին հարցերի հանձնաժողովի ապրիլի 23-ին ընդունված փաստաթղթում: Սույն զեկույցի հիման վրա Եվրախորհրդարանի թիվ 2216 բանաձևի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի գնահատականները և կոալիցիան ներկայացնող պատգամավորների ելույթները վկայում են, որ գործող իշխանությունը բոլորովին չի տիրապետում տարածաշրջանում տեղի ունեցող հակահայ գործընթացներին և հիմնավորապես զուրկ է դրանց վրա ազդելու ունակությունից: Միջազգային տարբեր կառույցներում թուրք-ադրբեջանական տանդեմի գործունեությանն անթույլատրելիորեն համակերպված մեր կառավարության ներկայացուցիչների և կոալիցիայի պատգամավորների անտարբերությունն ու անգործությունը ժամանակի ընթացքում լուրջ սպառնալիք են դառնում հայ ժողովրդի համար և կարող են անդառնալի կորուստներ պատճառել հայկական երկու պետությունների տարածքային ամբողջականությանը, համազգային կենսական շահերին, ՀՀ-ում և ԼՂՀ-ում ապրող ու արարող բնակչության անվտանգությանը: ՀՀ գործող իշխանությունների անհամարժեք արտաքին քաղաքականության հետևանքով հայկական շահերի դեմ թուրք-ադրբեջանական տանդեմի սանձազերծած քարոզչական և քաղաքական ուժգնացող պատերազմին համակարգված, արդյունավետ հակազդեցության բացակայությունը վտանգավոր այդ դաշինքին հնարավորություն կտա քաղաքական ու դիվանագիտական նորանոր հաջողություններ գրանցել այնքան ժամանակ, քանի դեռ նպատակային և լիովին չի օգտագործվում հայ ժողովրդի ողջ ներուժը` ՀՀ պետական բոլոր կառույցների, հայոց աշխարհասփյուռ քաղաքական, հասարակական և կրոնական կազմակերպությունների, արտերկրի հայաշատ համայնքների բնակչության հավաքական կարողականությունը: ՀՀ-ի և ԼՂՀ-ի դեմ թուրք-ադրբեջանական արշավի հաջորդ վտանգավոր հանգրվանը ԵԽԽՎ նախագահ, Թուրքիայի Հանրապետության ներկայացուցիչ Մևլութ Չավուշօղլուի գործողություններն են` ուղղված ԵԽԽՎ թիվ 1416(2005) բանաձևի կենսակոչմանը, այն է` Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրով զբաղվող ենթահանձնաժողովի վերակազմավորումը: ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակությունը` չունենալով ԼՂՀ լիազորությունը, Ստրասբուրգում բանակցություններ է վարում ադրբեջանական պատվիրակության ղեկավարի և Չավուշօղլուի հետ: Հայոց պետականության դեմ միջազգային կառույցներում առկա մարտահրավերները կանխելու և դրանց արդարացի լուծում տալու համար անհրաժեշտ է շուտափույթ ստեղծել Համակարգող խորհուրդ` բաղկացած ՀՀ և ԼՂՀ Ազգային ժողովների համապատասխան խորհրդարանական մշտական հանձնաժողովների անդամ-պատվիրակներից, ՀՀ և ԼՂՀ արտաքին գործերի նախարարությունների ներկայացուցիչներից: Համակարգող խորհուրդը պարտավոր է պարբերաբար հրապարակային հաշվետվություն ներկայացնել սույն խնդրի հետ կապված` միջազգային կառույցներում տեղի ունեցող գործընթացների, ինչպեսև իր կողմից իրականացվող աշխատանքների վերաբերյալ: Համագործակցելով և օգտագործելով հայ ժողովրդի ողջ ներուժը, Խորհուրդը պետք է ստեղծի վերլուծական մարմին, որը կհետևի միջազգային բոլոր ազդեցիկ կառույցներում հայ ժողովրդի կենսական շահերը շոշափող գործընթացներին և անհապաղ պետական ու հասարակական բոլոր խողովակներով պատշաճ կերպով կարձագանքի դրանց»:

No comments: