Saturday, May 1, 2010

Էրդողան. Թուրքական կողմը շարունակելու է հավատարիմ մնալ արձանագրությունների տառին և ոգուն

Haynews.am . 30-4-2010- Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայյիփ Էրդողանը թուրքական հեռուստատեսություններով հեռարձակվող «Ուղերձ ժողովրդին» հաղորդման շրջանակներում անդրադարձել է նաև հայ-թուրքական հարաբերություններին և Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի ապրիլքսանչորսյան ուղերձին: Ինչպես փոխանցում է CNNTurk-ը, Թուրքիայի վարչապետն իր հերթական հեռուստաուղերձում հիմնականում խոսել է Թուրքիայի ներկա տնտեսական վիճակից, երկրի վարած արտաքին քաղաքականությունից, ինչպես նաև անդրադարձել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին և Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի` Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ հղած ուղերձին: Էրդողանը ներկայացրել է Միջուկային անվտանգության գագաթնաժողովի շրջանակներում Վաշինգթոն կատարած այցի մանրամասներն ու ձեռքբերումները, ինչպես նաև անդրադարձել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը. «Պարոն Սարգսյանի հետ մեկ և կես ժամ տևած հանդիպման ժամանակ մենք ևս մեկ անգամ նշել ենք, որ թուրքական կողը երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման և արձանագրությունների կյանքի կոչման գործընթացում անկեղծ ջանքեր է գործադրում, և նույնն էլ սպասում է հայկական կողմից»: Էրդողանը շարունակել է. «Ինչպես գիտեք, ցավոք, օրեր առաջ ՀՀ խորհրդարանն առկախել է արձանագրությունների վավերացման գործընթացը: Բնականաբար, սա Հայաստանի ներքին խնդիրն է, և որոշողներն հենց իրենք են: Սակայն նշեմ` մենք, ինչպես առաջ ենք եղել հավատարիմ արձանագրությունների տառին և ոգուն, այնպես էլ հավատարիմ ենք մնալու հետագայում և այս գործընթացում դրական ենք տրամադրված»: Թուրքիայի վարչապետը չի մոռացել ևս մեկ անգամ շաղկապել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը և ղարաբաղյան հակամարտության լուծումը. «Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը մեզ համար անչափ կարևոր է: Մենք չենք խոսում նախապայմանների լեզվով, սակայն այս համաձայնագրում կա մի կետ, որը վերաբերում է տարածաշրջանային խաղաղությանը, որին չի կարելի հասնել առանց ղարաբաղյան հակամարտության լուծման, Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնության առկայության»: Էրդողանը խոսել է նաև Օբամայի ապրիլքսանչորսյան ելույթից. «Պարոն Օբաման ուշադրություն է դարձրել այդ հարցի վերաբերյալ ունեցած մեր զգայուն մոտեցմանը»: Թուրքիայի վարչապետը չ զլացել ևս մեկ անգամ ներկայացնել միջազգային հարթությունում Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ արդեն ձանձրացրած իր տեսակետը. «Պատմության դեպքերի քննությամբ պետք է զբաղվեն միայն պատմաբանները: Երրորդ կողմ հանդիսացող երկրների օրենսդիր մարմիններում պատմական դեպքերը քաղաքական շահերի համար օգտագործելուն կտրականապես դեմ ենք»: «Նման մոտեցումները խանգարում են Թուրքիային և Հայաստանին հարաբերությունների կարգավորման գործում»,-եզրափակել է Էրդողանը:

No comments: