Thursday, November 25, 2010

ԼԵՎՈՆ ԱՀԱՐՈՆՅԱՆԻ ԳԻՐՔԸ ԵՎ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Բ.Մաս

ԻՐԱՆԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐՆ ՈՒ ԴՐԱՆՑ ՇՈՒՐՋԸ ՍՏԵՂԾՎԱԾ ԽՆԴԻՐՆԵՐԸ
Հեղափոխության հաղթանակից հետո Իրանի ԻՀ կրթադաստիարակչության նախարարությունը տարբեր շրջաբերականներով արգելում կամ սահմանափակում էր հայոց դպրոցներում հայոց լեզվի եւ կրոնի հայերեն լեզվով դասավանդումը:
Այդ ուղղությամբ Ահարոնյանը, որպես ժամանակի թեմական խորհրդի նախագահ, իր հուշերում գրում է «1981 թ. հոկ. 12-ին (ճիշտըՙ 1981թ. նոյ.11-ին) կրթադաստիարակչության նախարարությունը հրատարակեց հայերի համար անընդունելի 20 կետից բաղկացած մի շրջաբերական, որի գործադրումը հավասարազոր էր հայոց դպրոցների փակմանը» (էջ 475), «այս շրջաբերականը... մեծ իրարանցում ստեղծեց իրանահայ համայնքում... բոլոր աշակերտները դիմեցին դասադուլի... դասադուլը եւ ցույցերը տեւեցին երկու շաբաթ...» (էջ 497):
1981թ. նոյեմբերի 18-ին ներքին գործերի նախարարության կրոնական փոքրամասնությունների հիմնարկը թեմական խորհրդին եւ ԻԱՄՄ-ին (գուցե եւ այլոց) առանձին հրավիրել էին բացատրություն պահանջելու դասադուլի վերաբերյալ: Ահարոնյանը հուշերի էջ 482-ում գրում է. «ԻԱՄՄ-ի նախագահը պետական պատասխանատուին ասում էր, իբր թե աշակերտությունը ցանկանում է շարունակել դպրոցական աշխատանքները, սակայն դաշնակցականները խոչընդոտում են», եւ ավելացնում է. «Շատ զայրացա եւ պատասխանատուին ասացիՙ ավելի լավ էր ձեր ցանկացած տեղեկությունները ստանայիք ինձանից, ոչ թե նման անցանկալի անձնավորություններից»:
Իրոք, ԻԱՄՄ-ի նախագահ լուսահոգի Գալուստ Խանենցը դոկտ. Անդրանիկ Սիմոնյանի ընկերակցությամբ, նույն հարցադրմանը պատասխանելու համար նույն օրը գտնվում էր ներքին գործոց նախարարությունում: Ըստ դոկտ. Սիմոնյանի, 45 րոպե տեւողությամբ հանդիպումից հետո, պատկան աշխատասենյակից դուրս գալու պահին շարունակելով զրույցըՙ լուսահոգի Գալուստ Խանենցը բողոքով եւ բարձրաձայն ասում էր. «Հայոց դպրոցները հո դաշնակցականներինը չեն, որ նրանց հետ հակադրվելով փակում եք». սպասասրահում բացված դռան առջեւում գտնվող թեմական խորհրդի երեք ներկայացուցիչները լսում են այդ խոսքերը:
«Աշակերտությունը ցանկանում է շարունակել դպրոցական աշխատանքները, սակայն դաշնակցականները խոչընդոտում են» արտահայտությունը ճիշտ է, սակայն չի արվել լուսահոգի Գալուստ Խանենցի միջոցով: Բայց եթե երբեւիցե ընդունենք, որ այդպես է ասել Խանենցը, դա սխալ արտահայտություն կամ զրպարտանք չի եղել: Եղել է լոկ իրականություն, որը հաստատում է նաեւ Ահարոնյանը հուշերի 497 էջում, որտեղ գրում է. «ներքին գործոց նախարարությունը պահանջում էր վերջ դնել դասադուլին... 25 նոյեմբերի 1981թ. «Ալիք» օրաթերթում տպագրված էր մի հայտարարություն... որում հեղինակը անդրադառնալով «Սողոմոնյան դպրոցում» տեղի ունեցած համահավաքին... ավելացրել էր, որ Ահարոնյանը պահանջել է աշակերտներից վերջ դնելով դասադուլին եւ համահավաքներին, վերադառնալ իրենց դասարանները... ապա մի պատասխանատու հայտարարել է, թե հարգելով թեմական խորհրդի պահանջը, ավարտում ենք դասադուլը»: Այս հայտարարությունը զարմացնում է Ահարոնյանին, որը եւ գրում է. «Ինձ համար պարզ էր, որ սա կուսակցության ուղղակի որոշումն է... այս հայտարարությունը արվել է առանց թեմական խորհրդի եւ իմ տեղեկությամբ» (էջ 497):
Ամեն ինչ ասված է: Կուսակցությունն է կազմակերպում ցույց, համահավաք, դասադուլ եւ ցանկացած պահին վերջ դնում նրանց: Խլրտում են ստեղծում դպրոցներում, ապա գոչում. «Պայքար, պայքար մինչեւ հաղթանակ», որի հետեւանքով «Սահակյան դպրոցի 21 անմեղ աշակերտներ երկու ամիս հայտնվում են բանտում» (էջ 589):
Սակայն ամենեւին էլ պարտադիր չէր դիմել այսպիսի ծայրահեղ քայլերի ու գրգռիչ քարոզչության, վրդովեցնել աշակերտներին ու նրանց ծնողներին, նրանց կանգնեցնել կառավարության դեմ, շփոթ, սարսափ ու զայրույթ ստեղծել համայնքում, երբ առաջին իսկ պաշտոնական կապերը դրական արդյունք են տալիս, եւ երկրի ղեկավարները հաստատում են, որ շրջաբերականները սխալ են, եւ խոստանում են բեկանել դրանք:
Որպես փաստ մեջբերենք գրառումներ Ահարոնյանի հուշերից: Նա էջ 399-ում գրում է. «1981թ. հուլիսի 30-ին Դատական գերագույն ատյանի նախագահ դոկտ. Բեհեշթին, լսելով մեր մտահոգությունները եւ պահանջները դպրոցների վերաբերյալ, ասաց. «Կիրականացվեն ձեր ցանկությունները, բացի դպրոցների երկսեռ լինելուց»: Իսկ էջ 455-ում կարդում ենք. «Ես եւ Սրբազան հայրը տարբեր առիթներով երեք անգամ տեսակցություն ենք ունեցել դոկտ. Բեհեշթիի հետ եւ միայն մեկ անգամ ենք արժանացել նրա սառն ու չոր վերաբերմունքին... եւ այդ էլ այն պատճառով, որ պատվիրակության 5 անդամներից 2-ի բերանից օղու հոտ էր փչում»:
Իսկ գրքի 491-րդ էջում հեղինակը հաստատում է. «1981-ի նոյեմբերի 28-ին Դատական գերագույն ատյանի նախագահ Այաթոլլահ Արդաբիլիի գրասենյակից մեզ տեղեկացրին, որ դատախազության իրավաբանների խորհրդի քննարկումներից հետո առկախվում է 20 կետանոց շրջաբերականի գործադրումը...»: Անմիջապես գումարվեց թեմական խորհրդի նիստ... Ժողովում որոշվեց այս հաճելի լուրը ես հաղորդեմ աշակերտներին... որոնք դեռ շարունակում էին դասադուլը... ես նախ ողջունեցի աշակերտության կիրառած քայլը (դասադուլը)... եւ ապա հաղորդեցի այդ ուրախ լուրը»:
1981թ. նոյեմբերին Իրանահայ ազգային եւ մշակութային միությունը (ԻԱՄՄ) հանդես եկավ մի հայտարարությամբՙ «Ծրագիր, պահանջներ հայկական դպրոցների մասին» անվան տակ: ԻԱՄՄ-ն այս հայտարարությամբ պահանջել էր, որ վերացվեն հայոց դպրոցների համար ստեղծված սահմանափակումները, եւ շեշտել. «Կրթական աշխատանքը պետք է տեղի ունենա մշակված կենտրոնական ծրագրով եւ ոչ թե այս կամ այն խմբի հայեցողությամբ ու քմահաճույքով», եւ առաջարկել էր. «Հայերեն լեզվի ու գրականության, հայ ժողովրդի պատմության ու կրոնի ուսուցումը պետք է պարտադիր լինի բոլոր հայ աշակերտների համար, անկախ նրանց հաճախած դպրոցից ... հայ աշակերտությունը տեղաբաշխվի հայկական դպրոցներում ... բոլոր առարկաների դասավանդումը, հնարավորին չափով, կատարվի հայ ուսուցիչների կողմից, այդ ուղղության կառավարությունը պետք է հատուկ բյուջե նկատի առնի հայ ուսուցիչներ պատրաստելու համար... խորհրդարանի կրթա-դաստիարակչական հանձնախմբին կից պետք է ստեղծվեն փոքրամասնությունների բաժին կրթադաստիարակչական օրինագծերը նախապես քննարկելու եւ մշակելու համար... կրթա-դաստիարակչական նախարարության կից, որպես պետական գործադիր մարմին, պետք է ստեղծվի մշտական կոմիտեՙ բաղկացած փոքրամասնությունների ներկայացուցիչներից եւ... որի իրավասություններից պետք է լինեն փոքրամասնություններին հատուկ կրթական ծրագրի մշակումն ու գործադրումը, ուսուցչադաստիրակչական կազմի ընտրությունը, դասագրքերի բարեփոխումն ու վերամշակումը...»:
Այդ առաջարկների իրականացումը արմատական փոփոխություն ու նոր շունչ կմտցներ մեր դպրոցներում, այն այլեւս իրավունք չէր տա ինչ-որ շրջաբերականով խաթարել հայոց դպրոցը:
Այդ հայտարարությունը եւ առաջարկները հրատարակումից 28 տարի անց դեռ մնում են արդիական, միայն այդպես կարելի է ունենալ իր կոչմանը հարազատ հայոց դպրոց:
Ահարոնյանը այս հայտարարությունը ներկայացնելու եւ քննադատելու համար իր գրքում հատկացրել է 7 էջ (էջ 482-ից 489) եւ այն անվանել է անիմաստ, խաբուսիկ: Նա հեգնական վերաբերմունք է ցուցաբերել նրանում տեղ գտած առաջարկների ու պահանջների նկատմամբ, դրա նախաբանը համարել է լոզունգային, իսկ հինգերորդ կետում նշված «ներկայացուցիչ» բառը շփոթել է պատգամավոր բառի հետ, եւ ըստ այդմ էլ ներկայացրել իր վերլուծությունները: Նա այս հայտարարությունը համարել է հայավնաս, եւ հայտարարության հեղինակին անվանել այլմոլորակային, մեջբերելով տարբեր ասացվածքներ, օրինակ «դեպի գյուղ ճամփա չէին տալիս, գյուղապետին էր փնտրում»: Սա նշանակում է, որ ըստ Ահարոնյանի, ԻԱՄՄ-ն ավելորդ պահանջներ էր ներկայացնում կառավարությանը, իսկ քիչ անց հեղինակը մատնում է իր շրջապատի գլխավոր մտավախությունը, որը ոչ թե հայոց դպրոցներն էին, այլ «ազգային իշխանության», այսինքնՙ դաշնակցության տիրապետությունը այդ դպրոցներում (էջ 486 եւ 488):
«ԳՅՈՒՂ» մտնելու համար պետք է ունենալ ողնաշար: Պետք է լինել անկեղծ, սթափ, հաստատակամ ու ինքնավստահ, ունենալ երկրի օրվա քաղաքականությունը վերլուծելու կարողություն, եւ առանց կաշկանդումների ու հետին նպատակների գյուղ մտնել: Որպես համայնքի ներկայացուցիչՙ պետք է լավատեղյակ լինել նրան վերապահված իրավունքներին: Պետք է լինել լավածանոթ իր ներկայացրած խորհրդի ու համայնքի անցյալի գործունեությանը:
Ահարոնյանը «գյուղ մտնելու» իրավունքը վերապահում է իրեն եւ իր ղեկավարած թեմական խորհրդի անդամներին, բայց տեսնենք, թե ինչպիսի մարդիկ էին դրանք, հենց իր վկայությամբ:
Անփորձ թեմական խորհուրդը (էջ 388), որի անդամները Իրանի դատական գերագույն ատյանի նախագահի մոտ ներկայանում են «ԽՄԱԾ» վիճակում եւ խոստանում են անխոս մնալ բանակցության ընթացքում (էջ 455), կամՙ որի փոխնախագահը «Ալիք» օրաթերթի հետ ունեցած հարցազրույցում ոչ ճիշտ տեղեկություններ է փոխանցում ընթերցողին (էջ 1085), կամՙ հենց ինքըՙ խորհրդի անփորձ նախագահը (էջ 388), որին նեղն ընկած ժամանակ, հարցազրույցի պահին, փրկում են «Սիփան» միության անդամները (էջ 432), եւ որի համար հարցական է, թե ինչպե՞ս կարելի է գործակցել եւ համաձայնության հանգել պարսիկ հոգեւորականների հետ (էջ 404), որը «ներկայացուցիչը» պատգամավորի հետ շփոթելովՙ սխալ է ըմբռնում նախադասությունների իմաստը եւ հեգնանքով է խոսում ԻԱՄՄ-ի լուրջ հայտարարության մասին, չըմբռնելով «ԲԱՆԻ» էությունը, նրա հեղինակին անվանում է այլմոլորակային (էջ 485): Իսկ ի՞նչ ասել թեմական խորհրդի վերադաս եւ նրան նշանակող պատգամավորական ժողովի մասին, որը կազմված է «թերուս խանութպաններից ու արհեստավորներից... որոնք զուրկ են երկրի օրվա քաղաքականությունը ըմբռնելու կարողությունից (էջ 972), որոնց ընդհանուր մտավոր մակարդակը Արամ Ա. կաթողիկոսը գնահատում է «շատ ցածր» (էջ 1079): Եվ վերջապեսՙ այդ բոլորին իր բուռը հավաքած կուսակցությունը, որը հրապարակ չէր գալիս իր անվամբ...եւ որի անդամները լքեցին համայնքն ու երկիրը (Էջ 492)ՙ իրենց կյանքը փրկելու համար, տարիներ թաքնվեցին կառավարությունից (էջ 1000):
Հիշեցնենք նաեւ, որ ԻԱՄՄ-ի ներկայացրած առաջարկներից որոշները հետագային իրականացան, ինչպես հայոց լեզվի եւ կրոնի ուսուցիչների պետական կարգավիճակ ստանալը եւ փոքրամասնություններին կրթական, մշակութային հատուկ բյուջեի հատկացումը, որոնց մասին Ահարոնյանը եւ իր շրջապատի մարդիկ չէին էլ կարող մտածել, որովհետեւ նման բաները եւ, ընդհանրապես, այն ինչ դուրս էր նրանց իշխանության սահմաններից, համարվում էր կոմունիստական սպառնալիք (էջ 488):
 
ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐ
Ահարոնյանը այս գրքի առնվազն 150 էջը (շուրջ 10 տոկոսը) հատկացրել է հայոց դպրոցներին, սակայն այս բոլորի մեջ մի նախադասություն անգամ չկա դպրոցների կրթական մակարդակի, դասավանդվող հայագիտական առարկաների, դասագրքերի անմխիթար վիճակի, դպրոցներում տարվող մշակութային աշխատանքների մասին: Գոհացուցիչ չէ հայոց դպրոցների կրթական մակարդակը, վկանՙ ուրբաթօրյա դպրոցների գոյությունն է, որին միայն Թեհրանում մասնակցում են առնվազն հայոց դպրոց չհաճախող 250 հայ աշակերտ-աշակերտուհիներ: Աշակերտների սակավության պատճառով փակվեց տասնամյակների անցյալ ունեցող «Քուշեշ Դավթյան» հայոց դպրոցը, այն դեպքում, երբ դպրոցի հարեւանությունում գտնվող մի ոչ հայկական դպրոցի աշակերտության 100-ից ավելին հայեր են: Հայոց դպրոցի շրջանավարտը չի կարողանում անսխալ գրել մի դիմումնագիր կամ նամակ:
Մինչեւ 20 տարի առաջ Հայաստանից ձրիաբար ստացված գրականությամբ, սփյուռքի շատ դպրոցներում ստեղծվել են հարուստ գրադարաններ, սակայն իրանահայ աշակերտը զրկված է այդ բարիքիցՙ «սխալ» ուղղագրության պատճառաբանությամբ: Հայ երիտասարդին առիթ չէր տրվում պարծենալ իր հայրենիքի ձեռքբերումներով ու ճանաչել գիտության, արվեստի, սպորտի հայ ռահվիրաներին: Այդ էլ այն ժամանակ, երբ Ֆրանսիացի գրող Ժան Փիեր Ալեմը վերը հիշատակված գրքի էջ 143-ում գրում է, թե Հայաստանը «իր ակադեմիայով, համալսարանով եւ հաստատություններով հայ ժողովրդի միջին մշակույթը բարձրացրեց եւ հասցրեց այնպիսի մի մակարդակի, որին իր պատմության մեջ չէր հասել»:
Նոր ուղղագրության մասին Դաշնակցության ժամանակի պարագլուխներից պրն. Թաթուլ Օհանյանը 2008 թ. լույս տեսած իր «Խոհեր եւ մտածումներ» գրքի էջ 227-ում վկայում է. «Ուղղագրութեան երկփղկւածութեան ամենամեծ տուժողը եւ վնասւողը իրանահայութիւնն է», եւ էջ 234-ում հաստատում է, որ դա եղել է հակահայաստանյան ակտ: Նա գրում է. «Նոր ուղղագրութեան մերժումը իրանահայութեան կողմից ոչ միայն նրա ճիշտ ու սխալի խնդիրն է եղել, այլ նաեւ քաղաքական կողմը, որովհետեւ նման ուղղագրական բարեփոխումը կատարւեց սովետական իշխանութեան կողմից, քաղաքական նպատակների համար»: Թաթուլ Օհանյանը թող այն ժամանակ, երբ պարբերաբար անդամակցում էր Անթիլիասում գումարվող Ազգային ընդհանուր ժողովին, եւ Իրան-Հնդկաստան հայոց թեմի հասարակական, քաղաքական, տնտեսական, կրթական զարկերակները տասնյակ տարիներ գտնվում էին իր ձեռքում, ներկայացներ ու հաստատեր այս տեսակետը, որպեսզի չտուժեր եւ չվնասվեր իրանահայությունը, ոչ թե հիմա, երբ դուրս է մնացել ազգային եւ կուսակցական վերնախավի շարքերից: Կարող է նա կուսակցական նեղ կաղապարներից ու կաշկանդուներից ձերբազատվելուց հետո է առիթ ունեցել վերանայելու իր ղեկավարած ժամանակաշրջանում կուսակցության ունեցած տեսակետները: Եկեղեցու մասին եւս նա արեց իր կուսակիցների համոզմունքին հակառակ մի հայտարարություն, «Ալիք» օրաթերթում տպագրած մի գրությամբ նա քննադատեց բոլոր նրանց, որոնք «Ամենայն Հայոց» կոչումը անհարգի կցում են «Մեծի տանն Կիլիկիո» գահակալի անվանը: Սակայն այս ամենով հանդերձ ողջունելի է «տեսակետների» նման դրական փոփոխությունը, համարձակություն է ... եւ պետք հրապարակավ հայտարարել, որ սխալ են եղել տասնամյակների քո հետեւած ու պաշտպանած տեսակետները, որոնք եղել են քո գաղափարական հակառակորդների հիմնական ուղեգիծը:
Հենց միայն թեմերի անջատման, ուղղագրության եւ, ինչո՞ւ չէ, նաեւ իրանահայ դպրոցների պարագան բավական են համոզվելու, որ Դաշնակցության համար կուսակցական շահերը միշտ էլ վեր են եղել ազգի ընդհանրական շահերից:
Սակայն այս բոլորից տեղյակ Ահարոնյանը ինչո՞ւ է զայրանում այլոց վրա: Նա չգիտե՞ր, որ այդ օրերին ժողովրդի համակրանքը չվայելող ազգային իշխանավորների ու նրանց պաշտպանող կուսակցության դիմաց, հանձինս այսպես անվանված «ձախերի», «կոմունիստների» ու ԻԱՄՄ-իՙ կա մի ուժ, որը իր առողջ մտայնությամբ ու գործելակերպով խափանում է նրանց միահեծան իշխանությունը: Ի՞նչ է թաքնված Ահարոնյանի կողմից Խանենցին վերագրված արտահայտության խորքում, արդյոք Խանենցը զրպարտո՞ւմ էր, գոր՞ծ էր հարուցում, լրտեսո՞ւմ էր: Ոչ, դրա կարիքը չկար, Իրանի պատկան մարմինները շատ լավ տիրապետել են բոլոր անցուդարձերին, հենց միայն ուշադիր ընթերցելով ու վերլուծելով այնօրյա «Ալիք»-ի հաղորդած լուրերն ու հոդվածները:
Այս կապակցությամբ Ահարոնյանը վկայում է, որ «Ամենայն հայոց երջանկահիշատակ Գարեգին Ա կաթողիկոսին զարմացրել էին իր հետ բանակցող իրանական կողմի խոր ու լայնածավալ տեղեկությունները Հայաստան աշխարհի, Հայաստանյայց առաքելական եկեղեցու, երկու կաթողիկոսությունների, հայկական սփյուռքի, կուսակցությունների ու իրանահայության մասին» (էջ 1275 եւ 1282): Հայկական բոլոր խնդիրների վերաբերյալ պարսկերեն լեզվով գոյություն ունի անսահման գրականություն: Հարյուրավոր գրքերում կարելի է հանդիպել հայության ու Հայաստանի մասին ամենատարբեր հոդվածների: Հաշեմի Ռաֆսանջանին 1984 թ. հունիսի 16-ին Թեհրանի ուրբաթօրյա աղոթքի ընթացքում, որը ուղիղ եթերով ձայնսփռվում էր ամբողջ Իրանի տարածքում, բողոքով ու սրտնեղանքով է անդրադարձել իրանահայության հասարակական խնդիրներին: Նրա գրչին պատկանող «Ամիրքաբիրըՙ կամ գաղութատիրության դեմ պայքարի հերոսը» գրքում, որը հրատարակվել է 1967-թվին, առկա են նրա տեսակետները քրիստոնյա եկեղեցիների մասին: Մամուլը եւս հագեցված է հայության մասին ամենաթարմ լուրերով ու շրջահայաց վերլուծական հոդվածներով: Պարզապես Դաշնակցության գերխնդիրը նոր վարչակարգում իր մենատիրությունը պահպանելն էր, ահա թե ինչու նա ամեն տեղ տեսնում էր միայն ախոյաններ, թշնամիներ, լրտեսներ, որոնցից հարկավոր էր ձերբազատվել ամեն գնով, այդ թվում նաեւ խեղաթյուրելով, իսկ լավագույն դեպքում նաեւՙ լռության պարիսպ քաշելով համայնքի կյանքում այլոց դրական ներկայության շուրջ: Հենց այս հոգով էլ գրի են առնվել Ահարոնյանի հուշերը:

ԴՈԿՏ. ՀՐԱՉ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ
1980թ. սեպ. 2-ին Իրանի Ի. խորհրդարանում հարավային իրանահայության պատգամավոր դոկտ. Հրաչ Խաչատրյանը , ելույթ ունենալով խորհրդարանի պաշտոնական նիստում, արծարծելով մի շարք հրատապ խնդիրներ, պահանջեց նաեւ սանձել այն պատասխանատուներին, որոնց արտահայտությունները փոքրամասնությունների մեջ առաջացնում են մտահոգություն եւ առիթ հանդիսանում բազում ասեկոսների նրանց դպրոցների փակման շուրջը: Նա իր ելույթում անդրադարձավ նաեւ հայոց դեմ իրագործված ցեղասպանության եւ Հայ առաքելական եկեղեցու իրավունքներին:
1981թ. Ապրիլի 23-ին դոկտ. Խաչատրյանը, խորհրդարանի պաշտոնական նիստում կատարեց աննախընթաց մի քայլ: Նա իր ելույթը ամբողջությամբ նվիրեց մեր ժողովրդի դեմ իրականացված ցեղասպանության փաստին եւ համարձակորեն բարձրացրեց հայ ժողովրդի իրավացի պահանջատիրության ձայնը:
Դոկտ. Խաչատրյանի ելույթը ամբողջությամբ կամ մասամբ տպագրվել է այնօրյա իրանական մամուլում եւ դարձել Իրանի ժողովուրդների ուշադրության առարկա: Սակայն այս խիզախ ելույթին չանդրադարձան ոչ «Ալիք» օրաթերթը, ոչ էլ դաշնակցական այլ լրատվամիջոցները:
Սույն ելույթների մասին ոչ մի ակնարկ չկա նաեւ Ահարոնյանի հուշերում, փոխարենը էջ 618-ում նա գրում է. «Իրանի պատմության ընթացքում Հրայր Խալաթյանը առաջին հայ պատգամավորն էր, որ 1983 թ.հունիս 6-ին ելույթ ունեցավ Իրանի խորհրդարանում»:
Հուշագրողը իրավունք ունի, իհարկե, գրելու միայն իր համար թանկ ու նվիրական բաների մասին, բայց այս տեսանկյունից մի քիչ այլ է անաչառ պատմաբանի պարագան, որին եւ հավակնում է Ահարոնյանը:

ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԻՐԱՆԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ
Իրանահայ հասարակական-քաղաքական կյանքում ընտրությունները միշտ էլ եղել են տարբեր խմբավորումների միջեւ քարոզչության եւ պայքարի մրցադաշտ: Պրն Լ. Գ. Մինասյանը իր «Նոր-Ջուղան աւելի քան մէկ եւ քառորդ դարում 1856-1996» գրքի էջ 37-ում գրում է.«...1922 թւի ընտրապայքարը, այդ օրերին, երբ հարաւային իրանահայութեան համար նոր պատգամաւորի ընտրութիւն պետք է կատարւէր, ներկայացւած էր երկու թեկնածու, մէկը դաշնակցականների կողմիցՙ Արամ Մովէլը, իսկ միւսը հակառակորդների կողմիցՙ Յովսէփ Միրզայեանը:... Ահա այս պայքարների նախօրեակին եւ ընթացքում, սպանւում են Սրբ. Ամենափրկիչ վանքի երկու միաբան հոգեւորականներըՙ Խորեն եւ Եզնիկ Վարդապետները»: Եվ շարունակելով էջ 40-ում գրում է. «Այդ օրերում խիստ պայքար է ստեղծւում նաեւ դպրոցների հոգաբարձութեան ընտրութեան ժամանակ, նպատակ ունենալով դպրոցների ղեկավարութիւնը մէկը միիւսի ձեռքից խլելու...»:
Այժմ տեսնենք, թե ինչպես են տեղի ունենում ընտրությունները մեր օրերում: Ահարոնյանը բազմիցս անդրադարձել է այս խնդրին եւ, իհարկե, միայն այն դեպքերում, երբ ինքն է անմիջական տուժողը:
Հուշերի էջ 800-802-ում հեղինակը այսպես է նկարագրում 1983թ. կայացած Իրանի Ի. խորհրդարանի ընտրությունների ընթացքը, «....Սողոմոնյան դպրոցի տեսուչ Պ. Նորայր Էլսայանը Դաշնակցության կողմից առաջադրվել էր թեկնածու, իսկ ձախակողմյանները ներկայացրել էին դոկտ. Վիգեն Զարգարյանին... ընտրապայքարը սկսելուց հետո... երեք օր ընտրություններից առաջ... ընտրությունների դիտորդ պահապան խորհուրդը չհաստատեց Էլսայանի թեկնածության իրավասությունը:... երեւի Դաշնակցություն կուսակցությունը նախատեսել էր նման բան, եւ ներկայացրել էր նաեւ այլ թեկնածու, որն էր ոչ հանրաճանաչ ճարտ. Վարդան Վարդանյանը: ...Ուստի փոխվեց կուսակցության թեկնածուն: ...Որոշված էր մենք բոլորս ամեն կերպ հովանավորենք նրան, որպեսզի նա ընտրվի հյուսիսային իրանահայության պատգամավոր, ես անձամբ «Չարմհալ» միությունում բանախոսեցի նրա օգտին: Թեմական խորհուրդը չէր ցանկանում ձախ հոսանքի ներկայացուցիչը ընտրվի պատգամավոր... կարճ ժամանակում ստեղծվեց հզոր ճակատ եւ բոլորի ջանքերով կարողացանք ճարտ. Վարդան Վարդանյանին ուղարկել խորհրդարան»:
Նույն նստաշրջանին հարավային իրանահայության պատգամավորի պաշտոնը զբաղեցնելու համար ժողովրդական ճակատը կրկին ներկայացրել էր Ի. Ի. խորհրդարանի առաջին նստաշրջանի պատգամավոր դոկտ. Հրաչ Խաչատրյանին, իսկ դաշնակցականները ներկայացրել էին պրն. Արտավազդ Բաղումյանին: Այս ընտրապայքարը ահռելի կեղծիքների շնորհիվ ավարտվեց ի շահ Դաշնակցության: Սակայն ժողովրդական ճակատի բուռն բողոքից հետո բացահայտվեցին կեղծիքները եւ բեկանվեց այն: Այս կեղծված ու բեկանված ընտրությունների մասին, չգիտես ինչու, լռել է Ահարոնյանը:
Այս թափուր տեղի համար նոր ընտրություններ տեղի ունեցան վեց ամիս անց, որում տեղի ունեցած դեպքերի մասին էլ էջ 802-ում Ահարոնյանը գրում է. «Դաշնակցություն կուսակցությունը Սպահանում բավարար թվով կողմնակիցներ չուներ, եւ եթե կուսակցության Թեհրանի կազմակերպությունը ժամանակին չաշխատեր, Սպահանում Դաշնակցության թեկնածու Բաղումյանի ընտրվելը դժվար կլիներ, նախքան ընտրությունների կայանալը, Թեհրանի հայերը մի քանի ավտոբուսներով հանրահայտ կուսակցական Ժորժիկ Աղազարյանի ղեկավարությամբ գնացին Սպահան եւ Շահինշահր քաղաքները (իրենց ընտրատարածքից դուրս, հեռավորությունը 430 կիլոմետր) եւ քվեարկեցին Բաղումյանի օգտին, այսպիսովՙ նա ընտրվեց հարավային իրանահայության պատգամավոր»:
Այսպիսով Ահարոնյանը խոստովանում է, որ թեմական խորհուրդը դեմ էր որպեսզի ձախ հոսանքի ներկայացուցիչը ընտրվի պատգամավոր: Հարց է առաջանումՙ թ. խորհրդի կանոնադրության ո՞ր կետի համաձայն է կայացել այս հակաօրինական որոշումը, չէ՞ որ թ. խորհուրդը, որպես թեմի բարձրագույն գործադիր մարմին, իրավունք չունի որդեգրելու նման քաղաքականություն, պետք է լինի անկողմնակալ բոլորի նկատմամբ, եւ զբաղվի իրեն վերապահված պարտականությունների իրականացմամբ, ոչ թե վերածվի ինչ որ թեկնածուի ընտրական շտաբի: Ահարոնյանը նաեւ խոստովանում է. որոշված էր, որ մենք բոլորս ամեն կերպ հովանավորենք ճարտ. Վարդան Վարդանյանին, եւ հայտարարում է, թե ինքը «Չարմահալ» միությունում ելույթ է ունեցել նրա օգտին, դա, իհարկե, իր իրավունքն է, բայց նա իրավունք չուներ թեմ. խորհրդի նախագահի իր հանգամանքը, ինչպես նաեւ ազգային հարստությունն ու հնարավորությունները որեւէ կերպ ի սպաս դնել ցանկացած թեկնածուի:
Ստացվում է, որ ամբողջ գրքում Դաշնակցության ապօրինությունների դեմ բողոքող Ահարոնյանը ինքն էլ մասնակից եղել սույն ապօրինություններին, դրանով իսկ կորցնելով արդարության եւ ճշմարտության անունից խոսելու եւ մանավանդ նույն անարդարությունների դեմ անհավասար պայքար մղող «ձախերի»-ն դատելու ու դատապարտելու բարոյական իրավունքը:
2000 թ. հոկտ. 20-ին տեղի ունեցան Թեհրանի հայոց թեմի 12-րդ պատգամավորական ժողովի ընտրությունները: Այդ ընտրություններին մասնակցելու նպատակով Ահարոնյանը դրել էր իր թեկնածությունը:
Այդ մասին նա վկայում էՙ. «Թեհրանի առաջնորդարանում Արամ Ա կաթողիկոսի հետ հանդիպման ժամանակ վեհափառն ասաց, որ խոսել է կուսակցության պատասխանատուի հետ եւ առաջարկել է թույլ տալ մի քանի ինձ նման այլախոհների կամ մի քանի չեզոք անձանց անդամակցել պատգամավորական ժողովին» (էջ 1080): Եվ նա անդրադառնալով այս ընտրությունների արդյունքներինՙ գրում է, թե քվեարկության ավարտից հետո «...ընտրություն կայացնող հանձնախումբը, ներքին գործերի նախարարության ներկայացուցչի ներկայությամբ, մինչեւ կեսգիշեր հաշվում եւ գրառում էր ժողովրդի քվեները, իմ ընկերներից մեկը, որ նույն հանձնախմբի անդամ էր, մյուս օրը զանգահարեց ինձ եւ շնորհավորեց բարձր քվեներ շահելու համար... սակայն երեկոյան «Ալիք» օրաթերթը ստանալուց հետո, ես եւ ընկերս զարմանքով տեսանք, որ իմ անունը ընտրվածների ցանկում չկար» (էջ 1089): Դարձյալ առաջանում է հարցերի շարան, մի՞թե անհրաժեշտ է որեւէ կուսակցության թույլտվությունը ընտրվելու համար, հապա ո՞ւր մնացին ժողովրդի քվեները, ստացվում էՙ կուսակցությունը ինչպես ցանկանում, այնպես էլ բաշխում է դրանք եւ իր ցանկացած անձանց հանում քվեատուփերից: Մի՞թե նշանակովի է պատգամավորական ժողովի անդամակցությունը, եթե այո, ինչո՞ւ բանի տեղ չեն դրել վեհափառի առաջարկությունը եւ բարեխոսությունը Ահարոնյանին նշանակելու համար:
Ահարոնյանը հուշերում խոսում է նաեւ ընտրապայքարում իր քարոզարշավի աշխատանքները խոչընդոտելու մասին (էջ 1081), չեն թողել ինքը ընտրվի (էջ 1091): Ժամանակին նա այս ընտրությունների կապակցությամբ մի հոդվածով հանդես է եկել «Լույս» երկշաբաթաթերթի 15-րդ համարում, որտեղ կսկիծով քողազերծել է քվեարկության ընթացքում տեղի ունեցած անօրինություններն ու կեղծիքները: Նա գրում է. «Այս ընտրություններում կուսակցությունից վտարված որոշ անձինք միանալով ոչ կուսակցականներինՙ պատճառ դարձան, որ Նարմաք թաղում ոչ կուսակցականներ կազմեն ընտրվածների մեծամասնությունը: Այս խնդիրը այնքան էր զայրացրել կուսակցականներին, որ նրանք դիմեցին անմարդկային արարքի ... կեսգիշերին կուսակցության երեք անդամներ գնում են կուսակցությունից վտարված մի անձնավորության տան դռան, դուրս կանչում տնից, եւ դանակի հարվածներով վիրավորում են նրան (էջ 1091):
Այս եւ նման բացահայտումները ոչ մի նորություն չեն բացահայտում, դրանք հետաքրքիր են միայն որպես, այսպես կոչված, «ազգային իշխանությանը» մոտ կանգնած մարդու ուշացած խոստովանություններ:
Բայց տեսնենք, թե ի՞նչ կարծիքի է այս մասին ՀՅԴ. բյուրոյի անդամ պրն Վիգեն Բաղումյանը:
«Յոյս» երկշաբաթաթերթին տված հարցազրույցում, որը տպագրվել է նույն թերթի 29-րդ համարում (2 հուլ. 2008), պատասխանելով լրագրողի մի հարցինՙ Բաղումյանը ասում է. «...տեղի են ունենում ընտրութիւուններ: Մենք ոչ փող ենք տալիս մարդկանց, որ մեզ քւէարկեն, ոչ արգելում ենք ուրիշին, որ քարոզչութիւն տանի: Ամէն ինչ տեղումն է, եւ ամէն դէպքում, սիրեն թէ չսիրեն, մենք մեծամասնութիւն ենք լինում: Կարելի է որոշների կարծիքով անարդարօրէն, նրանց կարծիքով առանց արժանի լինելու»:
Դե, իհարկե, ոչ ոք իր թանին թթու չի ասի, բայց գոնե ինքը գիտի՞, որ իր թանը թթու է, թե այնքան է տարված իր «մեծամասնությամբ», որ կորցրել է համի զգացումը, բացի քաղցրության զգացումից:
Դատողությունը թողնում ենք ընթերցողին:
1982թ. փետրվարի 23-համահավաքում Ահարոնյանը այլախոհ միություններին, կազմակերպություններին եւ անձնավորություններին անվանում է անտեղյակ, նրանց հայտարարությունները խաբուսիկ եւ նրանց գործունեությունը հայավնաս, եւ նրանց խորհուրդ է տալիս, եթե ցանկանում են պայքարել, մասնակցեն ընտրություններին, եւ երբ ժողովուրդը քվեարկեց նրանց օգտին, անդամակցեն թեմական խորհրդին եւ պատգամավորական ժողովին (էջ 525): Ի՞նչ է, այդ ժամանակ նա չգիտե՞ր, թե ի՞նչ են այդ ընտրությունները, իսկ ի՞նչն էր խանգարում նրան տեսնել իրականությունը, գուցե նախագահի աթո՞ռը:

ԱՀԱԲԵԿՉԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ
1986թ. Նոր Ջուղայում անօրինական հրազեն կրելու մեղադրանքով ձերբակալվում է ոմն դաշնակցական: Հարցաքննության ընթացքում բացահայտվում են նրա գործուղման նպատակը եւ գործուղող անձն ու կազմակերպությունը, ձերբակալվում են պատկան կուսակցության պարագլուխները, որոնք էլ իրենց հերթին կատարում են խոստովանություններ: Հայտնաբերվում է կուսակցության զինանոցը եւ բռնագրավվում:
Ահարոնյանը հուշերի էջ 981-989-ում անդրադառնալով այս միջադեպին ու նրա հետեւանքներինՙ գրում է. «Այս միջադեպը իր բացասական դերը ունեցավ իրանահայության հանրային կյանքում... կտրուկ փոխվեց Իրանի իշխանավորների վերաբերմունքը իրանահայության նկատմամբ... մայիս 28-ին փակվեցին Թեհրանի առաջնորդարանի եւ Ս. Սարգիս եկեղեցու դռները... ոստիկանությունը արգելում էր ժողովրդի մուտքը այնտեղ... երկու ամիս փակված մնաց Արարատ մարզավանը եւ...»:
Սակայն ինչո՞ւ տեղի ունեցավ այս դեպքը: Ահարոնյանը բավարարվում է այս կարեւոր դեպքի մասին հաղորդել մի պարզ ամբոխային զրույց, իբր թե երիտասարդ դաշնակցականին հանձնարարել էին զինավարժությունից հետո օգտագործված զենքը վերադարձնի զինանոց... որը եւ ենթարկվում է վթարի եւ ձերբակալվում» (էջ 981): Չպարզելով, թե որ՞ն է այս հայտարարության լրատու աղբյուրը: Ինչո՞ւ էր կուտակվել այդքան մեծ քանակության զենք ու զինամթերք, որտե՞ղ, ո՞ւմ դեմ եւ ի՞նչ նպատակով պետք է օգտագործվեին դրանք:
Այս ձերբակալությունների մասին Իրանի ԻՀ տեղեկատվության եւ անվտանգության նախարարըՙ հօջաթօլիսլամ Ռեյշահրին 1986թ. օգոստոսի 26-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ, Դաշնակցություն կուսակցությանը դասելով Իրանի իշխանության հակադիր կազմակերպությունների եւ Լիբանանի Ֆալանժիստական կուսակցության շարքերին, նրան համարում է արեւմտամետ, փրոամերիկա, կապված նախկին վարչակարգին, որը չմասնակցեց իսլամական հանրապետության հանրաքվեին եւ վերջերս կապեր էր հաստատել Իրաքի հետ, եւ ավելացնում է. «Հեզբոլլահի տիրապետությունից հետո Դաշնակցությունը տակտիկորեն փոխեց իր դիրքերը եւ առերես իրեն իսլամական հանրապետության կողմնակից էր ձեւացնում, եւ հավակնում էր որ Իրանում չունի կազմակերպություն եւ չի ծավալում որեւէ աշխատանք... սակայն վերջերս այս կուսակցությունը Սպահանում ծանր հարված ստացավ, ձերբակալվեցին այդ կազմակերպության պարագլուխներից 11 հոգի, որոնցից 6-ըՙ ռազմական բաժանմունքի անդամներ...: Ձերբակալվածների մոտ հայտնաբերվեց 70 միավոր «G-3ե եւ կալաշինկով տեսակի հրազեններ,... 10,000 հատ տարբեր տեսակի փամփուշտներ ու... մեծ քանակությամբ ներկուսակցական փաստաթղթեր եւ այլն («Էթելաաթ» օրաթերթ, 27 օգոստոս 1986թ):
Ահարոնյանը գրքի էջ 838-ում գրում է . «Հայաստանը ձեռք էր բերել իր անկախությունը եւ ՀՅԴ-ն քաղաքական ասպարեզում գտել էր իր ուրույն եւ կարեւոր դերը նորանկախ Հայաստանի Հանրապետությունում: Իրանի հեղափոխական իշխանությունը եւս մի վստահելի կուսակցության կարիք ուներ, որ նրա միջոցով մոտ հարաբերություններ ստեղծեր Հայաստանի նորանկախ իշխանության հետ:
«Իրանի Ի. Հանրապետությունը երկար ուսումնասիրելուց հետո հասել էր այն եզրակացության, որ ՀՅԴ-ն հենց այն կուսակցությունն էր, որի միջոցով կարող էր հարաբերություններ ստեղծել այլ պետությունների հետ, եւ գտնել նոր բարեկամներ»: Իսկ էջ 1290-ում հեղինակը գրում է. «Անկասկած Իրանի իշխանությունը սկզբում Դաշնակցություն կուսակցությանը համարում էր ԱՄՆ-ի շահերի պաշտպան եւ նրա քաղաքականության իրականացնող: Փոխելու համար այս դիտանկյունը Դաշնակցության կուսակցության քաղաքական գրասենյակի անդամ Հրայր Մարուխյանը 1993 թ. ճամփորդեց Թեհրան եւ ամբողջ մեկ շաբաթ տեսակցեց Իրանի ազգային անվտանգության խորհրդի եւ արտգործնախարարության եւ այլ հիմնարկների ներկայացուցիչների հետ, որտեղ ստորագրվեցին երկկողմ համագործակցության շահավետ պայմանագրեր... Այս պայմանագրերի հիման վրա Իրանը իր նպատակներին հասնելու համար կարող էր օգտվել հայկական լոբբիներից աշխարհի տարբեր երկրներում...»:
 
ՄԱՀԱՓՈՐՁԵՐ ԵՎ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ
Իրանի հեղափոխության հաղթանակից հետո Նոր Ջուղայում տեղի ունեցան բազում արյունալի եւ աղետալի միջադեպեր, որոնց մեծ մասը արտացոլվեցին նաեւ մամուլի էջերում, սակայն դրանց, դիտավորյա՞լ, թե՞ ակամա, չի անդրադարձել Ահարոնյանը:
1980-թ. հոկտեմբերի 1-ին իր տան շեմքում անհայտ անձերի անստորագիր համազարկերի զոհ դարձավ երիտասարդ հասարակական գործիչ, երկու մանուկների հայր, Նոր Ջուղայի ժողովրդական ժամանակավոր կոմիտեի (ԺԺԿ-ի) անդամ, ճարտարագետ Հրաչ Համբարչյանը:
1982թ. դեկտեմբերի 29-ին Նոր Ջուղայում մահափորձ կատարվեց հանրահայտ մտավորական, Սպահանի համալսարանի հայագիտական ամբիոնի դասախոս եւ ԻԱՄՄ-ի Նոր Ջուղայի մասնաճյուղի վարչության նախագահ Ազատ Մաթյանի վրա, սակայն բարեբախտաբար ոճրագործը վրիպեց, գնդակը ծակեց միայն մեքենայի ապակին, եւ այդպիսով Ազատ Մաթյանին որեւէ վնաս չհասավ: Ի հեճուկս դավադիրներիՙ Ազատը ապրեց եւ տասնամյակներ շարունակ ստեղծագործեց ու ծառայեց հայ համայնքին, հայոց լեզվին ու գրականությանը:
Դարձյալ Նոր Ջուղայում 20 տեղից դաշունահարվեց ԺԺԿ-ին համակրող Սերոժ Հաթամյանը, որին արյունաքամ վիճակում փոխադրեցին հիվանդանոց, եւ հրաշքով փրկվեց մահից:
1986 թ. մայիսի 9-ին, ի հակազդեցություն ԻԱՄՄ-ի « Նոր Ջուղայի եւ Շահինշահրի Մեծ Եղեռնի 71-ամյակի հանձնախմբի» տարածած թռուցիկ հայտարարությանը, կես գիշերին հրի մատնվեց ԻԱՄՄ-ի Նոր Ջուղայի մասնաճյուղի կենտրոնատեղին:
1988 թ. Մայիսի 14-ին ԻԱՄՄ-ի Նոր Ջուղայի մասնաճյուղը հանդես եկավ մի հաղորդագրությամբ, որում բացահայտեցին ոճրագործներին:
ՀՐԱՉ ՄԻՐԶԱԽԱՆՅԱՆ, Թեհրան
«ԱԶԳ», 25-11-2010
Շարունակելի
Ա. Մասը կարդալ այստեղ. http://araxmag.blogspot.com/2010/11/blog-post_1203.html

No comments: