Saturday, October 9, 2010

Ալի Լարիջանին ժամանեց Հայաստան

Tert.am. 8-10-2010- Հոկտեմբերի 8-ին երկօրյա աշխատանքային այցով Հայաստան է ժամանել Իրանի Իսլամական Հանրապետության խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանիի գլխավորած պատվիրակությունը:
ՀՀ Ազգային ժողովում տեղի է ունեցել առանձնազրույց ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի և ԻԻՀ խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանիի միջև:
Փաստելով երկու երկրների միջև գոյություն ունեցող բարեկամական հարաբերությունները` կողմերը կարևորել են միջխորհրդարանական հարաբերությունների զարգացումը, ինչը կնպաստի երկկողմ կապերի ամրապնդմանը և փոխգործակցության խորացմանը բազմաթիվ ուղղություններով: Նշվել է, որ երկու երկրների ջերմ հարաբերությունների ձևավորմանը նպաստում է օրենսդիր մարմինների համագործակցությունը և այս համատեքստում կարևորվել բարեկամության պատգամավորական խմբերի գործունեությունը: Խորհրդարանների ղեկավարները նշել են, որ հայ-իրանական համագործակցությունը նպաստում է տարածաշրջանային խաղաղության և կայունության ամրապնդմանը, կարևորել են տնտեսական փոխգործակցութան ակտիվացումը և կոնկերտ ծրագրերի իրականացումը:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև տարածաշրջանային խնդիրներին: Առանձնազրույցից հետո հանդիպումը շարունակվել է ընդլայնված կազմով:
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ողջունելով հյուրերին` անդրադարձել է 2009 թվականի սեպտեմբերին ԻԻՀ կատարած պաշտոնական այցին և կարևորել այդ ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները: ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ փոխայցելությունները նպաստում են երկու երկրների ու ժողովուրդների միջև կապերի ամրապնդմանը, և Ալի Լարիջանիի այցով երկկողմ հարաբերություններն ավելի կակտիվանան:
Իրանի խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին կարևորել է ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի` Իրան կատարած այցը, նշելով, որ այն իր մեջ ներառում էր երկու երկրների հարաբերությունների ակտիվացման բանալին: Նա դրական է գնահատել այդ այցը, որը նպաստեց նաև տնտեսական հարաբերությունների ակտիվացմանը:
Հանդիպմանը կարևորվել է տնտեսական կապերի սերտացումը և այդ ոլորտում նախանշված ծրագրերի իրականացումը: Երկուստեք նշվել է, որ միջխորհրդարանական հարաբերությունները գտնվում են բավական բարձր մակարդակի վրա, ինչը լավ հնարավորություն է ստեղծում նպաստել նախատեսված ծրագրերի իրականացմանը: ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը կարևոր է համարել այն ծրագրերի իրագործումը, որոնք կնպաստեն տնտեսության աշխուժացմանը:
Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանի երկրների փոխհարաբերություններին և առկա խնդիրներին: Հովիկ Աբրահամյանը նշել է, որ Հայաստանը ցանկանում է խաղաղ ապրել հարևանների հետ, և խնդիրները պետք է լուծել բանակցությունների միջոցով: Ինչ վերաբերում է ԼՂ հակամարտությանը, ԱԺ նախագահն ասել է, որ այն պետք է կարգավորվի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, և շատ կարևոր է ԼՂՀ իշխանություններին ներգրավել բանակցություններում: Հովիկ Աբրահամյանը շնորհակալություն է հայտնել ԼՂ հարցում Իրանի իշխանությունների անկողմնակալ դիրքորոշման համար: Իրանի խորհրդարանի նախագահը նշել է, որ խնդիրը պետք է լուծվի երկուստեք ընդունելի տարբերակով: Անդրադարձ է եղել նաև հայ-թուրքական հարաբերություններին:
Ալի Լարիջանիի գնահատմամբ` Իրանի և Հայաստանի համագործակցությունը կարող է հաջողված կամուրջ լինել տարածաշրջանի զարգացման և առաջընթացի համար:
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ Իրանը բարեկամ երկիր է Հայաստանի համար, և ամեն ինչ կարվի, որ Իրանի հետ հարաբերություններն ավելի զարգանան:
Հանդիպման ավարտին Իրանի խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին գրառում է կատարել պատվավոր հյուրերի գրքում, այնուհետև երկու երկրների խորհրդարանների պատվիրակությունները համատեղ լուսանկարվել են:

No comments: