Saturday, September 18, 2010

Դ. Բաբայան. Ադրբեջանն իր արտաքին քաղաքականությունը էքսպանսիոնիստական գաղափարների հիման վրա կառուցում

Panorama.am. 17-9-2010- «Ալիևը նման հայտարարություններով հատկապես ոգևորվում է, երբ արտասահմանյան ուղևորություններ է իրականացնում, դա հատկապես վերաբերվում է նրա՝ Թուրքիա կատարած այցերին»,- անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություներին՝ Panorama.am-ի հետ զրույցում նշեց ԼՂՀ նախագահի աշխատակազմի Հասարակայնության հետ կապերի գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը:
Նշենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Թուրքիայում անցկացվող թուրքալեզու պետությունների գագաթաժողովի շրջանակներում հանդես գալով՝ նշել է, թե Ադրբեջանում ազգային փոքրամասնությունների իրավունքները ամբողջութամբ պաշտպանվում են՝ ընդգծելով, որ այն ժամանակ, երբ հայերն ապրել են այնտեղ, այդ ժամանակ էլ են նրանք պաշտպանված եղել:
«Ինչպես հայտնի է այս վերջին հայտարարությունները Ադրբեջանը կատարել է Թուրքիայում՝ թուրքալեզու պետությունների գագաթաժողովի շրջանակներում հնչեցրած ելույթում, ինչը մեկ անգամ ևս ցույց է տալիս պանթուրքիզմի գաղափարախոսության արմատավորումը Ադրբեջանում: Այստեղ հետաքրքիրն այն է, որ խոսելով Ադրբեջանի և ընդհանրապես ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության մասին ադրբեջանցիները մշտապես նշում են, թե Ղարաբաղը, Զանգեզուրը, Երևան քաղաքը, Սևանա լիճը, Իրանի հյուսիսային նահանգները, Դաղստանի որոշ շրջաններն իրենց պատմական հայրենիքն են: Փաստորեն Ադրբեջանն իր արտաքին քաղաքականությունը կառուցում է նման էքսպանսիոնիստական գաղափարների հիման վրա:
Ինչ վերաբերվում է ազգային փոքրամասնություններին, ապա այստեղ հարկ է նշել, որ արժեր Ալիևին հիշեցնել այն բազմաթիվ հայտարարությունները, որոնք արել են Ադրբեջանի տարածքում ապրող Թալիշական համայնքի ներկայացուցիչները, լեզգիները, ավարները»,- ասաց ԼՂՀ պաշտոնյան:
Նրա խոսքերով, Ադրբեջանի ներկայիս տարածքում ապրող ժողովուրդները, բազմիցս դիմել են միջազգային հանրությանը, ՌԴ և Իրանի նախագահներին՝ խնդրելով միջամտել, որպեսզի Ադրբեջանում գոնե իրենց տարրական, մարդկային իրավունքները պաշտպանվեն:
«Եվ այս ամենը, փաստորեն որևէ արձագանք չի գտել միջազգային հանրության կողմից, և այդ պատճառով էլ Ալիևը իր հայտարարություններում նման խոսքեր է հիշատակում: Երևի նրանք մոռացել են, որ այս վերջին 70 տարիների ընթացքում Ադրբեջանում անհետացել են մի քանի ժողովուրդներ, օրինակ՝ թաթերը, որոնց թվաքանակը երևի այս պահին գերազանցում է 2 միլիոնը, սակայն նրանց բռնի ադրբեջանցի են դարձրել՝ անձնագրերում գրանցելով որպես ադրբեջանցի: Քրդերը ևս անհետացել են, իսկ մի շարք ժողովուրդներ էլ անհետացման շեմին են: Եվ այս ամենն իրականացվում է, այսպես կոչված, «ինտեռնացիոնալիստական-եղբայրական» գաղափաների հիման վրա»,- ասաց պարոն Բաբայանը:
Նրա խոսքերով, եթե Ալիևը նման հայտարարություններ է անում ներկայիս պայմաններում, ապա ինպիսին կլիներ նրա մոտեցումը Ղարաբաղի նկատմամբ, եթե Արցախի անվտանգության որոշ բաղադրամասեր թուլանան:
«Արցախը Խորհրդային միության ժամանակաշրջանում շատ բան է տեսել, մեծ փորձ է կուտակել, պատերազմ է տեսել, հետևաբար Ալիևի հայտարարությունները պետք է սթափեցնող լինեն այն անհատների համար, ովքեր գտնում են, թե Ադրբեջանի հետ հնարավոր է ինչ-որ ձևով,առանց պահպանելու ուժային, ռազմաքաղաքական հավասարակշռությունը, նոր հարաբերություններ զարգացնել: Դա ուղղակի հնարավոր չէ»,- ասաց Դ. Բաբայանը:

No comments: