Wednesday, June 23, 2010

Ադրբեջանը խոչընդոտում է տարածաշրջանային համագործակցությունը

Aysor.am. 23-6-2010- «Հայաստանը բազմիցս կոչ է արել իր արևելյան հարևանին` Ադրբեջանին, մեր երկրների հնարավորություններն ի սպաս դնել տարածաշրջանի կայունացմանն ու զարգացմանը», - հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Գերմանիայի Կոնրադ Ադենաուեր հիմնադրամում իր ելույթի ժամանակ: «Սպառազինությունների մրցավազքն ու ռազմատենչ հայտարարությունները մեր երեխաներին չեն կարող լավ ապագա խոստանալ: Եվ ես դա ասում եմ որպես մի մարդ, ով անցել է իրեն պարտադրված պատերազմի բովով, ճաշակել հաղթանակի բերկրանքը, բայց և երբեք չի մոռանա պատերազմի պատճառած դառնությունները: Ի վերջո, մի օր, երբ տարածաշրջանում սկսվեն տնտեսական ինտեգրացիոն գործընթացները, մենք իսկապես կարող ենք շատ ավելի հեշտությամբ լուծել ղարաբաղյան հիմնախնդիրն ու ապահովել մեր ժողովուրդների ապահով, անվտանգ և բարեկեցիկ գոյությունը, քան այսօրվա անվստահության և կասկածանքի մթնոլորտում», - նշել է Հայաստանի նախագահը: Սերժ Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ տարածաշրջանային ինտեգրացիայի «մեր մոտեցումները կիսում են նաև Վրաստանի մեր գործընկերները»: «Մենք իրավունք ունենք նաև նման վերաբերմունք ակնկալել տարածաշրջանում ներգրավված մեր գործընկերներից: Մենք անընդհատ խոսում ենք ինտեգրացիան և փոխկապակցվածությունը խթանելու մասին, բայց ի՞նչ քայլեր ենք անում», - հարցրել է ՀՀ ղեկավարը և նշել, որ նույնիսկ Եվրամիության Արևելյան գործընկերության շրջանակներում «մենք հանգիստ նայում ենք, թե ինչպես ծրագրին միացած որոշ երկրներ փորձում են սահմանափակել տարածաշրջանային համագործակցության հնարավորությունները»: Օրինակ բերելով Ադրբեջանը, ՀՀ նախագահը նշել է, որ այդ երկիրը «ոգևորվելով երկար տարիներ ՏՐԱՍԵԿԱ ծրագրին Հայաստանի մասնակցությունը սահմանափակելու իր ջանքերից», փորձում է նույն գործելաոճը տարածել նաև Արևելյան գործընկերության վրա: Ամփոփելով իր խոսքը` Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը հավատարիմ է ժողովրդավարական արժեքների վրա հիմնված քաղաքացիական հասարակություն կառուցելու նպատակին և հանձնառու է ստեղծել տարածաշրջանում փոխադարձ շահերով ու պարտավորություններով ամրագրված կայունության, անվտանգության, համերաշխության և տնտեսական զարգացման միջավայր: «Ինչպես Մարտին Լյութերն էր ասում. “Ամեն ինչ աշխարհում հույսով է արվում”: Ես հույս ունեմ, որ մի օր մեր հարևանների և բարեկամների հետ իրական ու գործնական երկխոսություն կսկսենք՝ մեկ սեղանի շուրջ հավաքելով բոլորին. դա է պահանջում “ընդհանուր հորիզոնի տրամաբանությունը”: Եւ վստահ եմ, որ գալու է այն օրը, երբ այն հարցադրմանը, թե “հնարավո՞ր է դա մեր տարածաշրջանում”, կլսենք հստակ պատասխան` այո՛», - ՀՀ նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ, ասել է Սերժ Սարգսյանը:

No comments: