Panorama.am.. 23-6-2010- Թուրքական «Միլլիյեթ» (Milliyet) օրաթերթի վերլուծաբան Սամի Քոհենը «Կիսատ մնացած գործեր» վերտառությամբ հրապարակված իր հոդվածում մատնանշում է Թուրքիայի արտաքին քաղաքականության խոտանները: Կիսատ մնացած, անհաջողաբար ընդհատված գործերի շարքում թուրք հոդվածագիրը հիշեցնում է նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի պատմությունը` մեկնարկից մինչև առկախում:
«Թուրքիան Միացյալ Նահանգների, Ռուսաստանի Դաշնության և այլ շահագրգիռ երկրների խրախուսմամբ անցած տարի Ցյուրիխում Հայաստանի հետ արձանագրություններ ստորագրեց: Սկզբում մեծ հույսեր կային: Այդ համաձայնության արդյունքում երկու երկրները պետք է բնականոն հարաբերություններ հաստատեին և մի կողմ թողնեին հին տարաձայնությունները: Սակայն հետո Թուրքիան խափանեց այդ գործընթացը` պայման դնելով ղարաբաղյան խնդիրը լուծումը: Նույնիսկ մի պահ բանը հասնում էր նրան, որ ուր որ է պիտի չեղյալ հայտարարվեին արձանագրությունները: Ի վերջո, արձանագրությունները սառեցվեցին, այլ կերպ ասած` առկախվեցին»,- գրում է Սամի Քոհենը:
Եզրափակելով իր դիտարկումը` թուրք վերլուծաբանը Անկարայի արտաքին քաղաքականության վարիչներին հասկացնել է տալիս. «Կարգավորման գործընթացներ սկսելը, անշուշտ լավ, բայց կարևորը այն ավարտին հասցնել կարողանալն է»:
Wednesday, June 23, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment