«ԱԶԳ», 14-10-2010 - ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության մամուլի ծառայության մեկնաբանությամբ` Ախուրյան գետի մոտ հայ-թուրքական սահմանը հատելու մասին թուրք քաղաքական գործիչների հայտարարությունը կասկածելի նպատակներ հետապնդող PR ակցիա է: «Թեեւ «Հզոր Թուրքիա» կուսակցության գործիչները խոսում են հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման համատեքստում իրենց բարի մտադրությունների մասին, սակայն ոտնահարում են իրենց երկրի օրենսդրությունը: Քրեական հանցագործություն կատարելով եւ պետական սահմանը խախտելով բարի մտադրություններ իրականացնել հնարավոր չէ», մեկնաբանել է սահմանապահ վարչության մամուլի ծառայությունը` միաժամանակ փոխանցելով վարչության գնահատականը, թե թուրք քաղաքական գործիչների եւ որոշ լրատվամիջոցների հայտարարություններում հասկացությունների խեղաթյուրում է առկա: Սահմանապահ ծառայությունը սահմանի նշված տեղանքում հետազոտություն է իրականացրել, որի արդյունքները ցույց են տալիս, որ թուրքական լրատվամիջոցների ֆոտոսեսիան արվել է սահմանի թուրքական կողմում, Անիի ավերակների շրջանում: ՌԴ սահմանապահ ծառայությունը News.am-ին է փոխանցել լուսանկարներ, որոնք ապացուցում են, որ «Հզոր Թուրքիա» կուսակցության անդամների հայտարարությունը` հայ-թուրքական սահմանը հատելու վերաբերյալ, իրականությանը չի համապատասխանում: Լուսանկարներում հստակ երեւում է, որ մետաղե ցանցը գտնվում է գետի թուրքական կողմում (այստեղ պետական սահմանը հենց գետն է): Եվ նույնիսկ սահմանի այդ հատվածի լուսանկարներում երեւում են Անիի ավերակները, որոնք մետաղական ցանցի հետին պլանում են, իսկ ցանցն ամբողջությամբ թուրքական կողմում է: Թուրքական ԶԼՄ-ների տարածած լուսանկարների վերաբերյալ, որտեղ իբր թուրք կուսակցականներն անցել են գետը, ռուս սահմանապահները մեկնաբանել են, որ գետի այդ հատվածում խորությունը 1,5 մետրից ավելի է, ինչն ապացուցում է, որ ոչ ոք գետը լողալով չի անցել, այն էլ կոստյումներով. լուսանկարները թուրքական կողմում են արված:
Այս ամենը հետաքրքրական է դառնում այն պատճառով, որ մինչեւ այժմ չի հնչել որեւէ արձագանք Հայաստանի պաշտպանության նախարարությունից: Հիշեցնենք, որ թուրք կուսակցական գործիչների հայտարարությունն ու լուսանկարներն առաջին անգամ թուրքական ԶԼՄ-ներում հայտնվել են հոկտեմբերի 10-ին:
Այս ամենը հետաքրքրական է դառնում այն պատճառով, որ մինչեւ այժմ չի հնչել որեւէ արձագանք Հայաստանի պաշտպանության նախարարությունից: Հիշեցնենք, որ թուրք կուսակցական գործիչների հայտարարությունն ու լուսանկարներն առաջին անգամ թուրքական ԶԼՄ-ներում հայտնվել են հոկտեմբերի 10-ին:
No comments:
Post a Comment