Tuesday, May 11, 2010

ՊԵԿ. Իրանի քաղաքացու մոտ հայտնաբերվել են թմրանյութեր

Panorama.am. 11-5-2010- ՊԵԿ նախաբացթողումային հսկողության վարչության աշխատակիցներն օրերս, «Ապավեն» մաքսային պահեստում, ներմուծված բեռի նախնական զննության ժամանակ քաշի անհամապատասխանություն են արձանագրել: Մաքսավորները նկատել են, որ եթե Մեղրիի մաքսակետում ավտոմեքենայի բեռը կշռել է 32 տոննայից ավելի, ապա պահեստում քաշը էապես նվազել է` շուրջ 1,6 տոննայով: Այս մասին հայտնում են ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: Բեռը տեղափոխող ավտոմեքենայի վարորդը խոստովանել է, որ անհրաժեշտ մաքսային վճարումներից խուսափելու նպատակով, Արարատի Քաղցրաշեն գյուղի իր տանը դատարկել է բեռի մի մասը` առանց մաքսային ապահովման միջոցը` կապարակնիքը, վնասելու: Մաքսավորները հայտնաբերել են նաև մեկ այլ դեպք, այս անգամ` «Նյու ֆիրմա» մաքսային պահեստում. զննության է ենթակվել ընկերություններից մեկի անունով բեռ ներմուծող` «Կամազ» մակնիշի ավտոմեքենայի բեռնարկղը: Նախաբացթողումային հսկողության վարչության մասնագետների ուշադրությունը գրավել է այն հանգամանքը, որ, թեև կապարակնիքն առկա էր, սակայն այս դեպքում էլ վարորդը կարողացել է բեռնարկղը բացել` առանց մաքսային ապահովման միջոցը վնասելու: Հետևաբար այս դեպքն էլ է դիտարկվել որպես մաքսային կանոնների խախտում: Վերը նշված դեպքերով կազմվել է մաքսային կանոնների խախտման արձանագրություն: Կատարվում է նախաքննություն: Մեկ այլ դեպքում էլ մաքսավորների տեսադաշտում հայտնվել է Իրանի քաղաքացի` Իմանի Մոհամմադ Հուսեինը: Մեղրիի մաքսակետում վերջինս ենթարկվել է զննության. արդյունքում նրա մոտ հայտնաբերվել են թմրանյութեր. կատարված փորձագիտական եզրակացության արդյունքում պարզ է դարձել, որ հայտնաբերվածը ափիոն և մետամֆիտամին տեսակի թմրանյութեր են, որոնք Իրանի քաղաքացին փորձել է տեղափոխել` թաքցնելով իր այցեքարտի մեջ: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Իրանի քաղաքացուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 215 հոդվածի 2-րդ մասի և 268 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Վերջինս կալանավորվել է, կատարվում է նախաքննություն:

No comments: