Panorama.am. 1-5-2010- Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հրապարակային ծավալուն ելույթով անդրադարձել է Թուրքիայի ներքին ու արտաքին մի շարք խնդիրների: Այս մասին տեղեկանում ենք թուրքական կառավարության մամուլի ծառայության պաշտոնական կայքից: Նշվում է, որ Էրդողանը խոսել է նաև հայ-թուրքական կարգավորման գործընթացի մասին: Թուրքիայի վարչապետը հիշեցրել է, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ Վաշինգտոնում ունեցած հանդիպման ժամանակ հանգամանորեն ներկայացրել է Անկարայի ակնկալիքները ղարաբաղյան հիմնախնդրի լուծման հարցում:
«Առանց նախապայմանների հանդես գալը մենք էլ ենք ընդունում, բայց դրա դիմաց մեկ բան ենք դնում. տարածաշրջանային խաղաղություն: Այդ հարցում երկու կարևոր դերակատարներ կան: Հայաստանի ու Ադրբեջանի միջև եղած խնդրի չլուծված մնալն անշուշտ պատճառ է լինելու, որ մեր սկսած կարգավորման այս գործընթացը դժվարություններ ունենա»,- նշել է Էրդողանը: Այնուհետև ափսոսանք է հայտնել, որ Հայաստանը կասեցրել է արձանագրությունների վավերացման ընթացակարգը: Ընդգծելով, որ նման որոշում կայացնելը մեծ հաշվով Հայաստանի խնդիրն է` Էրդողանը հաստատել է, որ Անկարան պահպանում է իր նախկին դիրքորոշումը:
«Ի սկբանե մենք խնդրի լուծման նկատմամբ դրական կեցվածք ենք ընդունել, արձանագրությունների տառին և ոգուն հավատարիմ մնացել: Այսուհետև էլ շարունակելու ենք նույն կերպ»:
Թուրքական «Հյուրրիյեթ» (Hurriyet) թերթն էլ տեղեկացնում է, որ Էրդողանը Երևանի համար որպես օրինակ մատնանշել է Թուրքիա-Նոր Զելանդիա հարաբերությունները: Անցյալում այդ երկու երկրները միմյանց դեմ պատերազմել են, որի ընթացքում եղել են մարդկային կորուստներ, բայց այսօր երկկողմ ջերմ հարաբերությունների մեջ են: Օրինակ` Նոր Զելանդիայի նախագահն այցելել է Թուրքիա և ավելի ամրապնդել այդ բարեկամությունը:
Թուրքական կառավարության ղեկավարը հիշեցրել է, որ վաշինգտոնյան հանդիպման ժամանակ ԱՄՆ նախագահին հայտնել էր Անկարայի մտահոգությունը Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ընդունած Հայոց ցեղասպանության բանաձևի կապակցությամբ:
«Այդուամենայնիվ, ապրիլի 24-ին պրն Օբաման թեև նշանակալի չափով հաշվի առավ այդ հարցի նկատմամբ մեր` զգայուն լինելու հանգամանքը, բայց և այնպես հնչեցրեց այնպիսի խոսքեր, որոնք մեր երկրի ու ազգի համար անընդունելի են», - նշել է Էրդողանը` հավելելով, որ իրենք մշտապես ջանացել են պատմական անցքերի քննարկումը թողնել պատմաբաններին, մինչդեռ որոշ երկրներ դրանք ներքին քաղաքականության առարկա են դարձնում: Ըստ Էրդողանի` դա վնասաբեր է հայ-թուրքական կարգավորման գործընթացին:
Saturday, May 1, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment