Tuesday, May 18, 2010

Անկարան և Բաքուն ստեղծում են Բարձրագույն մակարդակի ռազմավարական համագործակցության խորհուրդ (թարմացված)

Tert.am. 17-5-2010- Թուրքիան և Ադրբեջանը որոշում են կայացրել ստեղծել Բարձրագույն մակարդակի ռազմավարական համագործակցության խորհուրդ: Այս մասին, CNNTurk-ի փոխանցմամբ, Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումից հետո կայացած համատեղ ասուլիսին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Խոսելով թուրք-ադրբեջանական «եղբայրական» հարաբերությունների մասին` Թուրքիայի վարչապետը վերահաստատել է «Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքը: «Դա միայն խոսք չէ, այլ իրականություն: Մենք միմյանց ուժ տալով մեր ընդհանուր ապագան կառուցող երկրներ ենք»,- ասել է Թուրքիայի վարչապետը: Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտությանը` Թուրքիայի վարչապետը հայտարարել է, թե Բաքուն այդ հարցում շարունակում է ցուցաբերել դրական մոտեցում: Նա ասել է, որ Անկարան չի կարող անտարբեր մնալ ղարաբաղյան հիմնախնդրի նկատմամբ, և այդ առնչությամբ իրենց տեսակետներն անփոփոխ են։ «Հանդիպման ընթացքում Իլհամ Ալիևն ինձ մանրամասներ ներկայացրեց ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի վերաբերյալ: Ադրբեջանն այդ գործընթացում շարունակում է ցուցաբերել դրական մոտեցում: Հատկապես վերջին բանակցությունների ժամանակ Ադրբեջանը Մինսկի խմբի առաջարկներին դրական վերաբերմունք ցուցաբերեց, այն դեպքում, երբ հարցի առնչությամբ Հայաստանը որևէ պատասխան դեռ չի տվել: Մենք էլ Միջուկային անվտանգության գագաթնաժողովի շրջանակում որոշ բանակցություններ վարեցինք: Ցավալի է, որ այդ հանդիպումներում ականատես եղանք նույն բանին»,- հայտարարել է Էրդողանը` ընդգծելով, որ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման առնչությամբ վճռականություն պետք է ցուցաբերի Մինսկի խմբի եռանախագահությունը: Թուրքիայի վարչապետն ասել է նաև, որ հիմնախնդիրը քննարկել է ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ՝ վերջինիս՝ Անկարա կատարած այցելության ընթացքում: «Մեզ առիթ ընձեռվեց այդ հարցը քննարկել Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի, ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի, ինչպես նաև Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի հետ: Մենք միշտ ի ցույց ենք դրել հարցի առնչությամբ մեր զգայունությունը և նման կերպ էլ շարունակելու ենք»,- ասել է Թուրքիայի վարչապետը: Խոսելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին՝ Էրդողանը վերահաստատել է իր այն դիրքորոշումը, թե առանց ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման՝ խոսք լինել չի կարող Թուրքիայի խորհրդարանում հայ-թուրքական Արձանագրությունների վավերացման մասին։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր հերթին Հայաստանին կոչ է արել ընդունել Մադրիդյան նորացված սկզբունքները: «Եթե Հայաստանն ընդունի մադրիդյան նորացված սկզբունքները և սկսվի ադրբեջանական տարածքներից հայկական ուժերի դուրս բերման գործընթաց, Ադրբեջանը կբացի Հայաստանի հետ բոլոր սահմանները և տարածաշրջանում կիրականացվեն միջոցառումներ խաղաղության և անվտանգության ապահովման համար»,- հայտարարել է Ալիևը: Ընդգծելով, որ ադրբեջանական կողմը «չնչին բացառություններով ընդունել է առաջարկված Մադրիդյան նորացված սկզբունքները»` Ալիևը հայտարարել է, որ նույն մոտեցումը Բաքուն սպասում է նաև Երևանից: Նա նշել է, որ Հայաստանը 6 ամիս շարունակ որևէ պատասխան չի տալիս Մինսկի խմբի համանախագահների ներկայացրած առաջարկություններին` պաշտոնական Երևանին մեղադրելով ժամանակ շահելու և հիմնախնդրի կարգավորման համար լուրջ քայլեր չկատարելու մեջ: «Այն ժամանակ, երբ հիմնախնդիրը հասել էր լուծման կետի, Հայաստանը գործընթացի ձախողմանն ուղղված քայլեր իրականացրեց: Ցավալի է, որ այդ նույն իրավիճակի ականատեսն ենք նաև այսօր: Հայկական կողմը պետք է հայտարարի իր դիրքորոշման մասին: Նա պետք է կամ դրական պատասխան տա Ռուսաստանի, Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի առաջարկությանը և մենք մոտենանք հիմնախնդրի կարգավորմանը, կամ տա բացասական պատասխան, բանակցային գործընթացը ձախողվի և Հայաստանի ու Ադրբեջանի միջև սկսվի նոր ժամանակաշրջան»,- ասել է Ադրբեջանի նախագահը:

No comments: