Saturday, May 1, 2010

Ֆուտբոլայի՞ն, թե՞ շախմատային դիվանագիտություն

Tert.am. 1-5-2010- Հանրապետական կուսակցության պատգամավոր Կարեն Ավագյանը այսօրվա ասուլիսին, անդրադառնալով հայ–թուրքական գործընթացին, հայտարարեց, թե Հայաստանը Թուրքիային, շախմատային լեզվով ասած, շախ է արել։ «Մտավախությունները շատ մեծ էին, որ Թուրքիայի արտաքին քաղաքականությունը բավականին ազդեցիկ է, բավականին ուժեղ է, Հայաստանի իշխանությունները չեն կարող դիմակայել Թուրքիայի արտաքին քաղաքականությանը, բայց գործընթացը եկավ ապացուցելու, որ Հայաստանը ոչ թե դիմակայեց, այլ շախմատի լեզվով «շախ արեց»։ Ես Ձեզ ասեմ, այն դեպքում, երբ որ Թուրքիան փորձում էր շաշկի խաղալ, հայկական կողմը շախմատ էր խաղում, իսկ շաշկիի վերջը դա «դամա» դառնալն է, իսկ շախմատը մենք գիտենք, որ ավելի հետաքրքիր և կարևոր խաղ է»,- հայտարարեց Կարեն Ավագյանը։ ՀՀԿ–ական պատգամավորը նաև ավելացրեց, թե այսօր «Թուրքիան ցուգցվանգի մեջ է»։ Ասուլիսի մյուս մասնակիցը՝ ՀՌԱԿ ատենապետ Հարություն Առաքելյանը, զարմացավ Ավագյանի «շախմատային» մեկնաբանությունների առնչությամբ՝ ընդգծելով, որ հայ-թուրքական գործընթացը նախապես որակվել էր որպես ֆուտբոլային դիվանագիտություն։ Առաքելյանի խոսքով, ցուգցվանգի մեջ է Հայաստանը, որտեղ կան բազմաթիվ խնդիրներ՝ սկսած սակագների բարձրացումից, մարդու իրավունքների խախտման դեպքերից մինչև արտաքին պարտքի քառապատկում։

No comments: