Tuesday, August 31, 2010

Կարիք չկա կոմպլեքսներից ելնելով կրկնել, որ ռուսական բանակը մեզ կպաշտպանի Ադրբեջանից. քաղաքագետ

«Tert.am», 31.08.10թ: Քաղաքագետ Երվանդ Բոզոյանը, այսօր անդրադառնալով Հայաստանում ռուսական ռազմաբազայի գործունեության ժամկետի երկարաձգման պայմանագրին, նշեց, որ այն ընդհանուր առմամբ դրական է գնահատում, սակայն, ըստ նրա, չարժե, որ հայկական կողմն անընդհատ թմբկահարի, թե Ռուսաստանն է մեզ պաշտպանում։
«Թերարժեքության կոմպլեքս է մեզ մոտ։ Անընդհատ նշում ենք, որ Ռուսաստանը կպաշտպանի Հայաստանի սահմանները, բայց պետք է հաշվի առնենք, որ հայկական բանակն ավելի ուժեղ է, քան ադրբեջանականը»,- ընդգծեց քաղաքագետը։
Ըստ նրա՝ կարիք չկա կոմպլեքսներից ելնելով անընդհատ կրկնել, որ ռուսական բանակը մեզ կպաշտպանի Ադրբեջանից։ Այդ կոմպլեքսները, ըստ նրա, բացասաբար են անդրադառնում Հայաստանի վարկի վրա. օրինակ՝ Ադրբեջանը երբեք չի ասում, որ Թուրքիան է իրեն պաշտպանելու։ Քաղաքագետի խոսքով՝ այս ուղղությամբ անելիք կա, որպեսզի նախևառաջ երկրում բարոյահոգեբանական մթնոլորտը փոխվի։
Քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը նույնպես համամիտ է հնչած տեսակետին՝ ընդգծելով, որ Հայաստանն առաջին հերթին պետք է հույսը դնի իր բանակի վրա։ Իսկ թե ինչ դիրք կգրավի ռուսական կողմը, դա, ըստ քաղաքագետի, երկրորդական հարց է։

No comments: