Tuesday, July 13, 2010

Կ. Ավագյան. Էրդողանն ու Եվրոպայի «սև բիծը»

Aysor.amղ 13-7-2010- «Էրդողանը բարոյական իրավունք չուներ նման բան հայտարարելու համար: Ժողովուրդը լավ ասացվածք ունի. «Սեփական աչքի գերանը թողած, ուրիշի աչքում փուշ է փնտրում: Եվ դա այն դեպքում, որ դարի ոճրագործությունը հենց Թուրքիայի կողմից է իրականացվել»,- անդրադառնալով Թուրքիայի վարչապետ Էրդողանի Սրեբրենիցայում հնչեցրած հայտարարությանը՝ Aysor.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ պատգամավոր, ՀՀԿ խմբակցության անդամ Կարեն Ավագյանը: Նշենք, որ Բոսնիայի Սրեբրենիցա քաղաքում տեղի ունեցած իր ելույթում Թուրքիայի վարչապետը խոսել է 15 տարի առաջ զանգվածային ձևով սպանված բոսնիացի մահմեդականների մասին՝ նշելով, որ նման ոճիրները ծանր հարված են մարդկության արժանապատվությանը և սև բիծ ոչ միայն Բալկանների, այլև ողջ Եվրոպայի համար: Նա նշեց, որ ցավոք, Օսմանյան կայսրության կողմից իրականացված Ցեղասպանությունը մինչ այժմ Թուրքիան չի ընդունում և չի դատապարտում, այսինքն՝ վերջիններս շարունակում են իրենց մերժողական քաղաքականության առաջ տանելու գործելաոճը: «Էրդողանը առիթը բաց չի թողնում այլ երկրներում տեղի ունեցած զանգվածային սպանությունները, ոճրագործությունները դատապարտելու համար, «մոռանալով», թե իրենք դարասկզբին մարդկության նկատմամբ ինչպիսի մեծ ոճիր են գործել»,- ասաց խորհրդարանականը: Նրա խոսքերով, հայկական կողմն ամեն ինչ անելու է, որ հայերի նկատմամբ իրականացված ոճրագործությունը միջազգային հանրության, այդ թվում՝ Թուրքիայի կողմից լիարժեք ճանաչվի ու դատապարտվի: «Միջազգային հանրությունը պետք է համապատասխան գնահատական տա ու դատապարտի Թուրքիայի գործելաոճը: Եթե նման ոճիրները չդատապարտվեն, դրա մեղավորները պատասխանատվություն չկրեն, ապա հետագայում ևս նման ոճիրներ կգրանցվեն»,- ասաց Կ. Ավագյանը:

No comments: