Friday, September 24, 2010

Ստամբուլի հայկական կրթօջախների վիճակը օրհասական է

Tert.am. 24-9-2010- Պոլսո հայ համայնքը կանգնած է սեփական լեզուն մոռանալու խնդրի առջև:
Ստամբուլի հայակական կրթօջախներում գրեթե բացակայում են հայոց լեզվի ուսուցիչները, ինչի հետևանքով հայ մանուկներն աստիճանաբար մոռանում են իրենց մայրենին, իսկ Թուրքիայի համալսարաններում առայժմ չեն գործում հայագիտության ամբիոններ: Այս մասին Bianet լրատվական կայքին տված հարցազրույցում ասել է Եշիլքյոյի դպրոցի ուսմասվար, Ստամբուլի հայկական հիմնադրամների կողմից ստեղծված Կրթական հանձնաժողովի համակարգող Գարո Պայլանը:
«Թուրքիայում արևմտահայերենին ակադեմիական մակարդակով տիրապետող մարդկանց թիվը շատ քիչ է` 5-10 մարդ: Արդեն ընտանիքներում շատ քիչ են հայերեն խոսում: Իսկ մենք երեխաներին փորձում ենք սովորեցնել հայերեն, որը նրանք կարող են օգտագործել միայն առօրյա կյանքում: Մեր ձեռքում մնացել են միայն հին գրքեր: Ցավալի է, որ չենք կարողացել շատ ներդրումներ ունենալ լեզվի ոլորտում: Այդ հարցում թերացել ենք 30 տարի շարունակ», - ասել է Պայլանը` ավելացնելով.
«Այս տարի Էրջիյեսի համալսարանում բացվեց հայոց լեզվի և գրականության բաժին, սակայն մինչև հիմա ընթանում են նախապատրաստական աշխատանքներ, նույնիսկ դասախոսներ չկան այդ բաժնում: Առայժմ քննարկվում է հարցը՝ դասընթացներն արևմտահայերենո՞վ, թե՞ արևելահայերենով պետք է կազմակերպել»:
Ի պատասխան այն հարցին, թե որո՞նք են հայկական կրթօջախների առաջնահերթությունները, Գարո Պայլանն ասել է. «Մասամբ հաղթահարվել են անվտանգության և դպրոցների գոյության հետ կապված խնդիրները, որոնք առաջ էին եկել Հրանտ Դինքի սպանությունից հետո: Խմբագրապետի սպանությունից հետո հայկական կրթօջախներն սպառնալիքներ էին ստանում: Կային մարդիկ, ովքեր խուսափում էին իրենց երեխաներին ուղարկել հայկական դպրոցներ: Սակայն այդ խնդիրները մասամբ հաղթահարվել են: Այժմ մեր գլխավոր խնդիրը մրցունակությունն է: Անհրաժեշտ է կարողանալ ժամանակի պահանջներին համապատասխան կրթություն տալ»:
Անդրադառնալով հայկական դպրոցների ֆինանսավորման հարցին` Պայլանն ընդգծել է, որ թուրքական իշխանությունները մեկ լումա անգամ չեն տրամադրում կրթօջախներին:
«Ստամբուլում ունենք 16 դպրոց, որտեղ սովորում է 3 հազար աշակերտ: Իսկ Թուրքիայի կրթության նախարարությունն իր բյուջեից որևէ դրամական հատկացում չի տալիս մեր դպրոցներին: Մինչև 1974թ., ըստ Լոզանի պայմանագրի, թուրքական պետությունը յուրաքանչյուր աշակերտի համար, չնայած շատ քիչ, բայց տրամադրում էր միջոցներ: Լոզանի պայմանագրում նշված է, որ պետությունը պետք է աջակցի ազգային փոքրամասնությունների դպրոցներին: Սակայն 1974թ. հետո այդ աջակցությունն էլ վերացավ: Հարցը բարձրացրեցինք Թուրքիայի կրթության նախարար Նիմեթ Չաբուքչուի հետ հանդիպման ժամանակ: Հուսով են` մի բան կստացվի»,- հայտարարել է Պայլանը` ավելացնելով, որ դպրոցների ծախսերը բացառապես հոգում են պոլսահայերը, իսկ հայկական Սփյուռքը որևէ կերպ չի աջակցում Ստամբուլի հայկական կրթօջախներին:

No comments: