Tuesday, July 13, 2010

Օբամայի վարկանիշը ռեկորդային ցածր է. ամերիկացիներն սկսել են չվստահել նրան

Tert.am. 13-7-201- Ամերիկացիների 58 տոկոսը չի վստահում նախագահ Բարաք Օբամային։ Այս մասին է վկայում հարցումը, որն անցկացրել է The Washington Post թերթը ABC հեռարձակող ընկերության հետ համատեղ։ Ինչպես նշում է The Washington Post-ը, Օբամայի համար սա վստահության ռեկորդային ցածր մակարդակ է։ Reuters-ն իր հերթին նշում է, որ մեկուկես տարի առաջ նման հարցման արդյունքները հակառակ պատկերն էին արտացոլում. այն ժամանակ հարցվածների 60 տոկոսը հայտարարել էր, որ չի կասկածում նախագահի քաղաքական որոշումներին։ Ամենաշատ հարցերն առաջացնում է Օբամայի վարչակազմի տնտեսական քաղաքականությունը։ Ըստ հարցման արդյունքների՝ նախագահի տնտեսական քաղաքականությանն աջակցում է ամերիկացիների ընդամենը 43 տոկոսը։ Միևնույն ժամանակ հարցման արդյունքները ցույց են տալիս, որ նախագահն ավելի մեծ ժողովրդականություն է վայելում, քան օրենսդիրները։ Այսպես, դեմոկրատ կոնգրեսականներին չի վստահում հարցվածների 68 տոկոսը։ Հանրապետականների դեպքում այս ցուցանիշը կազմել է 72 տոկոս։ Հարցվածների 62 տոկոսը հայտարարել է, որ առաջիկա ընտրություններին չի քվեարկելու այն թեկնածուի օգտին, որին ընտրել է նախորդ անգամ։ Հիշեցնենք, որ 2010թ. ԱՄՆ-ում տեղի կունենան խորհրդարանական ընտրություններ։ Քաղաքացիները պետք է ընտրեն ամբողջ Ներկայացուցիչների պալատը, վերընտրության են ենթական նաև 100 սենատորներից 36-ը։ Միաժամանակ, 37 նահանգներում կանցկացվեն նահանգապետի ընտրություններ։

No comments: